Տարեսկզբին անդրադառնալով 2022 թ. ուղղակի եւ անուղղակի թանկացումներին՝ «ՀՀ»-ն մասնավորապես խոսել էր հունվարի 1-ից թանկացած ջրի եւ փետրվարի 1-ից թանկանալիք էլեկտրաէներգիայի թեմայից։ Նշել էինք նաեւ, որ այս պահի դրությամբ գազը չի թանկանում՝ մանրամասնելով, սակայն, այն խնդիրը, որ այդ՝ այսպես ասած չթանկանալը մեր պետբյուջեի հաշվին է։
Բանն այն է, որ կառավարության տարեվերջյան նիստերից մեկում ընդունված որոշման համաձայն՝ նախատեսվում է տարեկան 31,79 մլն ԱՄՆ դոլար գումար վճարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես վերջինին պատկանող Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Եվ կառավարության որոշման հիմնավորումում նշվում էր, որ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես պայմանավորված է եղել առեւտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաեւ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։ Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետեւանքով «Գազպրոմի» կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլեւ վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի։ Նշվում էր նաեւ, որ համապատասխան արձանագրությամբ սահմանված պայամանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծվի 10 տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 165 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խմ-ի համար (7900 կկալ/խմ)։
Այս համապատկերում, սակայն, մասնագետները պնդում էին, որ գազն էլ է թանկանալու, եւ դա են վկայում էներգետիկ ոլորտում քաղաքականության միտումները։ Զարգացումները եղան ըստ մասնագետների կանխատեսածի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա»-ից գազի սակագնի վերանայման հայտ ստացավ, եւ համապատասխան որոշման ընդունման դեպքում գազի սակագինը այս տարվա ապրիլի 1-ից կբարձրանա։ Հանձնաժողովը ընկերության հայտը քննելու համար 80 օր ունի։ Որոշումը կայացվելու պարագայում 1 ամիս անց ունենալու ենք գազի նոր սակագին։
Փաստորեն, կոմպենսացիոն քայլը՝ պետբյուջեից ընկերությանը գումարի տրամադրումը, այնուամենայնիվ, չստեղծեց այն միջավայրը, որը թույլ կտար գոնե այս տարի չխոսել գազի գների բարձրացումից։
Ուշադրություն դարձնենք նաեւ մեկ այլ հանգամանքի։ Այս անգամ խոսվում է գազի՝ կալորիականության գործակցի կիրառումից։ Հանձնաժողովն էլ այս մասին խոսեց, երբ հունվարի 14-ին պարզաբանում տարածեց բնական գազի սակագների շուրջ մամուլում շրջանառվող հրապարակումների վերաբերյալ։ Այստեղ նշվում է, որ, այո, հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որը սահմանված կարգով կընդունվի ուսումնասիրության, կիրականացվեն համապատասխան հաշվարկներ, եւ դրանք մինչեւ հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելը կքննարկվեն շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների հետ: Եվ, հաշվի առնելով մամուլի հրապարակումներն առ այն, որ «սոցիալապես անապահով ընտանիքների եւ որոշ այլ խմբերի համար կտրուկ թանկանալու է գազի սակագինը», հանձնաժողովը հայտնել է, որ նշված առաջարկը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հայտով ներկայացված մոտեցումն է: Մասնավորապես՝ ընկերությունն առաջարկել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 282.6 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 135648.85 դրամ/հազ. խմ սակագին՝ բնական գազի 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի (266.71 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 128020.7 դրամ/հազ. խմ) նկատմամբ հաշվարկվել է 6 տոկոս, որը ենթակա է ճշգրտման՝ բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված:
ՀԾԿՀ-ն հավելել է, որ գազամատակարարման համակարգում սակագների վերանայման եւ սահմանման գործառույթը հանձնաժողովի իրավասության տիրույթում է, ուստի սակագնային քաղաքականությունը իրականացնում է հենց հանձնաժողովը: Հետեւաբար, բնական գազի համար սահմանվող սպառողական խմբերի ընտրությունը եւ հաստատումը կիրականացվի հայտն ուսումնասիրության ընդունելուց հետո՝ սահմանված ժամկետներում եւ շահագրգիռ կողմերի հետ դրանք քննարկելուց հետո՝ հաշվի առնելով նաեւ ՀՀ կառավարության կողմից տնտեսության առանձին ճյուղերին (սպառողական խմբերին) աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությունները։
Թե ինչ ազդեցություն կունենա գազի սակագնի բարձրացումը մասնավորապես վերամշակող արդյունաբերության, ջերմոցային տնտեսությունների եւ ընդհանրապես տնտեսության վրա, ժամանակը կհստակեցնի։ Բայց կռահելը դժվար չէ. նախկին թանկացումների հետեւանքը տեսել ենք։ Հասկանալի է, որ գազի թանկացումը բերելու է արտադրության ինքնարժեքի բարձրացման, դա էլ գնաճի ձեւով երեւակվելու է սպառողական շուկայում՝ ամենալայն ընդգրկումով։ Վերջնական եզրահանգման համար, այնուամենայնիվ, սպասենք, ՀԾԿՀ-ի կողմից հայտի դիտարկմանը։