ԱՊՀ-ի առանձին անկյուններում արձագանքը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին փոքր-ինչ տարակուսանք է առաջացնում: Այդ առումով առանձնանում է Ադրբեջանը պաշտոնական մակարդակում իր բավական զուսպ արձագանքով եւ տեղի փորձագիտական հանրության ներկայացուցիչների բացահայտ դժգոհությամբ: Կարելի է վստահությամբ ասել, որ այն մասին, որից այս կամ այն պատճառով Ադրբեջանը հրաժարվում է հայտարարել պետական մակարդակով, ակտիվորեն խոսում են իշխանություններին մոտ կանգնած քաղաքական գործիչները:
Ադրբեջանական «Trend» գործակալությունը ցուցադրական «Քաղաքագետներն ու փորձագետները ՀԱՊԿ-ի զորքերի մուտքը Ղազախստան համարում են անօրինական» վերնագրով նյութում հրապարակել են քաղաքական գործիչների կարծիքները:
Այսպես՝ քաղաքական դիտորդ Թուրալ Իսմայիլովը նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրության կետերից մեկը նախատեսում է ՀԱՊԿ անդամ երկրներին օգնության տրամադրում կազմակերպության այլ անդամների կողմից ցանկացած «արտաքին ռազմական միջամտության» դեպքում։
«Սակայն Ղազախստանի դեպքում այդպես չէ, եւ երկրի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի դիմումի հիման վրա ՀԱՊԿ մեծ զորակազմի մուտքը Ղազախստան այս ֆոնին լուրջ անհանգստություն է առաջացնում միջազգային ասպարեզում:
Ընդհանրապես՝ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները սառնասիրտ մոտեցում են պահանջում։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ կարճ ժամանակահատվածում այնպիսի սոցիալապես կայուն երկրում, ինչպիսին Ղազախստանն է՝ մեծ տարածքով, բայց համեմատաբար փոքր բնակչությամբ, անվտանգության ուժերը չկարողանան կանխել տեղական բողոքի ցույցերում ահաբեկիչների հայտնվելը»,- զարմանում է Իսմայիլովը։ Նրա խոսքերով՝ «այդ հարցը կարելի էր լուծել առանց ՀԱՊԿ-ին դիմելու ու նրա ուժերը երկիր մտցնելու»:
«Ամեն դեպքում՝ Ղազախստանում ՀԱՊԿ-ի զորակազմի գործողություններն ուշադրության կենտրոնում են: Եթե մարդկանց նկատմամբ հատուկ դաժանություն ցուցաբերվի, ապա դա կասոցացվի 1990 թ. հունվարի 20-ին Բաքու ԽՍՀՄ բանակի բանդիտական խմբերի մուտքի հետ: Ընդհանուր առմամբ՝ Ղազախստանում հասարակական-քաղաքական կայունություն հաստատելուց հետո ՀԱՊԿ-ի խաղաղապահները պետք է լքեն երկիրը, եւ այդ համատեքստում առաջանում է երկրորդ հարցը՝ դա կոնկրետ ե՞րբ տեղի կունենա»,- նշել է Իսմայիլովը:
Այսպիսի անգրագետ հայտարարությունը, ինչպես ասում են նման դեպքերում, պարզապես մեկնաբանության կարիք չունի: Պարզվում է՝ «բանդիտ» են համարվում խորհրդային բանակի այն ստորաբաժանումները, որոնք Բաքու մտան նախատեսված ժամին՝ տեղի հայ բնակչության մնացորդներին փրկելու համար, այլ ոչ թե այն ժամանակ Ադրբեջանի մայրաքաղաքում կատաղած ջարդարարները, բացահայտ ահաբեկչական տարրերը, որոնց մասին նախագահ Տոկաեւը խոսել է հունվարի 5-ին՝ կապված իր երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
«Bakı» թերթի գլխավոր խմբագիր, քաղաքական մեկնաբան Այդին Գուլիեւը «Trend» գործակալության հետ զրույցում նշել է, որ այն ժամանակ, երբ Ղազախստանում իրադարձությունները պետք է ընդունվեին որպես այդ երկրի ներքին գործ, «ՀԱՊԿ-ի միջամտության մասին որոշումը տանում է հետեւանքների, որոնք հակասում են Ղազախստանի ինքնիշխանության սկզբունքներին»:
«Լուրջ կասկածներ կան, որ ՀԱՊԿ ռազմաքաղաքական մոդերատորները չարաշահել կամ նույնիսկ կողմնակալ կերպով կիրառել են կազմակերպության կանոնադրության սկզբունքները Ղազախստանի նկատմամբ։ Հատկանշական է նաեւ այն, որ ՀԱՊԿ ռազմական ուժերն ինքնիշխան Ղազախստան մտցնելու որոշումն ընդունվել է այս կազմակերպության Անվտանգության խորհրդում Հայաստանի նախագահության շրջանում։ Պատերազմում Ադրբեջանից ծանր պարտություն կրած Հայաստանի այսպիսի որոշումը, պատերազմ, որի ընթացքում Ղազախստանն ակտիվ քաղաքական աջակցություն է ցուցաբերել Բաքվին, վկայում է հավանականության մասին, որ ՀԱՊԿ-ը դարձել է թյուրքական պետության դեմ վրեժխնդրության գործիք։ Իսկ եթե ավելի կոնկրետ, Հայաստանի ղեկավարությունը կարծես թե վրեժ է լուծում Ղազախստանից՝ ազդելով նման որոշման ընդունման վրա»,- ասել է Գուլիեւը։
Նրա խոսքերով՝ ՀԱՊԿ-ի «ռազմական կոպիտ միջամտությունը» լուրջ հարված է հասցրել Ղազախստանի միջազգային հեղինակությանը, որը վերջին տարիներին զգալիորեն աճել էր:
«ՀԱՊԿ-ն ռազմական միջամտության փոխարեն պետք է դիտորդի դիրքորոշում որդեգրեր մինչեւ Ղազախստանի իշխանությունների ու բողոքողների միջեւ խաղաղ երկխոսության իրականացումը: Իր պատմության ընթացքում առաջին անգամ ՀԱՊԿ-ն հղում կատարեց, այն էլ՝ ոչ ճիշտ ձեւով, սեփական կանոնադրության 4-րդ հոդվածին: Ուժերի մուտքը Ղազախստան ՀԱՊԿ-ի պատմության մեջ կմնա որպես մի քայլ, որի համար ծանր պատասխանատվության կենթարկվի: Վերջին տարում մենք ականատես ենք եղել, որ Հայաստանն առաջին անգամ փորձել է ՀԱՊԿ-ն վերածել վրիժառության եւ պատժի գործիքի Ադրբեջանի նկատմամբ, բայց այդ փորձն ավարտվել է լիակատար ձախողմամբ: ՀԱՊԿ-ն նույն կազմակերպության անդամների դեմ պատժիչ մեխանիզմի վերածելու քաղաքականությունը տեղի է ունեցել Հայաստանի նախագահության շրջանում, եւ թիրախ է ընտրվել Ղազախստանը»,- ասել է ադրբեջանցի փորձագետը։
Իսկ այստեղ որեւէ մեկնաբանության կարիք հաստատ ավելի քիչ կա, Ղազախստանի, իսկ նրա միջոցով՝ Ադրբեջանի նկատմամբ հայկական վրեժխնդրության մասին խոսակցությունները նման են քաղաքական փսիխոզի: Բայց այսպիսի մտորումները, որոնք կարող են ծագել միայն անգրագետ գլուխներում, բացահայտում են այն դերը, որն ուներ նաեւ Ադրբեջանը Թուրքիայի գլխավորությամբ «Մեծ Թուրան» ստեղծելու ծրագրերում:
Փորձագետ Իլյաս Հուսեյնովը, իր հերթին, հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի զորքերի մուտքը Ղազախստան ապօրինի է, քանի որ այս դեպքում «արտաքին վտանգ չկա»:
«Հետաքրքիր է, որ Հայաստանի վարչապետը, որն իրականացնում է ՀԱՊԿ-ի նախագահի պարտականությունները, շտապ կարգով հատուկ խորհրդակցություն անցկացրեց նման որոշման կայացման համար: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի այդ որոշումը խաթարում է ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը»,- նշել է Հուսեյնովը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը հավատարիմ է ղազախական ուղու վրա Թուրքիայի գծին։ Իսկ այդ երկրի ղեկավարությունն այս օրերին առանձնապես չի էլ թաքցնում իր դժգոհությունը, որ տարածքով ամենամեծ թուրքական երկիրն օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներին։
Ամենայն հավանականությամբ՝ թյուրքական աշխարհի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնասիրությունը վիրավորված է, եւ Անկարան փորձում է գտնել իր նշաձողը Ղազախստանի «հեղուկ հեղափոխությանը» հաջորդած զարգացումներում:
Ավելին՝ վիրավորվածների շարքում են նաեւ Թուրքիայի ընդդիմության առաջնորդները, ովքեր նույն համառությամբ, ինչպես Բաքվի մեկնաբանները, խոսում են ՀԱՊԿ-ի այժմյան «հայկական դեմքի» մասին։
Բաքուն «թուրքական կամուրջ» է դեպի Ղազախստան, եւ նա չի կարող այնպիսի կարծիք հայտնել, որը կտարբերվի «մեծ եղբոր» որդեգրած կուրսից: Ի դեպ, ադրբեջանական իշխանությունների համար ամեն ինչ չէ, որ պայմանավորված է միայն Անկարայի գործոնով: Բաքուն իր շարժառիթն ունի՝ մեծ զգուշությամբ վերաբերվելու ՀԱՊԿ ուժերի ներկայությանը Կասպից ծովի հակառակ ափին։
Հայաստանը կոլեկտիվ անվտանգության այս տարածաշրջանային համակարգի ներկայիս նախագահն է, թեեւ ուղարկեց ամենահամեստ զորակազմը (100 զինվոր եւ սպա), բայց, այնուամենայնիվ, հետագայում ռազմաքաղաքական շահաբաժիններ ստանալու լուրջ հավակնություններ ներկայացրեց։
Եթե ռազմական բլոկը՝ Հայաստանի մասնակցությամբ, համերաշխություն եւ օպերատիվություն դրսեւորեց Կենտրոնական Ասիայում տեղակայման հարցում, ապա ինչո՞ւ դա չպետք է անի Հարավային Կովկասում, եթե հանկարծ նման անհրաժեշտություն առաջանա։
Ադրբեջանը 2020 թ. արցախյան պատերազմի ընթացքում ու դրանից հետո խախտել է նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանները: Իսկ նրա փորձագետների հիմնավորումները Ղազախստանում ՀԱՊԿ-ի հայտնվելու «անօրինականության» մասին՝ կապված արտաքին ագրեսիայի տարրի բացակայության հետ, հարավկովկասյան ուղղությամբ հնարավոր գործընթացների դեպքում բացարձակապես տեղին չեն լինի: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածին ադրբեջանցի փորձագետների հղումներին, ապա Բաքվի մեկնաբաններին հարկ է խորհուրդ տալ՝ եւս մեկ անգամ կարդալու հոդվածի դրույթները: «Ագրեսիա» հասկացությունը կարող է գերազանցաբար ներքին բնույթ ունենալ, եթե դրա արտաքին աղբյուրները կամ անհնար է անմիջապես բացահայտել, կամ դրանք այսպես կոչված հիբրիդային պատերազմների վարման ժամանակակից պայմաններում միշտ չէ, որ նման նույնականացման են ենթարկվում: ՀԱՊԿ անդամ երկրներին ուղղված սպառնալիքների բացառապես արտաքին գեներացում նրա գլխավոր պայմանագրի 4-րդ հոդվածը չի ամրագրում:
Բաքուն անհանգստանալու պատճառ ունի՝ հաշվի առնելով ղարաբաղյան առաջիկա օրակարգը եւ Հայաստանի հետ հետագա հարեւանությունը տարածաշրջանում 44-օրյա պատերազմի արդյունքներից հետո։ Ադրբեջանը հայտնվել է ռուսական խաղաղապահ զորակազմի մի տեսակ «շրջափակման» մեջ՝ միաժամանակ Լեռնային Ղարաբաղում եւ Կասպից ծովի մյուս կողմում։
Բաքվի նյարդայնությունը կարող է պայմանավորված լինել նաեւ նրանով, որ «հեղուկ հեղափոխությունը» սոցիալապես եւ տնտեսապես համեմատաբար բարգավաճ Ղազախստանում, որը նավթ եւ գազ է արտահանում արտաքին շուկաներ, ենթագիտակցորեն կարող է կրկնվել Հարավային Կովկասի ամենախոշոր տնտեսությունում։ Ճիշտ է՝ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, եւ նրան այս կազմակերպություն «ապօրինի ներխուժում» չի սպառնում։
Ղազախական դեպքերից հետո ադրբեջանական կողմը, ենթարկվելով խուճապային բնազդին, սկսեց կրակել Արցախի դեմ: Բաքուն ինքնուրույն որոշումներ չի կայացնում, իսկ անբովանդակ ու անիմաստ այդ քայլը կատարեց Թուրքիայի պարտադրանքով՝ ինչ-ինչ մեսիջներ հաղորդելու համար: Իսկ երեկ կրկին կրակեց Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ…