Մարդիկ իրենց կյանքում տարբեր տարիների բաժանարար գծեր են դնում։ Իմ կյանքում երբեք դրանք չեմ դրել՝ համարելով, որ ամեն հետեւանք իր պատճառն ունի, բայց դրանք բոլորը մեկ ամբողջության՝ մեր գործողությունների մեջ են։ Առաջին բաժանարար գիծը դրեցի 44-օրյա պատերազմից հետո. ոչ միայն այն պատճառով, որ դրանք իմ գործողություններից դուրս էին, այլեւ՝ որ բոլորովին այլ մարդ էի պատերազմից առաջ եւ բոլորովին այլ՝ հետո։
Կյանքում առաջին անգամ պատմության էջերն աչքիս առաջ շոշափելի անցան։ Առաջին անգամ մտահոգվեցի երեխաներիս ապագայով։ Առաջին անգամ վերքոտ զգացի ինչ ասել է՝ պատմությունից դասեր չքաղելը։ Բոլորովին այլ մայր էի պատերազմից առաջ. հանգիստ էի քնում, երեխաներս անվտանգ երկիր ունեին, հոգսս նրանց կերակրել, դաստիարակելն ու մեծացնելն էր։ Պատերազմից հետո քունը դարձել է մղձավանջ, ապրելը՝ նույնպես՝ անհասկանալի, առանց ծրագրերի, առանց նպատակների։ Միայն անափ անհանգստություն է՝ ինչ է սպասվում իմ երկրին։ Ու մտքերիս այս քաոսում մի հույս կա միայն՝ մի օր՝ անորոշ աղոտ, մի օր՝ լուսարձակող՝ բանակը։ Հայոց բանակը։ Հայ ռազմիկը։ Հայ զինական ուժը՝ նաեւ մտքի ու հոգու։ Հայ բանակը՝ բուն բանակից դուրս էլ՝ ազգ բանակը՝ օրորոցից սկսած մինչեւ խոր ծերություն։ Ամեն օր՝ շղթայական կապի մեջ՝ ռազմիկի ծննդով ու իբրեւ ռազմիկ մահով։ Այլընտրանք չկա։ Հատկապես ա՛յս օրով սա՛ պետք է հղել՝ իբրեւ շնորհավորանք, մաղթանք, հույս առ ապագա, դնել իբրեւ դաջվածք, կնքել իբրեւ անջնջելի հետք։
Հենց ա՛յս օրով ամեն մեկս պետք է շեշտենք մեր տեսլականը, որ անշրջելիորեն կձուլվի երկրի գործերին։ Յուրաքանչյուրս մեր բաժին օղակը պետք է ամրացնենք երկրի զարգացման շղթային՝ մեր իսկ՝ որպես հայ ապրածից ելնելով։
Օղակ առաջին` ամառային արձակուրդներին պապս հաճախ էր հարցնում՝ էդ երեւաններում ձեզ ի՞նչ են սովորեցնում։ Առաջին անգամ պատասխանեցի մտքիս եկածը՝ «ժողովուրդը երբեք չի սխալվում»։ Ուսերը վերուվար եղան, մի լավ ծիծաղեց. «Այ բալա, պատմություն կանցնես, հետո կխոսենք»։ Տեսավ, որ շփոթված եմ, շարունակեց. «Ժողովուրդները հաճախ են սխալվում, կարեւորը՝ բանակը չսխալվի»։ Արցախյան շարժումը նոր էր սկսվել, բանակ դեռ չունեինք։ Հետո, պապիս գերեզմանին առաջին միայնակ այցին ավետեցի. բանա՜կ ունենք, բանա՜կ։ Այս օրով ուզում եմ, որ այս բացականչությունը մշտապես մեծ թմբուկներ պատռի։ Ու դրա համար կցենք առաջին օղակը՝ ամեն մեկս մեզ բանակի անքակտելի մաս զգանք։
Օղակ երկրորդ՝ էլի ամառային մի արձակուրդի էլի երեւաններում սովորած մի հիմարություն դուրս տվեցի. «Քաղաքականությունում չկան մշտական թշնամիներ ու բարեկամներ»։ Այս անգամ չծիծաղեց, ուղիղ նայեց ինձ, թե՝ «այ բալա, ձեզ էդ ինչ ստեր են ասում։ Հենց բարեկամները կարող են փոխվել, բայց թշնամիները մշտական են։ Հա, թշնամություն անելու ձեւը կարող է փոխվել, բայց ոչ` թշնամանքի նպատակը»։ Հարցնում եմ՝ «էդ ո՞նց»։ Ասում է՝ «Տես, դու էսօր անտուն ես, քո իրական պապական տունը՝ Մշո տունը, չկա, թշնամին է էնտեղ ապրում։ Հա, քո մեծ տունը՝ հայրենիքդ դեռ լրիվ չես կորցրել, էս մի հատվածում ապրում ես։ Բայց չկա քո փոքր տունը՝ պապականը։ Իսկ փոքր տան դուռը շատ կարեւոր է մեծ տան դռները պինդ փակելու համար»։ Լացեցի՝ տեսնես իմ փոքր տունը հիմա որ անասունն է վայելում…
Հենց ա՛յս օրով ուզում եմ, որ մեր բանակը ոտքերի վրա էնպիսի ամրությամբ կանգնի, որ կարողանանք կցել երկրորդ օղակը՝ փոքր ու մեծ տների անբաժանության։
Օղակ երրորդ` քանի որ կյանքի իմ ամենահիշարժան դասերը պապուցս եմ ստացել, էլի մի պատմություն հիշեմ։ Ուրախ-ուրախ պատմում էի, թե ինչու եմ սիրահարվել մի տղայի. որովհետեւ միամիտ էր։ Պապս զայրացավ. «Դե հա, մեր ժողովրդի փառահեղ զավակն ա, պիտի միամիտ լինի»։ Տխրեցի՝ իսկ ես ուզում էի նրան ծանոթացնել պապիս հետ։ Զրույցը երկարատեւ ընդմիջվեց։ Մեկ էլ թե՝ արի էսօր սարում գիշերենք։ Հասկացա՝ պապս ասելիք ուներ, մեզ սարի տարածություն էր պետք։ Երեկոյան խարույկի շուրջ թե՝ «Էդ տղուն ռադ արա, միամտությունը հիմարության նշան ա, գառներն էլ են միամիտ, ի՜նչ ենք անում՝ մորթում ենք։ Մեր ժողովուրդն էլ էր միամիտ, ի՜նչ եղավ հետեւանքը։ Հիշում ես չէ՞, որ փոքր տունդ չկա։ Միամիտ թույլերն են լինում։ Ուժեղները խլվլան մտքով են (խորաթափանցներին էսպես էր կոչում) ու պինդ, տուն ու ընտանիք էլ չեն կորցնում»։ Իմ ու պապիս զրույցից հետո փուռ դրեցինք ու կարտոֆիլի հետ միասին իմ խեղճ միամիտ սիրահարին էլ «փուռը տվեցինք»։ Դե, պապս արգելեց նրան ոչ միայն մեր տան շեմին, այլեւ թաղում երեւալ։
Հե՛նց այս օրով ուզում եմ, որ կցենք մեր երրորդ օղակը՝ ազգ բանակի պնդության, հզորության ու… խլվլան մտքի։ Որովհետեւ միամիտներին (չշփոթել պարզության հետ) «փուռն են տալիս»՝ լավագույն դեպքում։
Օղակ չորրորդ՝ հայերենից բառեր էի սովորում ու գալիս պապիս զարմացնելու՝ մզմուզ, դրանկ, ընդունայն, գիշախանձ, ծոխանք, դրուժան, պժգանք, գետնամած, անիստակ, ճեւեղիկ, նոխազոտ, քսու, ժպիրհ, տհալ, որձեւէգ, որոմնացան, նանրամիտ, համբակ… Պապս թե՝ ո՞ւմ ես ասում։ Ես՝ հպարտ-հպարտ՝ «մեր տունը խլած թուրքին»։ Պապս թե՝ չէ, թուրքը մի անուն ունի՝ թշնամի։ Վերջ։ Իսկ քո էդ ճեւեղիկ-մեւեղիկը, համբակ-մամբակը ներքին թուրքին կասես, որ ավելի վտանգավոր ու զզվելի են, էն քո հազի լորձոտ դեղի պես, որ տատդ է սարքում։ Դրանց պիտի դեղի պես կուլ տաս, համ քո հազը կբուժվի, համ՝ երկրի։
Հե՛նց այս օրով ուզում եմ, որ կցենք մեր չորրորդ օղակը՝ ինչքան էլ զզվելի, լորձոտ դեղը մեր ողջ գոյության ընթացքում պարբերաբար պիտի ստիպված կուլ տանք, որ մեր երկրին ու մեր բանակին մնա մի թշնամի ու մի անելիք։
Օղակ հինգերորդ` Արցախյան շարժումը նոր-նոր սկսված՝ աթեիստ պապիս երբ հաճախ անհավատ էին կոչում, ասում էր, ես անհավատ չեմ, ես հին հայերից եմ։ Ու հին հայ պապս սիրում էր ինձ պատմել, որ Հայոց սիրո աստվածուհի Աստղիկի տիեզերական թվային ծածկագիրը 5-ն է, որ Վեներա մոլորակը 8 տարին մեկ արտագծում է կանոնաձեւ հնգաթեւ աստղ, որ դա էլ հնում դարձել է մաքրության, կատարելության ու անչափելի սիրո խորհրդանիշ, ու որ այդ ամեն ինչը կա Դա Վինչիի կոդում։ Այդ ժամանակ պապիս ասածներից բան չէի հասկանում, միայն մտապահել էի, որ այդ աստղը պտտվում է մեծ շրջանագծով, բայց սահմաններից դուրս չի գալիս, ինչը նշանակում է, որ ես, որպես իր հայ թոռնուհի, շրջանագծից պիտի դուրս չգամ, այսինքն՝ պիտի սիրեմ հայ տղայի եւ չխառնեմ արյունս։ Բնության օրենքն է, ասում էր, ոսկին ինչ մետաղի էլ խառնվի, հարգը կորցնողը հենց ինքը՝ ոսկին է լինում։ Գենի խառնվելուց ուժեղ գենն է կորում՝ սնելով թույլին։ Հնգաթեւ աստղի ծածկագրի, շրջանագծից դուրս չգալու «կտակը» պապս թողեց ինձ՝ իբրեւ գենս չխառնելու պատգամ։ Հետո գալիս էր Սասունցի Դավթին, ասում էր՝ «էդպես էլ չսովորեցինք, թե «մեր» մըսրամելիքներն ինչպես են ծնվում»։ Իմ մտքերում ծածկագիր 5-ը միշտ պատկերացնում էի իբրեւ հնգաժանիք մեծ մի զենք, որով Աստղիկ աստվածուհին հարկ եղած դեպքում օգնության էր հասնում Հայոց ռազմի աստված Վահագնին։ Աստղիկի սերն ուժ էր տալիս Ռազմի աստծուն։ Սերն է, որ «պարտադրելու» է մեզ ինքնաճանաչվել ու մաքուր պահել մեր գենը: Սերն է, որ ստիպելու է մեզ՝ մշտապես կանգնել հայ տղամարդու, հայ ռազմիկի, հայ բանակի ու հայրենիքի կողքին։
Հե՛նց այս օրով ուզում եմ, որ կցենք մեր հինգերորդ օղակը` բանակը պետք է մեր սերը լինի, բանակն ուժեղացնելը՝ մեր պարտքը, բանակի կողքին միշտ ու ամեն ինչում լինելը՝ մեր ամենօրյա գործը։ Որովհետեւ փոքր ու մեծ տների անբաժանության օրը տեսնելու համար պիտի պինդ ոտքեր ու խլվլան միտք ունենանք, մեզ նեղություն տանք զզվելի լորձոտ դեղեր խմելու, մըսրամելիքներ չծնելու, թշնամու բարեկամությանը հավատալու հիմարություն չունենալու եւ… սիրելու։ Անչափ, անհատակ, աներեւակայելի ուժով սիրելու մեր երկիրը։