Միասնիկ Ասատուրի Գրիգորյանին վերջերս հանդիպեցի Երեւանում՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում: Եկել էր իր ղեկավարած գյուղի՝ Քաշաթաղի շրջանի Վուրգավանի արդեն նախկին բնակիչների խնդիրներով:
Քաշաթաղի շրջանի կայացման ու շենացման հարցերով միշտ մտահոգ երիտասարդներից է Միասնիկը, ով Արցախյան վերջին պատերազմի մասնակից է եւ երկրի պահապանների դիրքերում էր նաեւ պատերազմից հետո: Վուրգավան գյուղը Քաշաթաղի շրջանի հարավային թեւում է՝ Հակարի գետի ձախափնյա հարթությունում, Բերձորից մոտ 40 կմ հարավ: Անվանումն ստացել էր ի պատիվ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, Անմահ հերոս, «Սիսական» վաշտի ջոկատներից մեկի հրամանատար Վուրգ Ոսկանյանի: Վուրգն ու իր 10 զինակիցները մարտիրոսվեցին 1993 թ. մարտի 31-ին Քաշաթաղի շրջանի հյուսիսային թեւի Վակունիս գյուղի ազատագրման համար մարտում:
1995 թ. վերահայացած Վուրգավանում բնակություն հաստատեց Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղից Ասատուր Գրիգորյանի ընտանիքը՝ 5-ամյա Միասնիկի հետ: Այստեղ՝ Վուրգավանում, ավարտեց դպրոցը Միասնիկը եւ ուսումը շարունակեց Արթիկի քոլեջում՝ ՆԶՊ բաժնում: Այժմ ուսանում է Խորենացու անվան համալսարանում: Քոլեջն ավարտելուց հետո աշխատում էր հայրենի դպրոցում որպես ֆիզկուլտուրայի եւ շախմատի ուսուցիչ: 2019 թ. ընտրվել է Վուրգավանի գյուղական համայնքի ղեկավար: 2020 թ. սկսված պատերազմի առաջին օրվանից մարտադաշտում էր: Մինչ պատերազմը Միասնիկն ու գյուղի երիտասարդներն աշխատում էին հնարավորինս շենացնել իրենց բնակավայրը ու դարձնել իրենց երազած հայրենիքը: 2020-ի գարնանը նույն երիտասարդներով գյուղի մոտակա բարձունքին 5 մ բարձրությամբ խաչ էին տեղադրել: Հավատում էին՝ Խաչը պահպանելու էր իրենց բնակավայրը: Մարտի 16-ին կայացավ Խաչի օրհնման կարգ՝ Քաշաթաղի հոգեւոր հովիվ տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ: Հաշվի առնելով համաճարակի դեմ պայքարը՝ հոգեւոր արարողությանը քիչ մարդ մասնակցեց: Ներկա էին հիմնականում համայնքի երիտասարդները՝ ղեկավարի գլխավորությամբ, եւ վարպետները:
Խաչը «լվացվեց» գյուղում 2020 թ. հիմնադրված գինու «ՀԱԳԱ Գրուպ» ընկերության արտադրած «Բերձոր» եւ «Վուրգավան» գինիներով: Հոգեւոր արարողությանը ներկա էր նաեւ արտադրամասի տնօրեն Արցախ Աբրահամյանը: Տեղեկացրեց՝ արտադրամասը հիմնել են 4 ընկերներով, եւ «ՀԱԳԱ»-ն իրենց անունների առաջին տառերն են՝ Հակոբ, Անդրանիկ, Գրիգոր եւ Արցախ: Գինին արտադրվում է իրենց գյուղի այգիների խաղողից: Նույն 2020-ին Վուրգավանի վարչական տարածքում՝ Թովմասարի ցանքատարածքների մոտի «Պաղ աղբյուրի» հարեւանությամբ Հակարիի ափամերձ բնակավայրերի երիտասարդների՝ Միասնիկ Գրիգորյանի, Իշխանաձորից Արոյի, Մխանցից Տիգրանի, իր համագյուղացիներ Գարիկի, Կարենի, եղբայր Նարեկի հետ Այգեկ գյուղից Նորայր Պստեյանը հուշաքար կանգնեցրեց՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած հերոսների: Այլ ծրագրեր եւս ունեին քաշաթաղցի երիտասարդները, սակայն եղավ պատերազմ, եւ այգեգործն ու գինեգործը, ուսուցիչն ու հողագործը, համայնքի ղեկավարն ու այլք դարձան հայրենիքի զինվորները: Հազարից ավելի կամավորներ մասնակցեցին պատերազմին, մոտ 80-ը մարտիրոսվեցին։ Հավերժի ճամփան բռնեցին նաեւ վուրգավանցիներ Վիգեն Վարդանի Խաչատրյանը՝ ծնված 1986 թ., եւ Աշոտ Արայի Կոստանյանը՝ 1990 թ։ Թշնամուն մնաց նաեւ տղերքի փայփայած հայրենիքը, որի կայացման ու շենացման համար շատ էին պայքարում։
Այսօր, ինչպես քաշաթաղցիների մեծ մասը, այնպես էլ վուրգավանցիները տեղափոխվել են ՀՀ տարբեր մարզեր ու Երեւան։ Սակայն Միասնիկը մնաց Արցախում եւ այժմ իր նպաստն է բերում Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի զարգացման գործում։ Ինքն ու Քաշաթաղի հարավային թեւի Արծվաշենի գյուղական համայնքի ղեկավար Արա Անտոնյանը բնակելի տներ են կառուցում Մաղավուզում, զբաղվում անասնապահությամբ։ «Նախատեսել ենք նաեւ ջերմոցային տնտեսություն հիմնել,-ասաց Միասնիկը։- Այժմ միայն ոչխարաբուծությամբ ենք զբաղված եւ շինարարությամբ»։ Աշխատում են հնարավորինս շուտ հիմնանորոգել գյուղում առկա բնակելի տները։ 2 տուն ավարտին են հասցրել տարեվերջին, իսկ 2022-ին կհիմնանորոգվի եւ կկառուցվի 40 բնակելի։ Աշխատում են ԱՀ քաղաքաշինության եւ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունների հետ, ֆինանսավորվում Արցախի կառավարության կողմից։ Բնակելի տուն են կառուցում նաեւ իրենց համար։ Մաղավուզ են տեղափոխվել եւ բնակություն հաստատել նաեւ Մարտակերտի շրջանի՝ թշնամու տիրապետության տակ անցած Մատաղիս եւ Թալիշ գյուղերի ընտանիքներ։ Այն հարցին՝ քանի՞ գլուխ ոչխար են այժմ պահում, եւ որտեղի՞ց է աջակցությունը, Մ. Գրիգորյանն ասաց, որ ունեն 500 գլուխ ոչխար, որոնց ձեռքբերմանն աջակցել է ԱՀ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։ Անասնակեր ձեռք են բերել արդեն, իհարկե, հիմնականում ոչխարը կերակրվելու է դրսում. այդ հարցում ունեն օգնականներ, ովքեր ստանում են օրական աշխատավարձ։
Հարաբերությունը տեղի բնակչության հետ շատ լավ է, որեւէ խնդիր չի եղել, ընդհակառակը՝ մաղավուզցիներն ուրախ են, որ գյուղում ավելանում է բնակչության թիվը, որ ստեղծվում են աշխատատեղեր։ Գյուղում գործում են դպրոցը, ակումբը, բուժկետը (այժմ բարեկարգվում են շենքային պայմանները), խանութներ։ Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, որեւէ գործնական առնչություն չունեն, բայց հարաբերությունները բարեկամական են։ Այն հարցին` ո՞րն է հետագա անելիքը, Միասնիկը պատասխանեց. «Պատերազմը դեռ չի ավարտվել, եւ ամեն գնով պետք է պահենք ու պահպանենք մեր հայրենիքը՝ Արցախը։ Սա է գլխավորը, մնացածը միջոցներ են, որ պետք է օգտագործենք։ Էականը բնակչության թվի ավելացումն է Արցախի հայկական մնացած բնակավայրերում, հակառակ դեպքում Նախիջեւանի ճակատագրին կարժանանա։ Այսօր, քան երբեւէ, մեծ վտանգ է կախված Արցախի գլխին»։ Կարեւորում է իրենց աշխատանքը, պետք է ամեն ինչ անել Արցախի պահպանման համար։ Մեծ ցավ է ապրում հայրենի Վուրգավանի ու կորցրած հայրենի տարածքների համար, բայց վստահ է ու հավատում է՝ կհասնենք մեր նպատակին։