2020 թ. ինչով է նշանավորվել համակարգի աշխատողների համար, եւ ինչին են միտված եղել օրենսդրական փոփոխություններն ու ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերը: Ինչպիսի քայլեր են իրականացվել ստորաբաժանումների գործունեությունը ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու եւ այն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Որոնք են գերատեսչության առաջնահերթությունները, եւ լիազորությունների շրջանակներում նախարարությունն ինչպես է փորձում լուծում տալ հանրության կողմից բարձրացված խնդրահարույց հարցերին: Որպես իրադարձություն՝ ինչ կարելի է ակնկալել երկրի Սահմանադրության մեջ ենթադրվող փոփոխություններից: Հիմնականում այս եւ իրավական բնույթի մի շարք այլ հարցեր շոշափեց լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ ամփոփելով իր գլխավորած գերատեսչության 2021 թ. գործունեությունը:
Անդրադառնալով օրենսդրության կատարելագործմանը՝ նախարարը որոշ պարզաբանումներ արեց, մասնավորապես, «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարված փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ: Օրենքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում է նախատեսվում նաեւ այն դեպքում, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով, քանի որ զինված ուժերի գործունեության ընթացքում եղել են դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ, կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ եւ չեն կատարել հատուկ առաջադրանք: Օրինագծի ընդունմամբ ապահովվել է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի մուտքերի ավելացում, ինչը հնարավորություն է տվել զոհված զինծառայողների ընտանիքներին, 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին՝ ժամանակին ստանալու օրենքով սահմանված միանվագ եւ ամսական հատուցումները:
Գերատեսչության ղեկավարի համոզմամբ՝ «Զինվորական ծառայության եւ կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունները հնարավորություն են տալիս հանրապետության զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնել նաեւ նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած եւ մինչեւ 55 տարեկան պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները եւ իգական սեռի քաղաքացիները՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:
Հիմնավորելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում իրականացված փոփոխությունների անհրաժեշտությունը՝ Ժ. Միրզոյանը նշեց, որ արդարադատության նախարարության համակարգում գործող դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը վերանվանվել է հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Միաժամանակ սահմանվել է ծառայության կողմից՝ բացի դատական ակտերից նաեւ անբողոքարկելի վարչական ակտերն ի կատար ածելու իրավասությունը: Սակայն նոր օրենքում ծառայությունում բարձրագույն կամ գլխավոր խմբերի թափուր պաշտոններում նշանակում կատարելիս առաջնահերթությունը տրվում է հարկադիր կատարման ծառայության, այնուհետեւ՝ զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, քննչական կոմիտեի, փրկարարական եւ քրեակատարողական ծառայությունների այն ծառայողներին, ովքեր բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար հարկադիր կատարողներին ներկայացվող պահանջները: Միաժամանակ ամրագրվել է հարկադիր կատարման ծառայությունում առաջատար խմբի հարկադիր կատարողի կամ տեսուչի թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնը արտամրցութային կարգով համալրելու հնարավորություն: Հարկադիր կատարման ծառայության աշխատողների համար սահմանվել են նոր սոցիալական երաշխիքներ:
Բանախոսն իր խոսքում անդրադարձավ նաեւ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փորձաքննության գործառույթին՝ ընդգծելով, թե զգալիորեն ընդլայնվել են նոտարական գործունեության շրջանակները: Նրա տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակաշրջանում պետական իրավական փորձաքննության են ենթարկվել 709 նորմատիվ իրավական ակտերի նախագծեր: Անվճար նոտարական ծառայություններ են մատուցվել մշտական բնակավայրերից բռնի տեղահանված հարյուրավոր ընտանիքների:
Որպես համակարգի ստորաբաժանման գործառույթ՝ ասուլիսի ժամանակ կարեւորվեց նաեւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման կազմակերպման խնդիրը: Հաշվետու ժամանակաշրջանում ընթացքավորվել են 2.847 հարցումներ` քաղաքացիական կացության ակտային գրանցումների պատճենների, վկայականների կրկնօրինակների եւ ակտային գրանցումների առկայության կամ բացակայության մասին՝ տեղեկանքների տեսքով: Գործակալության կողմից ընտանեկան կարգավիճակի մասին տրված տեղեկանքների դիմաց գանձվել է 185 000 դրամ պետական տուրք: ՔԿԱԳ բաժինների կողմից կատարված գործողությունների դիմաց գանձվել է 12 մլն դրամ տուրք:
2020 թ. համեմատությամբ ծննդյան ակտային գրանցումների թիվը նվազել է 113-ով: ՔԿԱԳ հանրապետական արխիվի կողմից 2021 թ. ընթացքավորվել է 7.694 գրություն, որից 6.800-ը՝ էլեկտրոնային կառավարման նոր ծրագրով: Նշված ժամանակաշրջանում էլեկտրոնային եղանակով թվայնացվել է 1.224 ակտային գրանցում: Նոտարական գրասենյակների կողմից կատարվել է 21.268 նոտարական գործողություն, որի դիմաց գանձվել է ավելի քան 22 մլն դրամ պետական տուրք: Հաշվետու ժամանակահատվածում պետական գրանցման է ենթարկվել 294 առեւտրային եւ 38 ոչ առեւտրային տիպի իրավաբանական անձ, 453-ի հիմնադիր փաստաթղթերի փոփոխությունները սահմանված կարգով գրանցվել են, իսկ 29-ի գործունեությունը` դադարեցվել: Պետական հաշվառման է ենթարկվել նաեւ 629 անհատ ձեռնարկատեր, 414-ը ստացել է ընթացիկ պետական հաշվառում, իսկ 121-ի գործունեությունը դադարեցվել է:
Իր գործառույթներն արդյունավետ է իրականացրել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտը: Ծառայության կողմից հարուցվել են 6.918 կատարողական վարույթներ, եւ փաստացի կատարման հիմքով կարճվել է նրանցից 3.662-ը, ավարտվել՝ 2.994-ը: Կատարողական վարույթներով բռնագանձված արժեքների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 520 մլն դրամ: Դատական փորձաքննությունների լաբորատորիայում գրանցվել է 373 մուտք, ավարտին է հասցվել 184 փորձաքննություն: Փորձագետների կողմից հետազոտվել է 752 օբյեկտ: Նախարարության ստորաբաժանումների կողմից հօգուտ պետական բյուջեի գանձված ընդհանուր գումարի չափը կազմել է շուրջ 90 մլն դրամ:
Ամփոփիչ խոսքից հետո նախարար Ժիրայր Միրզոյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով «ՀՀ»-ի այն հարցին, թե ինչպես պետք է լուծվի պատերազմի հետեւանքով մշտական բնակավայրերից տեղահանված անձանց համապատասխան կարգավիճակ տրամադրելու խնդիրը, որոնց մի մասն Արցախում է, մի մասը հանգրվանել է Հայաստանում, իսկ ոմանք էլ՝ հայտնվել են արտերկրում, նախարարն ասաց. «Օրենսդրության տրամաբանությունն այն է, որ փախստականի կարգավիճակ տրամադրվում է այն երկրներում, որտեղ հանգրվանում են տեղահանվածները: Կառավարության նպատակը ոչ թե կարգավիճակ տալն է, այլ նրանց համար համայնքային, կենցաղային պայմանների ստեղծումը, որպեսզի մարդիկ ունենան իրենց բնակարանը, զբաղմունքը, բարելավվեն սոցիալական պայմանները: Պետությունը զգալի ներդրումներ է կատարում այդ ուղղությամբ»: Ապա հավելեց, թե իրավական տեսակետից Արցախի կառավարությունը չի կարող իր երկրի քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տրամադրել: Նրա համոզմամբ՝ տեղահանված քաղաքացիները պետք է վերադառնան Արցախ: