Մտքերը նյութականանալու հատկություն ունեն։ Պապս միշտ ասում էր. «Զգույշ եղիր, շատ արագ մարմին են ստանում վատ մտքերը, բայց լավի համար գործել է պետք»։ Հիմա ամանորին կասենք՝ երանի սա լիներ, սա եմ մաղթում, սա եմ ուզում։ Անհատական երազանքներ կլինեն ու ազգային իղձեր։ Ինչքանով մեր ազգային նպատակը հստակ պատկերացրած կուղարկենք, այնքան դրանք, իբրեւ հստակ մարմին ձեւված, հետ կուղարկվեն տիեզերքից։ Բայց դրա համար գործել է պետք, որպեսզի արդեն հաջորդ տարի ապացուցած լինենք, որ ցանկացած պարտություն նոր հաղթանակի սկիզբ կարող է լինել։ Ինչպե՞ս կերտել այդ հաղթանակը։
Տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Սարգսյանը եւ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, տնտեսագիտության թեկնածու Համազասպ Գալստյանը ունեն բանաձեւերը, մասնագետները թվերի հետաքրքիր աշխարհում են ու գիտեն այդ թվերը մարմնացնելու տարբերակները։
Դուրս գանք այս անելանելիության թմբիրից՝ գործելով
Նախորդ տարվա բավական խորը անկումից հետո Հայաստանի տնտեսությունը ներկայումս հետճգնաժամային վերականգնման փուլում է։ Դատելով միջազգային կառույցների գնահատականներից՝ Հայաստանի տնտեսական աճի ներուժը գնահատվում է բավական բարձր, չնայած հետպատերազմյա իրավիճակին եւ առկա աշխարհաքաղաքական բավական բարձր ռիսկերին։ «Սակայն, պետք է նշել, որ ինչպես եւ այլ երկրների, այնպես էլ Հայաստանի տնտեսությունը հետհամավարակային փուլում բնութագրվում է աննախադեպ բարձր գնաճի տեմպերով, եւ համաշխարհային տնտեսությունում առկա բարձր գնաճային միջավայրից փոխանցվող ազդակներն անմիջականորեն իրենց ազդեցությունն են գործում Հայաստանի տնտեսության վրա, որտեղ նոյեմբերի դրությամբ սպառողական շուկայի գնաճը կազմել է 9.6 տոկոս։ Բարձր գնաճը միանշանակ բացասաբար է անդրադառնում տնտեսության վերականգնման վրա։ Ներքին տնտեսությունը սպասվող նոր գնաճային ռիսկերից պաշտպանելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը հերթական անգամ խստացրեց դրամավարկային պայմանները՝ ս.թ. դեկտեմբերի 14-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով 0.5 տոկոսային կետով ՝ մինչեւ 7.75 տոկոս, ինչը միտված էր գնաճային սպասումների մեղմմանը եւ գների կայունության ապահովմանը: Գնաճային բարձր միջավայրը իր բացասական ազդեցությունն է գործել նաեւ տնտեսական աճի տեմպերի վրա՝ անմիջականորեն ազդելով համախառն պահանջարկի վրա։ Ըստ Հայաստանի կենտրոնական բանկի դեկտեմբերի կանխատեսման՝ ՀՆԱ-ի աճն այս տարի կկազմի 4,2 տոկոս (նախկինում կանխատեսվող 5,4 տոկոսի դիմաց), իսկ գնաճը տարեվերջին կկազմի 8,4 տոկոս: Ինչ վերաբերում է 2022 թ. սպասվող տնտեսական աճի ցուցանիշին, ապա այն սպասվում է, որ կարագանա մինչեւ 5,3 տոկոս։ Սա թեկուզեւ ներկա պայմաններում համեմատաբար բարձր աճ կարող է համարվել, սակայն մեր տնտեսությունը զարգացման նոր մակարդակի հասցնելու համար մեզ անհրաժեշտ է տնտեսական աճի «ճեղքում»։ Որպեսզի տնտեսությունը առաջանցիկ եւ կայուն զարգանա, տնտեսական աճի տեմպը պետք է առնվազն ցածր չլինի տոկոսադրույքի մակարդակից։ Հետեւաբար, մեզ այժմ անհրաժեշտ է առնվազն 8 տոկոսանոց իրական աճ, սակայն պետք է ձգտենք երկնիշ աճի»,- նշում է Կարեն Սարգսյանը։
Նրա խոսքերով՝ համավարակի ազդեցություններն ու արցախյան վերջին պատերազմի հետեւանքներն ակնհայտորեն ցույց տվեցին մեր տնտեսական մոդելի անարդյունավետությունը։ Աճի տեմպն ապահովելու համար, ի վերջո, պետք է հետեւողականություն դրսեւորենք եւ փոխենք տնտեսական աճի ձեւավորված ոչ արդյունավետ մոդելն ու տնտեսության ինդուստրիալ կառուցվածքը, պահանջարկի վրա հիմնված տնտեսությունից անցում կատարենք «առաջարկի տնտեսությանը», բարելավենք ներդրումային միջավայրը, խթանենք գիտելիքահենք արտադրությունների զարգացումը եւ ոչ հումքային արտահանումը, զարգացնենք ռազմարդյունաբերական համալիրը։
Ներդրումային գրավչության բարձրացման էական գործոնը ներկայիս տեղեկատվական հասարակության դարաշրջանում, միանշանակ, մարդկային կապիտալն է։ Խոշորածավալ ներդրումային հոսքեր ներգրավելու տեսանկյունից անչափ կարեւոր է նաեւ աշխատուժի որակավորման եւ կրթվածության մակարդակը: Հայաստանը, որը կանգնած է ծերացող եւ կրճատվող բնակչության խնդրի առջեւ, պետք է բարձրացնի աշխատուժի արդյունավետությունը՝ նրանց հմտություններն էլ ավելի համապատասխանեցնելով աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին:
«Մի խոսքով, անելիքներ շատ կան, ուստի ժամանակն է դուրս գալ այս անելանելիության թմբիրից եւ սկսել գործել՝ նախեւառաջ լուրջ դասեր քաղելով անցյալի սխալներից եւ անհաջողություններից։ Իսկ դրա համար մեզ պետք է ունենալ զարգացած եւ մրցունակ տնտեսություն հզոր՝ ռազմարդյունաբերական համալիրով։ Այնպիսի տնտեսություն եւ այնպիսի հզորությամբ, որ հնարավոր պատերազմների պարագայում խոսվի ոչ թե թշնամու հաղթել-չհաղթելու մասին, այլ՝ որպեսզի թշնամին նույնիսկ չմտածի պատերազմ սանձազերծելու մասին»,- եզրափակում է Կարեն Սարգսյանը։
Կառուցենք «բանակ, կրթություն, տնտեսություն» եռանկյունին
«Հայոց անկախ պետականության 30-ամյա պատմության, թերեւս, ամենադժվարագույն տարիներից մեկը մոտենում է ավարտին։ Այն չի կարելի համարել սովորական եւ առավելեւս հերթականներից մեկը։ 2021-ը յուրօրինակ փորձությունների, սկզբունքների վերաիմաստավորման, գերակայությունների վերադասավորման եւ ընթացքում անելիքների ու շեշտադրումների վերաընդգծումների տարի էր։ Որքանով էր այն հաջողված եւ որքանով անհաջող, թերեւս կարելի է անընդհատ քննարկել եւ, ցավոք, այդ քննարկումներում այդպես էլ չի ծնվի այն միասնական եզրահանգումը, որն անհրաժեշտ է մեզ, քանի որ արհավիրք պատերազմը, մարդկային ու տարածքային աննկարագրելի եւ դեռեւս ամբողջապես անընկալելի կորուստները, հոգեպես երկփեղկել են հասարակությանը, եւ դա միայն մեր երկրի առանձնահատկությունը չէ։ Այս իրավիճակից, որպես կանոն, չեն կարողացել խուսափել մեծ ու փոքր պատերազմներում պարտված երկրները։ Չսպասված դառը պարտության ու անասելի կորուստների պատասխանատուների ու մեղավորների փնտրտուքն էլ ավելի է նպաստում կարծիքների բեւեռացմանը, որի հետեւանքով խարխլվում է անքան անհրաժեշտ Միասնության գաղափարական հիմքը։ Սա մեր ամենօրյա կյանքի վրա բացասաբար ներազդող հիմնական գործոնն է եւ, իհարկե, այս աղետի դեմն առնելու միակ ու լավագույն դեղամիջոցը միասնականության վերականգնմանը միտված քայլերը պիտի դառնան, եւ դա միայն իշխանավորի կամ քաղաքական գործչի մենաշնորհը չի կարող լինել»,- նշում է Համազասպ Գալստյանը։
Նրա խոսքով՝ այդ գիտակցությամբ պիտի արթնանա յուրաքանչյուր սթափ դատող հայորդի Հայաստանում, Արցախում ու սփյուռքում, որի համար Հայոց հզոր պետականության կառուցումը լոկ բարի ցանկություն չէ, այլ Ազգային Ինքնության դրսեւորման ու սեփական հողի վրա անվտանգ ապրելուն միտված գերակա նպատակ։ Այդ նպատակին հասնելու համար նախ անհրաժեշտ է ունենալ պետականության ամրապնդմանը բնորոշող իրատեսական քայլերի հստակ մշակված հաջորդականություն, որի իրականացման համար պետք է կազմավորել այդ ուղեգծով անշեղ, անխոնջ ու անշահ պայքարող նվիրյալների որակյալ բանակ, ապա գործնական դաշտում ստեղծել կարգապահ կատարողների բացարձակ մեծամասնություն, որի պարագայում դեպի վերջնական նպատակ տանող հաղթանակներն իրենց սպասեցնել չեն տա։
«Սա իմ համոզմունքն է»,- շեշտում է Հ. Գալստյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հարցին, թե ինչ է ինքը հասկանում որակյալ մեծամասնություն, պայքար եւ նվիրյալ ասելով։ «Դա մարդկանց այն միավորն է, որում գտնվող յուրաքանչյուր ոք ունի բարոյական, համամարդկային, ընկալելի, չսակարկվող սկզբունքներ ու նախանշած կարմիր գծեր եւ անկախ դիպվածներից, երկրի կարգից, արտակարգ կամ ֆորս-մաժորային իրավիճակից, տվյալ պահի իշխանավորի տեսակից ու գաղափարախոսական վայրիվերո աղմուկներից շարունակում է ամուր կանգնած մնալ իր դիրքերում, ապրել ու արարել, ինչպես վայել է իրեն, ինչով իր մասնակցային լուման է ներդնելու Հայոց պետականության ամրապնդման եւ առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիրների լուծման գործում։ Անցյալին անհրաժեշտ է նայել միայն սխալների վերհանման եւ դրանք այլեւս չկրկնելու համատեքստում՝ փորձելով զերծ մնալ մեր պետության համար բախտորոշ իրավիճակը դրսի ու ներսի անձերի պրիզմայով դիտարկելու, նրանց դերակատարումը գերագնահատելու կամ թերագնահատելու անպտուղ մտավարժանքից։ Մնացածում մեր հայացքը պիտի կենտրոնացնեք այսօրվա եւ առավելապես վաղվա անհետաձգելի գործերի վրա»։
Ինչպե՞ս է պատկերացնում 2022 թվականը, ավելի ստույգ՝ ի՞նչ իղձ ունի մասնագետը Հայաստանի ու Արցախի համար։ «Պետության անվտանգության կարեւոր եռանկյունու՝ բանակ, կրթություն, տնտեսություն, բոլոր բաղադրիչների նկատմամբ գերակա հոգատարություն յուրաքանչյուր պատվախնդիր հայորդու կողմից՝ մեծից փոքր, անկուսակցականից մինչեւ կուսակցության առաջնորդներ, ապաքաղաքականից մինչեւ քաղաքական խավեր, բանվորից մինչեւ ամենակարեւոր մասնագետ, տարբեր եկեղեցիների հավատացյալներից մինչեւ հեթանոս ու աթեիստ։ Եթե բոլոր վերոթվարկյալները նայում են մեկ ուղղությամբ ու ձգտում մեկ միասնական նպատակի, ուրեմն նրանք հավասարապես ընդունելի եւ գնահատելի են ինձ համար, անկախ այլ խնդիրների մասով իրենց դիրքավորումից ու աշխարհընկալումից։ Ես անվերապահ ինձ համարել եւ համարում եմ այդ միավորի շարքային զինվորը»,- ասում է Հ. Գալստյանը։
2022-ին ու այդուհետ մեր պետությանը նա ցանկանում է արտաքին աշխարհի հետ «կամրջաշինության» նպատակային ու արդյունավետ քաղաքականության իրականացում՝ առանց ավելորդ սեթեւեթումների, իսկ ներքին աշխարհում՝ փոխզիջման եւ հարգանքի հենքի վրա միասնականության խարխլված «շենքի» ամրապնդման ակտիվ շինարարություն։
Եվ ամենակարեւորը՝ համոզմունք, որ մեզնից յուրաքանչյուրը, մինչեւ իր սահմանադրական իրավունքի փաթեթից օգտվելը, նախեւառաջ ունի պարտականությունների եւ պարտավորությունների մեծածավալ փաթեթ, որի անթերի կատարման պարագայում մեզնից հետո եկողներին ի զորու է ժառանգել հզոր, կայուն զարգացող եւ անվտանգ Հայաստանի եւ Արցախի հանրապետություններ։ Այդպես է լինելու՝ «Եթե իսպառ մենք հանենք փոքրոգություն մեր սրտեն»… Ես հավատում եմ»։
Բոլորիս մնում է գործել ի շահ մեր հայրենիքի՝ վստահ լինելով, որ մտքերը մարմին ստանալու սովորույթ ունեն։ Հիշենք՝ կավը չորանում է մեր իսկ ծեփածի պատկերով։