Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները, բնականաբար, արձագանքներ են գտնում նաեւ Ադրբեջանում, եւ այս երկրի իշխանությունները կատարում են սեփական հետեւությունները։ Մտահոգություններ են հնչում, որ Ղազախստանի քաղաքական կուրսի հավանական փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի եւ Վրաստանի վրա, մասնավորապես հարավկովկասյան տարածաշրջանի այլընտրանքային էներգետիկայի եւ տրանսպորտային նախագծերի մասով ռազմավարական որոշումներ կայացնելիս։ Եթե մինչեւ վերջին դեպքերը թյուրքական աշխարհի շահերին առավելություն էր տրվում, ապա Ռուսաստանի դերի մեծացման արդյունքում հաշվի կառնվեն նաեւ վերջինիս հետաքրքրությունները։
Մտահոգության մյուս պատճառը ՀԱՊԿ-ի կողմից խաղաղապահ ուժեր ուղարկելու հանգամանքն է։ Հենց այս համատեքստում կարելի է դիտարկել Ադրբեջանի նախագահի՝ նախօրեին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությանը տված գնահատականը՝ դրանով մեկ անգամ եւս «հիշեցնելով» խաղաղապահների «փխրուն» կարգավիճակի մասին, թեեւ դա փաթեթավորել է դրական գնահատականով։ «Կարծում եմ, որ խաղաղապահների գործունեությունը պետք է գնահատենք ավելի լայն պրիզմայով, եւ, իհարկե, կան շատ նյարդայնացնող պահեր։ Բայց, միեւնույն ժամանակ, անարդար կլինի չնշել նրանց գործունեության դրական կողմը»,- ասել է նա՝ դրական համարելով ռուսական խաղաղապահների կողմից իրենց զինծառայողներին եւ բեռնափոխադրումները դեպի Քարվաճառի եւ Բերձորի շրջաններ ուղեկցումը։ Այս կերպ փորձ է արվում ռուսական կողմին հեռու պահել Ղազախստանի օրինակով քայլեր ձեռնարկելուց։
Ալիեւին «նյարդայնացնող հարցերի» շրջանակում են Արցախի Հանրապետություն կատարվող այցերը, որոնց մասով բողոքում եւ պաշտոնական նամակներ են ուղարկում Ռուսաստանին։ Ադրբեջանական կողմին հանգիստ չեն տալիս հատկապես Ֆրանսիայի նախագահի թեկնածուների եւ նրանց ղեկավարած պատվիրակությունների այցերը, մասնավորապես՝ Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի, ինչպես նաեւ մեկ այլ թեկնածու, հայտնի ֆրանսիացի հրապարակախոս, լրագրող Էրիկ Զեմուրի այցերը։
Ադրբեջանի ղեկավարին մտահոգում է նաեւ այն, որ ռուսական խաղաղապահ ուժերը իբր Արցախ մուտք գործող մեքենաները չեն ստուգում, մուտքն ազատ է, իսկ ելքը հիմնականում ստուգվում է՝ մեքենաները կանգնեցնում են, հարցաքննում, այսինքն՝ «ուզում են, որ մարդիկ այնտեղից չհեռանան»։ Այս ամենը նա պատահական չի համարում։ Հասկանալի է, որ Բաքվի բռնապետին անհանգստացնում է Արցախի Հանրապետությունում ապրող հայերի թվի ցանկացած փոփոխություն՝ քաջ գիտակցելով, որ քանի դեռ հայն ապրում է իր բնօրրանում, հնարավոր չէ վերջնականապես փակված համարել Արցախի հարցը։ Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները ջանք չեն խնայում արցախահայությանն իր հողից վտարելու համար, դրան են ուղղված պարբերական բնույթ կրող կրակոցները, նաեւ խաղաղ բնակչության սպանությունները, այլ կերպ ասած՝ հայերի կյանքի եւ անվտանգության համար այնպիսի պայմանների ստեղծումը, ինչը կստիպի նրանց հեռանալ Արցախից։
Վերոհիշյալ հարցազրույցում Ալիեւը մեկ այլ հետաքրքիր հայտարարություն եւս արել է. անդրադառնալով նոր աշխարհակարգի ձեւավորման ընթացքին եւ միջազգային իրավունքին՝ վերջինս նկատել է, որ «այժմ ուժի գործոնն առաջին պլան է մղվում»։ Միաժամանակ սեփական ագրեսիան «արդարացնում» է խոշոր երկրների կողմից միջազգային իրավունքն ըստ իրենց նպատակահարմարության կիրառելու հանգամանքով եւ իրեն եւս ազատ է համարում հետեւելու այդ դրույթներին. «Որոշ երկրներ, որոնք հավատում են միջազգային իրավունքին, խաբվում են դրանով։ Նրանք ակնկալում են, որ ինչ-որ մեկը կգա եւ իրենց փոխարեն հարցեր կլուծի։ Չեմ թաքցնում, որ մենք էլ ենք նման շրջան ունեցել…»։ Սրանով իսկ փաստել է, որ, այո՛, սեփական նպատակներին հասնելու համար դիմել է ուժի կիրառման՝ ստորադասելով միջազգային իրավունքը։