Հաշվի առնելով աշխարհաքաղաքական դիրքը, հարեւան երկրների հետ հարաբերությունները եւ աշխարհում սրընթաց փոփոխությունները` խիստ անհրաժեշտություն է առաջանում համակողմանի ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտը։ Անվտանգության ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթ ուղղությունն է երկրի ազգային անվտանգության, պաշտպանության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովումը, որոնք ձեռք են բերվում պետության բոլոր առկա ուժերի, միջոցների եւ ռեսուրսների, հասարակական բոլոր ոլորտների հնարավորությունների կիրառմամբ։ Ռազմական անվտանգությունը երկրի ազգային անվտանգության ամենակարեւոր բաղադրիչն է։ Միաժամանակ դրա ապահովման հարցում վճռորոշ նշանակություն ունի պետության ռազմական ներուժը` բանակը:
ՀՀ ռազմական դոկտրինում նշվում է. «Ռազմական անվտանգության ապահովման ազգային երաշխավորը ժամանակակից սպառազինությամբ հագեցած, մարտական եւ բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն ունեցող, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ունակ մարտունակ Զինված ուժերն են` պատրաստ կանխելու եւ չեզոքացնելու ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգները։ Հայաստանի Հանրապետությունն իր ռազմական անվտանգությունն ապահովելու նպատակով կիրառում է Պետական ռազմական անվտանգության համակարգը՝ պետության ողջ քաղաքական, տնտեսական, ռազմական ներուժի եւ կենտրոնացված ու նպատակաուղղված ղեկավարության համակարգմամբ»։
Ինչպես հայտնի է, բանակն ու հասարակությունն անմիջականորեն եւ խորապես փոխադարձաբար ազդում են միմյանց վրա։ Բանակի ազդեցությունը հասարակության վրա հատկապես ուժեղ է նորահռչակ հանրապետություններում, որոնք զարգացման սաղմնային փուլում են։ Անվտանգության ոլորտում հաջողությունները եւ ռազմական ձեռքբերումները ոչ միայն ռազմական գործողություններ իրականացնելու, ազգային անվտանգությունն ապահովելու նյութական կարողություններն են, այլեւ հոգեբանական բնութագրերը, կամքի առկայությունը, ինչպես նաեւ ժողովրդի եւ հասարակության պատրաստակամությունը՝ համագործակցելու պետական մարմինների հետ, որոնք կոչված են իրականացնելու անվտանգության գործառույթներ։
Հայկական բանակի կազմավորման փուլն ամենադժվար իրավիճակում տեղի ունեցավ` անհրաժեշտ էր Հայաստանի Հանրապետության կազմավորման եւ արցախյան պատերազմի պայմաններում ապահովել հայ բնակչության անվտանգությունը։ Նորահռչակ հանրապետության մեջ բանակը եղել է ամենաառաջնային եւ, կարելի է ասել, ամենազարգացած ոչ միայն պետական, այլեւ հասարակական ինստիտուտը եւ այդպիսին է մնում մինչ օրս։ Հայկական բանակն ունի ժողովրդին համախմբելու անգնահատելի ներուժ եւ հաշվի առնելով, որ Հայաստանը բնակչության թվով եւ այլ կարեւոր ռեսուրսներով զիջում է պոտենցիալ հակառակորդներին` անհրաժեշտ է մշակել հասարակություն-բանակ հարաբերությունների այնպիսի մոդել, որը հիմնված կլինի «որակն ընդդեմ քանակի» սկզբունքի վրա։ Յուրաքանչյուր քաղաքացի` անկախ տարիքից, սեռից, սոցիալական դիրքից ու մասնագիտությունից, իր դերն ու նշանակությունն ունի հայրենիքի պաշտպանության գործում: Հայաստանը չունի դիրք-թիկունք տարանջատում, քանի որ մեր երկիրը միաժամանակ եւ՛ մարտական դիրք է, եւ՛ թիկունք իր ողջ պաշտպանական համակարգով: