«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը պատմական գիտությունների թեկնածու, արեւելագետ Արմեն Պետրոսյանի հետ
-Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ կատարվեց Ղազախստանում: Դա ուղղված էր թուրքակա՞ն, թե՞ ռուսական գործոնի դեմ:
-Ղազախստանում բողոքի ակցիաները բացի այն բանից, որ պայմանավորված էին ներքին սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակով, որոշ չափով միտված էին նաեւ սասանելու Ռուսաստանի դիրքերն այս կարեւոր տարածաշրջանում: Ղազախստանը հետխորհրդային տարածքի պետություն է, ինչպես նաեւ Ռուսաստանի նախաձեռնած տարաբնույթ ձեւաչափերի շրջանակներում առանցքային երկիր: Այս ներքին հուզումների ուղղորդման փորձերը, որոնք միտված էին խորացնելու ճգնաժամը, որոշակիորեն նպատակ էին հետապնդում անկայունության նոր գոտի ստեղծելու Ռուսաստանի շուրջ:
-Ղազախական դեպքերը կարո՞ղ են ազդել Հայաստանի հանդեպ ունեցած թուրքական տրամադրվածության վրա, քանի որ ակնհայտորեն Ղազախստանում Թուրքիան իր դիրքերը որոշակիորեն զիջեց Ռուսաստանին:
-Ընդհանուր առմամբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող բանակցությունները, բացի երկկողմ հարթությունից, պետք է դիտարկել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն՝ աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում: Այսինքն, մի բան ակնհայտ է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնումը Թուրքիայի կողմից իր համար հավելյալ հնարավորություն է եւ նպատակ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում սեփական դիրքերն ամրապնդելու առումով: Պատերազմից հետո Թուրքիային հաջողվեց ուղղակիորեն մասնակցություն ունենալ հրադադարի ռեժիմի վերահսկման գործընթացին` ի դեմս Ակնայում ստեղծված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի: Զուգահեռաբար քաղաքական հարթությունում ականատես ենք լինում Թուրքիայի կողմից բարենպաստ դիրքավորման ձգտման եւ դրան միտված համակողմանի փորձերին, ինչի վառ ապացույցն են «3+3» ձեւաչափի առաջ մղման եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղեգծերը: Վստահաբար կարելի է պնդել, որ Թուրքիան ներկայումս աշխատում է փափուկ ուժի միջոցով` քաղաքական, տնտեսական, մշակութային, էթնոդավանական լծակների կիրառմամբ ամրապնդել սեփական դիրքերը: Այսինքն, ինչ հնարավոր չեղավ իրականացնել տարածաշրջանում 44-օրյա պատերազմի արդյունքում, ներկայում Անկարան փորձում է իրականացնել այլ եղանակներով:
-Հաշվի առնելով հետխորհրդային երկրների խոցելիությունը, հնարավո՞ր է Ադրբեջանը լինի հաջորդ երկիրը, որին կարող է ղազախական սցենար սպառնալ:
-Առհասարակ, հետխորհրդային տարածքի ավտորիտար երկրներում, որտեղ տասնամյակներ շարունակ անձերն ու կլաններն են իշխում, ինչպես օրինակ՝ Ադրբեջանում, չի կարելի բացառել նման բնույթի ներքին ընդվզումները: Չնայած 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը որոշ չափով ամրապնդել է Ալիեւի դիրքերը սեփական երկրում, այնուամենայնիվ, պետք է նշել, որ նման ներքին գործընթացներն ունեն առավելապես սոցիալ-տնտեսական, սոցիալական արդարության վերականգնման հիմքեր, մարդու իրավունքների ոտնահարումը կանխելու եւ ազատությունների վերականգնման պահանջներ: Պետք է նշել, որ թվարկված նույնանման պահանջներ կան հետխորհրդային գրեթե բոլոր ավտորիտար վարչակարգերից: Իրենց հերթին, ներքին ընդվզումներն էլ հնարավորություն են արտաքին դերակատարների համար ազդելու տվյալ երկրի ներքին կարգի վրա: Դրանք ուղղորդվելու ու արտաքին միջամտության դեպքում կարող են վերաճել տարբեր ծավալների ներքին ճգնաժամի եւ տարածաշրջանում փորձադաշտ դառնալ Ադրբեջանում տարբեր շահեր ունեցող դերակատարների վերադիրքավորումների ու սեփական շահի իրացման համար:
-Հետխորհրդային տարածքի երկրներում ներքին ընդվզումների թնջուկում ինչ դերակատարում ունի Արեւմուտքը` պասիվ հետեւո՞ւմ է, թե՞ ակտիվ մասնակցություն ունենում:
-Կարծում եմ` Արեւմուտքը շահագրգռված է Ռուսաստանի հարեւանությամբ նորանոր խնդիրներ ստեղծել, բայցեւայնպես, բուն ղազախական գործընթացներում չի կարելի արեւմտյան գործոնը գնահատել որպես ակտիվ: Այլ հարց է, որ Արեւմուտքի կողմից կար հստակ արձանագրված շահագրգռվածություն այն մասով, որ Ղազախստանում հետագա զարգացումներն ընթանան ժողովրդավարության ամրապնդման սցենարով: Առնվազն քարոզչական մակարդակում փորձ արվեց գոնե ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի ներգրավվածությունն օգտագործել հենց ընդդեմ Մոսկվայի: