ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հորդորում է պետական պարտքից չվախենալ. այն երկրի տնտեսության, ապագայի մեջ ներդնելու համար է վերցվում: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի դիտարկմանը, թե կառավարությանը մեղադրում են պետական պարտքը մեծացնելու մեջ:
Փաշինյանը նշեց՝ աշխարհն անցել է համավարակի միջով, եւ դժվար կլինի գտնել այնպիսի երկիր, որի արտաքին եւ պետական պարտքը չի ավելացել:
Վարչապետի պաշտոնակատարն առաջարկեց նայել, թե Հայաստանը 2020 թվական ինչ ցուցանիշով է մուտք գործել: Նա հիշեցրեց՝ ՀՀ-ն առաջին անգամ հայտարարել է, որ բյուջետային աջակցության վարկ չի վերցնելու: 2019-ին պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը էականորեն նվազեցրել են՝ հասցնելով 59 տոկոսի:
«Պատերազմից հետո մենք միջազգային շուկայից 750 մլն եվրոբոնդի թողարկում ենք իրականացրել՝ Հայաստանի պատմության համար աննախադեպ ցածր տոկոսով: Պատկերացնո՞ւմ եք, կորոնավիրուսից, պատերազմից հետո մենք միջազգային շուկա ենք մտնում եւ ձեռք ենք բերում միջոցներ՝ պատմական աննախադեպ ցածր տոկոսներով: Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը մեր կառավարությանը, մեր երկրին վստահում է: Սա նշանակում է, որ մենք միջազգային գործընկեր ենք»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նա շեշտեց՝ եթե անհրաժեշտություն լինի, կրթության ոլորտում ֆինանսական, ներքին աղբյուրների խնդիր լինի, ապա 1 մլրդ, անգամ 2 մլրդ պարտք էլ պետք է վերցնել եւ հանրապետությունում լայնածավալ կառուցել մանկապարտեզներ, նախակրթարաններ, ակադեմիական քաղաք, քանի որ դա ներդրում է ապագայի մեջ: «Այդ փողի գինը նվազում է, վաղը կապիտալ ես ունենալու, այդ պարտքը սպասարկես: Նկատի ունեմ՝ պարտքից ընդհանրապես եկեք չվախենանք: Ինչի համար ենք այդ վարկը վերցնում, որ մեր գրպաննե՞րը լցնենք, թե՞ երկրի տնտեսության, ապագայի մեջ ներդնենք, կրթության ոլորտում ներդնենք»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նա նշեց՝ իրենց իշխանության ժամանակ էլ է «Հյուսիս-հարավ» կառուցվում, իրենցից առաջ էլ է կառուցվել՝ արտաքին պարտքի վարկային միջոցներով: «Եկեք գնանք, նայենք՝ այն ժամանակ ոնց էր կառուցվել, հիմա ոնց է կառուցվում»,- ասաց Փաշինյանն ու հավելեց՝ ճանապարհը կառուցում են, որ ծառայի մարդկանց: