Դեռ ամիսներ առաջ լսել էի, որ թոշակները քարտերով են փոխանցելու, եւ դա իհարկե, ռացիոնալ է, ավելի ժամանակակից եւ մի քայլ առաջ մեր գործող ավանդական համակարգից։ Ինքս շատ վաղուց անցել եմ քարտի եւ ծախսերս գերադասում եմ դրանով կատարել։ Բայց երբ մի անգամ տերմինալը փողս «կերավ», կոմունալ վճարումներն սկսեցի մուծել ավանդական ձեւով` կանխիկով։ Սկզբում դա բավական մեծ հոգս էր, քանի որ փոստային բաժանմունքներն ամսի 10-ից հետո ծանրաբեռնվում էին եւ հերթեր ստեղծում։ Հետո բանկերը եւ առանձնացված կազմակերպություններ ներգրավվեցին, եւ անցնելիս մի քանի րոպե ծախսել դրա վրա այլեւս շատ մեծ խնդիր չէր։
Ահա երեկ փոստային բաժանմունքի կողքով անցնելիս որոշեցի մտնել` տեսնելու կոմունալների տվյալները ստացվե՞լ են, ու ականատես եղա անսովոր մեծ հերթի։ Պարզվում է` թոշակների վճարման քարտային համակարգի անցնելու «ճարտարապետները» չեն կարողացել ամեն ինչ հաշվարկել։ Պարզ է, որ հայի բնավորությամբ մեր քաղաքացիները միայն վերջին օրը պետք է նետվեին այդ քարտերը ստանալու։ Վերջին թոշակն արգելել են փոստատարներին` սովորական կարգով տները տանել, ու ստիպված ժողովուրդը «լցվել» է փոստային բաժանմունքներ ու չի կարողանում ստանալ։ Այս ոլորտում հերթերը վերացնելն առ այսօր անհնար է եղել, այս առիթով դրանք այնպիսի չափերի են հասել, որ ամբողջ գործընթացն են անհնար դարձնում։ Ոմանք վատանում էին. ճնշումը, շաքարն էր բարձրանում եւ այլն։ Աթոռ ճարած մի մեծահասակ կին համարյա լացակումած բողոքում էր, որ երկրորդ անգամն է գալիս։ Նախորդ անգամ երկար սպասելուց ուժահատ վերադարձել էր տուն։ Այս անգամ դուստրը տաքսիով բերել էր ու, հերթին սպասել չկարողանալով, գնացել իր գործին։ Հիմա նորից էր հոգնել, շնչակտուր էր լինում ու չգիտեր՝ ինչ անել։ Հերթի զիջում խնդրելն ավելորդ էր, քանի որ բոլորն էլ այդ տարիքի ու մեծ մասամբ նույն վիճակի էին։ Ոլորտը տնօրինողները գիտե՞ն, որ թոշակառուների մեծ մասը հենաշարժական դժվարություններ ունեն։ Եվ եթե իրենց գործողություններով նոր, անհնարին հերթեր են ստեղծում, պիտի դրանք չեզոքացնելու միջոցառումները եւս նախատեսեն։ Դժվարությամբ շարժվող մի տղամարդ ասաց, որ ամռանից ի վեր առաջին անգամ է դուրս եկել, հազիվ հասել բաժանմունք, բայց հույսը կտրել է, որ կկարողանա սպասել՝ մինչեւ իր հերթը հասնի։ Մեկն էլ մտահոգվում էր, որ ամբողջ թոշակը պիտի տա կոմունալ վճարումներին, բայց եթե այսպես շարունակվի, չի հասցնելու ստանալ, ու նոր բարդություններ են ծագելու` անջատումների հետ կապված։ Մեկ ուրիշը խանութում կուտակված պարտքի մասին էր մտածում եւ այլն… ։ Աշխատողներն ասում էին, որ դրությունը ոչ թե բարելավվելու, այլ շուտով ավելի է բարդանալու, որովհետեւ մեկ-երկու օրից այս այցելուներին գումարվելու են կոմունալ վճարումների համար եկողները։
Բայց այս տանջանքը միայն մեկ ամսվա չվճարված թոշակը ստանալու համար էր։ Քարտ ձեռք բերելու համար դեռ երեք այցելություն էլ է պետք` սոցապ բաժանմունք եւ երկու անգամ` բանկ։
Որոշեցի օրս այս հարցի պարզաբանմանը նվիրել եւ գնացի մոտակա սոցապ գրասենյակ (որն ամենեւին էլ մոտ չէր)։ Հանդիպեցի ավելի սարսափելի վիճակի։ Սովորական պայմաններում անգամ առանց հերթի սպասարկել չհասցնող անձնակազմը ահավոր հերթեր էր գոյացրել։ Նստարանները չէին բավարարում, ոմանք փորձում էին խորամանկություններով առաջ ընկնել եւ այլն։ Միջանցքի գաղջությունից փախչելով՝ շատերը դրսի ցրտում էին սպասում, բայց ներս գալուց հետո աղմուկի մեջ էին ընկնում` իրենց տեղը վերականգնելու համար։ Վաղուց նման պատկերի չէի հանդիպել։ Այս վիճակում չկարողացա աշխատակիցներից որեւէ մեկի հետ զրուցել` լարված թոշակառուները ներս չթողեցին։ Գործն այն էր, որ նրանց այստեղ գրանցում էին եւ ուղարկում ընտրած բանկերը։ Ասում էին` օրենքով աշխատակցին տուն ուղարկելու տարբերակ էլ է նախատեսվում, սակայն եթե աշխատատեղում չեն հասցնում սպասարկել, որքանո՞վ հնարավոր կլինի, որ դուրս գան ու թոշակառուներին առանձին-առանձին այցելեն` աշխատողների նույն քանակով։
Դուրս եկա եւ մտա շրջակայքի երկու բանկեր։ Այնտեղ գոնե հերթագրման սարքեր կային, եւ իրադրությունն ավելի քաղաքակիրթ էր։ Կարգի մասին տեղեկություն ստանալու համար մեկում սպասեցի 10-15 րոպե, երկրորդում` քառասուն (նախորդ տեսած հերթերիս համեմատ սա հանդուրժելի էր)։ Բանկ երկու անգամ պետք է այցելես. առաջինը` ըստ սոցապի նշումի գրանցվելու, երկրորդը` քարտը պատրաստվելուց հետո ստանալու համար։ Լրացուցիչ բարդացնող պայմաններ էլ են լինում, ՎՏԲ-ում, օրինակ, պետք է սպասել, թոշակի օրը անձամբ ներկայանալ` ստանալու, որից հետո միայն կարելի է քարտի ձեւակերպումը կատարել եւ այն ստանալուց հետո նոր հնարավորություն ձեռք բերել բանկոմատից օգտվելու։
Թեպետեւ ոչ մի անձնական հարց չէի լուծել, բայց տուն վերադարձա հոգնած եւ ծանր տրամադրությամբ։ Չեմ կարողանում մոռանալ ինձ հանդիպած զայրացած ու հուսահատ հայացքները։ Հաշվեցի, որ քայլելու խնդիրներ ունեցող թոշակառուները, իսկ այդպիսիք շատ են, բաղձալի քարտը ստանալու համար պետք է 8 անգամ տաքսի վարձեն։ Այո, այո, չեն կարող խնդրել սպասել, որովհետեւ հերթի պատճառով կարող է ձեւակերպումը ժամեր տեւի։ Այսպես ուրեմն` փոստի բաժանմունք, չուղարկված թոշակը ստանալու եւ վերադառնալու համար` 2, սոցապ բաժանմունք, ձեւակերպման համար` 2, բանկ (երկու անգամ)` 4։ Ըստ նոր կարգի՝ այսուհետ միայն 75 տարին լրացածները կարող են շարունակել օգտվել տուն առաքումից, բայց նրանք էլ կարծես ձեւակերպման համար պետք է դարձյալ ներկայանան սոցապ (գուցե նաեւ սպասարկող փոստի բաժանմունք` չհասցրեցի պարզել)։ Հիշեցի, որ վերջին աշխատավայրումս առաջին աշխատավարձի օրն ինձ հանձնեցին պատրաստի բանկային քարտը։ Մտածում եմ` հնարավոր չէ՞ր գոնե այս կերպ մի ամանորյա նվեր մատուցել թոշակառուներին… Ինչպե՞ս է ստացվում, որ գովելի նորամուծությունը վերածվում է ձախավերության` համավարակի պայմաններում այսպիսի արհեստական կուտակումներ ստեղծելով ամենախոցելի եւ ամենից ավելի օգնության կարիք ունեցող խավի համար։ Գործընկերներիս խնդրել եմ` հանդիպել նաեւ այս կարգը մշակողներին. գուցե նրանք ելք ցույց տան։ Այլապես, ըստ ստացած տպավորությանս, այս տանջալի վիճակը կարող է դեռ երկար ձգվել։
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ