Դեռ է՛ն գլխից է ճակատագիրը մեզ պարտադրել ապավինել սեփական բազկի ուժին: Դեռ էն գլխից՝ ունենալ զինվոր, զորք ու զորական: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հայոց առաջին զորականը մեր աղեղնալանջ ու ազատատենչ Հայկ նահապետն էր, որ 4522 տարի առաջ մեր սրբազան Նեմրութ լեռան լանջերին տեղի ունեցած պատերազմում ջախջախեց բռնակալ Բելին ու նրա բանակը՝ հավերժացումի անձնագիր ապահովելով քաջարի մեր ցեղին ու Հայք-Հայաստան աստվածաշնչյան երկրին:
Հազարամյակներ են անցել: Պատերազմներով ու արհավիրքներով դաջված հազարամյակներ: Եվ հարատեւման մեր միակ երաշխիքը եղել են հայրենապաշտպան զինվորն ու ազատամարտիկը, կամավորականն ու զենքին սիրահարված ֆիդային: Փառք բոլոր նրանց, որ սեփական արյան գնով պահեցին ու փայփայեցին շագրենու կաշվի նման սեղմված մեր Հայրենիքը, որի հույսն ու ապավենը եղել ու մնում է Հայոց ազգային բանակը: Հայոց անկոտրու՛ն բանակը, որն այսօր վիրավոր, բայց անպարտելի վագրի է նման: Ժամանակ է պետք, վերքերը կբուժվեն, եւ հայոց երկինքը կթնդա նոր հաղթանակներով…
Այսօր Հայոց բանակի ծննդյան օրն է: Այսօր այդ բանակի փառաբանման օրն է: Գնահատանքի ու արժեւորման օրն է: Մեր մեծերից շատերը ժամանակին իրենց մտորումներն ու սրտի խասքն են ասել այդ առիթով: Ասել են մտավորականն ու գիտնականը, մշակութային գործիչներն ու նվիրյալ այլ անձինք: Ունկնդրենք նրանց, քանզի նրանց խոսքը ժամանակահունչ է նաեւ այսօր:
Գոհար ԳԱՍՊԱՐՅԱՆ.- Մի՛ կարծեք, թե ես սահմանափակվել եմ երգարվեստի շրջանակներում, եւ ինձ համար որեւէ նշանակություն չի ունեցել իմ երկրի, հայրենիքի ճակատագիրը: Անհեթեթ կլինի կարծել, թե մեր բանակն այսօր կարելի է համեմատել, ասենք, անգլիական բանակի հետ, սակայն ամեն ինչ միանգամից չի լինում: Միայն այն, որ մենք այսօր բանակ ունենք, որի մասին խոսում են տարածաշրջանում, արդեն հաղթանակ է, արդեն ձեռքբերում է: Սակայն մենք դեռ հզորանալու ենք, որպեսզի, ապավինելով սեփական ուժերին, կարողանանք դիմակայել թշնամուն: Հիշո՞ւմ եք, մի պահ կար, երբ մենք մեր զավակներին փախցնում էինք, թաքցնում զորակոչից: Սակայն մոռանում էինք մի կարեւոր հանգամանք. լավ է մեռնել սրով, քան սրից: Սա ապացուցման կարիք չունեցող ճշմարտություն է, եւ եթե մենք այդ ճշմարտությանը հավատարիմ չմնանք՝ չենք կարող հավատով խոսել այն բանակի մասին, որն այլեւս չի սարսափելու թուրքական յաթաղանից, եւ ինքն է իր ճակատագիրը կերտելու: Բանակը յուրահատուկ պատվար է, որին ոչ միայն պիտի հավատաս, այլեւ պիտի ապավինես:
Այո, ես գիտեմ,որ բանակում մեղր չեն բաժանում, բայց ուզում եմ իմանանք, որ այդ բանակը բոլորիս համար է, եւ նրա հզորությամբ ու մարտունակությամբ է կանխորոշվում մեր ապագան: Մեր նախնիներն այդպես կարծել, սակայն այլ կերպ են գործել: Եվ մենք հիմա պիտի լավ գիտակցենք, որ եկել է դաշույնը սրելու ժամանակը, ա՛յն դաշույնը, որը ժամանակին թշնամու սիրտը չենք խրել…
Վարդուհի ԽԱՉԱՏՐՅԱՆ.- Հայոց բանակի մասին խոսելիս սիրտս ուռչում է հպարտությունից, աչքերս արցունքոտվում են: Փառք նրանց, ովքեր ազգային բանակ նվիրեցին մեզ, փառք նրանց, ովքեր զորացրին մեր բանակը, ովքեր մեր որդիների ծառայությունը դարձրին դյուրին ու անվտանգ, ովքեր մեր տոնացույցին բանակի օր նվիրեցին: Մայրական օրհնանքս բոլոր զինվորականներին…
Պարիս ՀԵՐՈՒՆԻ.- Հայ մարդը՝ եւ՛ ավագները, եւ՛ երիտասարդները, պետք է մեծապես հպարտանա իր ազգությամբ, պատմական անցյալով, քանի որ ավելի խելացի, կարող, մեծավաստակ ժողովուրդ չկա աշխարհում, քան հայ ժողովուրդը: Մեր բանակի անհավանական, հրաշափառ ծնունդը դրա ապացույցն է: Մեր երկրի անվտանգության առաջին երաշխավորը զինվորի ոգին է, բարոյականությունը, հայրենասիրությունը, քաջությունը: Իսկ հայրենասեր լինելու համար զինվորը պետք է ճանաչի իր արմատը, անցյալը, պատմական ժառանգությունը: Մարդուց ոչինչ չի մնում, մնում է ապրած տարիների վաստակը՝ գործը: Ցանկանում եմ, որ մեր բանակի զինվորները բարձր գնահատեն ծառայական կյանքի յուրաքանչյուր րոպեն, իրենց պատվախնդիր ու հերոսական գործին նվիրվեն անմնացորդ:
Գեղամ ԳՐԻԳՈՐՅԱՆ.- Երկրի ու ժողովրդի գոյությունը հիմնականում պայմանավորված է բանակով ու մշակույթով. Զինվորը պաշտպանում է ազգը ֆիզիկապես, իսկ արվեստագետը նրա հոգեւոր պաշտպանն է: Մարտունակ բանակ եւ հզոր մշակույթ ունեցող ժողովրդին ոչ ոք չի կարող հաղթել: Ուրեմն՝ բանակն ու մշակույթը պետք է միասին լինեն: Վտանգված, անպաշտպան երկրում չի կարող ստեղծվել ինքնատիպ, ազգային ու ազդեցիկ մշակույթ: Զուգահեռաբար՝ առանց հզոր, ոգեշունչ մշակույթի չի կարող լինել ուժեղ, արժանապատիվ ու հայրենասեր բանակ: Խորին հարգանք ու խոնարհում հայ զինվորին ու նրա գործին…
Ալեքսանդր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.- Բանակը մեր հավատն է ու հպարտությունը, մեր գոյատեւման գրավականը, ապագայի հանդեպ մեր հավատի ու լավատեսության առաջին երաշխիքը: Մենք այսօր հաղթահարում ենք բոլոր դժվարությունները, առաջ ենք գնում, չենք կոտրվում, ընկճվում, քանի որ ֆիզիկապես պաշտպանված ենք սեփական երկրում՝ շնորհիվ ուժեղ ու մարտունակ ազգային բանակի: Մեր ժողովուրդը միշտ բանակապաշտ է եղել, սիրել է զինվորին: Մի բան եմ ուզում՝ ավելի շատ սեր ու ջերմություն տանք հայ զինվորին, ավելի հոգատար ու ուշադիր լինենք: Մեր սերը նրանց ավելի հայրենասեր, ազգապաշտ, խիզախ ու անձնվեր կդարձնի…
Ժամանակների հեռվից լսենք նաեւ մեծն ՆԺԴԵՀԻ պատգամը.- Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը…
Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ եւ կործանվում դրա բացակայությունից: Մեր ազգն առանց հայրենասիրության՝ ինչպես մարմինն առանց հոգի…
Շնորհավոր տոնդ, Հայոց հզոր բանակ: Զորացիր՛, որ հզորանա նաեւ երկիր հայրենին…