Արցախյան գոյամարտի ընթացքում հայոց պատմությունը հարստացավ եւս մեկ հերոսամարտով՝ Քարինտակի 1992 թ. հունվարի 26-ի ճակատամարտով։ Գտնվելով Շուշիի հայտնի ժայռի տակ, հայոց այս գյուղը, սկսած 1988-ի փետրվարից, մշտապես ենթարկվում էր թուրքական հարձակումների, սակայն միշտ էլ մնում էր անսասան։
Այլ էր արդեն 1992 թ. հունվարի 26-ի հարձակումը գյուղի վրա։ Թշնամին, 3 կողմից շրջափակելով գյուղը, սկսել էր տարբեր զինատեսակներից ռմբակոծել, արկակոծել ու գնդակոծել, վառվող ավտոդողեր, քարեր գլորել ժայռից։ Մարտի մասնակիցների տվյալներով՝ ազերիների թիվը 300-400-ի էր հասնում։ Հատուկ նշանակության ջոկատներ էին՝ եկած հիմնականում Բաքվից։ Մարտական գործողությունն իրականացվել էր մայոր Նուրեդդին Աբդուլլաեւի հրամանատարությամբ, իսկ գլխավոր ղեկավարն Ադրբեջանի այն ժամանակվա պաշտպանության նախարար գեներալ-մայոր Տաջեդդին Մեհտիեւն էր, ով Շուշի էր եկել այդ օրերին։ Պարզ է՝ թշնամին վերջնական որոշել էր տեղահանել ու ոչնչացնել Քարինտակի բնակչությանը։ Ինչպես գիտենք՝ 1991 թ. մայիսի կեսերին խորհրդային բանակի օժանդակությամբ թշնամին հայաթափ արեց Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի 4 հայկական գյուղերը՝ Հին շենը, Մեծ շենը, Եղցահողն ու Տասի Վերստ-Ծաղկաձորը։ Հայաթափ էին արվել նաեւ Հադրութի շրջանի մի քանի բնակավայրեր։ Թշնամուն Արցախի հարավարեւմտյան կողմում միակ խանգարողը մնացել էր Քարինտակը, որտեղ բացի գյուղի բնակիչներից, նաեւ կային փոքր թվով ազատամարտիկներ։ Գյուղի վրա հարձակումն սկսվել էր վաղ առավոտյան՝ գնդակոծելով գնդացիրներից, արկակոծելով զրահամեքենաներից, հրետանուց։
1992 թ. մարտին Բերդաձորից տեղահանված եւ մինչ այդ ՀՀ-ում բնակվող տղաներից ստեղծված մի ջոկատի կազմում եկանք Արցախ։ Կոմանդոսի հրամանով տեղավորվեցինք Ավետարանոցում. նախապատրաստվում էր Շուշիի ազատագրումը։ Մեր զորանոցը նախկինում եղել էր մելիքական գրասենյակ, հետագայում դպրոց, այնուհետեւ՝ մետաքսի արտադրամաս։ Տեղեկացնեմ՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը՝ նաեւ Չանախչի անվամբ, որը վերջին պատերազմից հետո մնացել է գերության մեջ, ժամանակին եղել է Խամսայի մելիքություններից Վարանդայի Մելիք-Շահնազարյանների նստավայր-մելիքանիստը։ Արցախյան առաջին գոյամարտի տարիներին համեմատաբար ապահով գյուղ էր, եւ այստեղ էին տեղափոխվել մոտակա մի շարք բնակավայրերից երեխաներ ու կանայք։ Մեր զորամասի հարեւանությամբ էին ժամանակավոր բնակվում նաեւ քարինտակցիներ։ Այստեղ էր սեւազգեստ ու պատկառելի տեսքով ու տարիքով մի կին՝ Լիդա Վարդանյանը՝ հարսի ու 3 թոռան հետ։ Այդ օրերին Արցախում, հատկապես Քարինտակում ու մոտակա բնակավայրերում, իր քաջությամբ ու հմտությամբ հայտնի էր Լիդայի երկվորյակ որդիներից Ալյոշա Վարդանյանը, ում նաեւ Ռեմբո էին կոչել։ Մինչ Արցախյան շարժումը՝ Ալյոշան ընտանիքով բնակվել էր Մինվոդիում, այնուհետեւ տուն էր եկել ու դարձել հայրենի հողի պաշտպան։ Հունվարի 26-ին հերոսաբար մարտնչել էր Ալյոշան ու մարտիրոսվել։ Մայրը հպարտ էր իր զավակով եւ ասում էր՝ Ալյոշայի երկվորյակ եղբայրը՝ Արտյուշան, վրեժը լուծել է եւ շարունակելու է լուծել։
Ավետարանոցի ջոկատի հրամանատար Համլետ Ստեփանյանը, զինակից Ալիխան Համբարձումյանը պատմեցին՝ ինչպես են տեղեկացել Քարինտակի վրա հարձակման մասին ու հասել օգնության Քիրսի թիկունքով։ Անտառում թշնամին դիմակայել է մեր տղաներին, սակայն դիմադրությունը շուտով կոտրվել է, եւ 50-ից ավելի ասկյարի անշունչ մարմին մնացել էր մարտադաշտում։ Արեւելյան հատվածով քարինտակցիներին օգնության էին հասել նաեւ Շոշի, Սղնախի, Քռասնու, Սզնեքի, Կարմիր գյուղի եւ Աշոտ Ղուլյանի՝ Բեկորի ջոկատները։ Այդ պահից սկսած՝ ադրբեջանցիները նահանջել են, եւ երեկոյան ժամը 6-ի սահմաններում ճակատամարտն ավարտվել է։ Ինքնապաշտպանության մասնակիցներից 16-ամյա Երվանդ Աբրահամյանը պատմել է՝ ճակատամարտի ընթացքում ադրբեջանցիներին միայն հաջողվեց ժամանակավոր գրավել «Գարաժ» կոչվող դիրքը։ Նրանք կրակ էին վառել եւ պարում էին դրա շուրջը՝ կարծելով, որ արդեն հաղթել են։ Պատանին պատմել է նաեւ՝ թուրքերը կտրել էին իրենց ձեռքն ընկած գյուղի պաշտպաններից մեկի ականջը, հանել սիրտը եւ պարում էին շուրջը։ Քարինտակի մարտն ավարտվել է մեր քաջերի հաղթանակով, ու գյուղը չի դատարկվել։ Ըստ մարտի մասնակիցների՝ օրինակ՝ ըստ ԱրՊՀ մանկավարժության եւ սպորտի ֆակուլտետի դեկան, պահեստազորի գնդապետ, ծնունդով քարինտակցի Շահեն Այդինյանի, պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Մհեր Հարությունյանի՝ թուրքերը պարտվելով, սկսել էին փախչել՝ մարտադաշտի տարբեր վայրերում թողնելով 150-ից ավելի դիակ, զենք ու զինամթերք։
1992 թ. հունվարի 26-ից հետո թուրքերը Քարինտակն անվանում էին «Արյունոտ ձոր»: Մինչեւ վերջերս՝ 2020 թ. սեպտեմբերը, գյուղի մոտակայքում ընկած էր թշնամու զրահամեքենան, որը մեր տղաները շարքից հանել էին։ Հերոսամարտի ընթացքում զոհվել է 22 հայ, վիրավորվել՝ 17-ը, գյուղի ընդհանուր կորուստները 1988-1994 թթ. կազմել են 45 մարդ։ Մարտադաշտում մարտիրոսվեց նաեւ գյուղի ինքնապաշտպանության հրամանատար Վաղարշակ Առուշանյանը, ով հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Մեծ է Վաղարշակի ավանդը հայրենի գյուղի, ինչպես նաեւ Բերդաձորի ու մոտակա բնակավայրերի ինքնապաշտպանության գործում։ Ալյոշա Վարդանյանը, ով նույնպես հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, մահացել է մեքենայի մեջ։ Ծանր վիրավոր իջեցրել են դիրքերից եւ ցանկացել տեղափոխել Ստեփանակերտ, սակայն թշնամու ականանետից արձակած արկն ընկել է մեքենայի վրա։ Զոհվել են նաեւ մեքենայում եղած երիտասարդ ամուսիններ, ովքեր նույնպես վիրավոր են եղել, եւ վարորդը։ Հերոս նահատակներից Հենրիխ Ամիրջանյանը, Գարիկ Առաքելյանը եւ Վագիֆ Պետրոսյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Հունվարի 26-ին հերոսաբար զոհվեցին նաեւ Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի (ԲԻԽ) անդամներ՝ երեւանցիներ Անուշավան Հարությունյանը, Նորիկ Մանասերյանը, Քարինտակից՝ Կարեն Առուշանյանը. տղաներին ճանաչում էի Բերդաձորից։
1989-90 թթ. եւ մինչեւ Բերդաձորի հայաթափումը՝ 1991 թ. մայիսի կեսերը, շատ ազատամարտիկներ էին պաշտպանում Բերդաձորը։ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել են նաեւ Արթուր Առաքելյանն ու Ալեքսանդր Աբրահամյանը։ Ցավով պետք է ասեմ՝ Արթուր Առաքելյանը եւ որդին՝ Կամո Առաքելյանը, 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ընթացքում մասնակցել են իրենց գյուղի՝ Քարինտակի ինքնապաշտպանական մարտերին: Հայր ու որդի եւ համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը՝ Վաղարշակ Առուշանյանի որդին, ով, թեեկուզ պատանի, մասնակցել էր 1992 թ. հունվարի 26-ի հերոսմարտին, զոհվել են 2020 թ. հոկտեմբերի 29-ին թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից: Նրանք «ՈՒԱԶ» մեքենայով գնում էին դիրքեր՝ վիրավորներին հանելու, այստեղ անօդաչուն նրանց հարվածել է։ Մխիթարը 2016 թ. Ապրիլյան պատերազմի օրերին գյուղի կամավորական ջոկատի հրամանատարն էր։ Մատաղիսում հանդիպեցի, զրուցեցինք։ Հայրն իրեն այդպես էր դաստիարակել՝ միշտ տեր կանգնել հայրենի հողին։ 2020 թ. պատերազմի ընթացքում Քարինտակից զոհվեց 1 քաղաքացիական անձ՝ Ալվարդ Թովմասյանը, ով համարվում էր անհետ կորած, եւ դիակը գտան 2021 թ. հունվարին։ Սակայն մարտադաշտերում մարտիրոսվեցին նաեւ համայնքի ղեկավարը, գյուղի մարտական ջոկատի հրամանատար Արթուր Առաքելյանն ու որդին՝ Կարենը։ Մարտունիում մարտերի ժամանակ զոհվել են Քարինտակի դպրոցի տնօրենի որդին՝ ժամկետային զինծառայող Ալեքսեյ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ՝ Գերասիմ Հովհաննիսյանը եւ Արսեն Ավանեսյանը։ Քարինտակցի փոխգնդապետ Մխիթար Հովհաննիսյանը զոհվել է Ջրականում (Ջաբրայիլ)։ Հովհաննիսյան տոհմն արցախյան 90-ականների եւ վերջին պատերազմների ընթացքում տվեց 7 զոհ, բոլորն էլ՝ մարտադաշտում։ Արցախի բանակի Ն զորամասի հետախուզական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Վարդանյանից մինչ օրս ընտանիքը լուր չունի:
Արցախյան վերջին պատերազմում Շուշիի հետ թշնամու տիրապետության տակ մնաց նաեւ Քարինտակը, որը թուրքերը քանդում են՝ հիշելով նաեւ 1992 թ. հունվարի 26-ի՝ իրենց կրած պարտությունը։