Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը կտրուկ հեռացավ ռուսական ազդեցության գոտուց, եւ դա օրինաչափ էր, քանի որ Բաքուն միայն այդ գինը կարող էր վճարել Անկարային արցախյան վերջին ճակատամարտի ելքն ապահովելու համար: Ադրբեջանում ռուսական ազդեցության վերջին հիմնական ոլորտը՝ պաշտպանության համակարգն աստիճանաբար անցավ Թուրքիայի ազդեցության տակ, եւ այդ գործընթացը մեկնարկեց դեռ պատերազմի օրերին, երբ Ադրբեջանի ԶՈւ-ից հեռացվեց ՌԴ-ում ռազմական կրթություն ստացած բարձրագույն սպայական կազմը:
Օրերս էլ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել էր Հեյդար Ալիեւի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան, որտեղ պնդել էր, թե զինվորների ուսուցումն ու պատրաստումը բարձրագույն ռազմական ուսումնարանում իրականացվել են այնպիսի ծրագրերով, որոնք կիրառվում են Թուրքիայի պաշտպանության նախարարության ուսումնարաններում: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ռազմական բարձրագույն ուսումնարանի ծրագիրը համապատասխանեցվել է թուրքականին:
Այս միտումը քողարկելու համար Ալիեւը հայտարարում է, թե Ադրբեջանը կշարունակի գնել ռուսական զենքը, սակայն այդ երկրի ձեռք բերած սպառազինության կառուցվածքն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հիմնականում գնում է զրահատեխնիկա ու հրետանային համակարգեր, իսկ ԱԹՍ-ները եւ գերճշգրիտ զինատեսակները, որոնք ադրբեջանական բանակի հիմնական մասն են կազմում, գնում է Թուրքիայից ու Իսրայելից: Զենք գնելը ԶՈւ բովանդակային վերափոխման հետ մեծ հաշվով կապ չունի, վերջին հաշվով նաեւ Թուրքիան է ռուսական զենք գնում, ինչը գործընթացների էությունը չի փոխում:
Ադրբեջանի բանակն այն վերջին ոլորտն էր, որը լիարժեքորեն իր ազդեցության տակ էր պահում ՌԴ-ն: Նավթի եւ գազի արտահանման հարցում, որն Ադրբեջանի տնտեսության հիմնական մասն է կազմում, Ռուսաստանի ներգրավվածությունը շատ փոքր է: Այստեղ դոմինանտ են Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը, իսկ Թուրքիան ոչ միայն օգտվում է Բաքու-Ջեյհան նավթամուղից, այլեւ ադրբեջանական գազն ստանում է գրեթե ինքնարժեքով, իսկ պատերազմից հետո թուրքական ընկերություններն սկսեցին շահագործել Արցախի բռնազավթած տարածքների ոսկու եւ պղնձի հանքերը:
Մյուս կողմից էլ գրեթե ամենամսյա ռեժիմով անցկացվում են ադրբեջանաթուրքական զորավարժություններ, իսկ ադրբեջանական զինուժի առանձին անցկացվող վարժանքներին սկսել են պարտադիր մասնակցել թուրքական բանակի զինվորական մասնագետ-խորհրդատուները:
Ստեղծված իրավիճակում, մեր կարծիքով, Ռուսաստանին այլ բան չի մնում, քան աջակցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումներին՝ դրանք համապատասխանեցնելով ժամանակակից բանակների չափանիշներին: Հայաստանի զինված ուժերի հզորացմամբ միայն ՌԴ-ն կկարողանա ամուր պահել իր դիրքերը Հարավային Կովկասում, առավել եւս, որ Ադրբեջանն արդեն, կարծես, անվերադարձ հեռանում է ռուսական ազդեցությունից: