2022 թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված երրորդ եւ հաջորդ երեխաների համար նախատեսված է 50 հազար դրամ ամսական աջակցություն։ Կառավարության համապատասխան որոշումը կա, եւ կա նաեւ այդ աջակցությունը նշանակելու եւ վճարելու կարգը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ այդ աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն արդեն ընդունվում են։ Ընդ որում՝ ե՛ւ առձեռն, ե՛ւ առցանց եղանակով։
Առձեռնի պարագայում անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Առցանցի պարագայում՝ միասնական սոցիալական ծառայության կայքէջում էլեկտրոնային դիմում ներկայացնելու նպատակով անհրաժեշտ է մուտք գործել «www.socservice.am» կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ» բաժնի «Սոցիալական ապահովություն. առցանց դիմումներ» պատուհանը։ Ապա «Մուտքագրել 3-րդ եւ հաջորդ երեխայի դրամական աջակցության դիմում» ենթաբաժինը։ Բացվող պատուհանում անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթում առկա համապատասխան տվյալները։
Դրամական աջակցությունը նշանակվում է հետեւյալ դեպքերում, եթե՝ 1. աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է, 2. դիմելու օրվա դրությամբ ծնողը եւ նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանում, 3. դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան եւ երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում։
Աջակցություն ստանալու իրավունքը դադարում է հետեւյալ դեպքերում՝ 1. շահառու երեխայի 6 տարին լրանալիս, 2. պետռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ շահառու երեխայի կամ ծնողի հաշվառումից դուրս գալու դեպքում, 3. շահառու երեխայի կամ ծնողի` օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում, 4. ծնողի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարելու դեպքում, 5. ծնողին 6 ամիս անընդմեջ դրամական աջակցությունը չվճարելու դեպքում, 6. շահառու երեխայի՝ Հայաստանից անընդմեջ 6 ամսից ավելի ժամկետով բացակայելու դեպքում, 7. շահառու երեխայի կամ ծնողի մահվան դեպքերում։
Տեղեկացնենք նաեւ, որ կառավարության՝ ամսական 50 հազար դրամ աջակցության որոշումը տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո, բայց մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը մինչեւ 2025 թ. հուլիսի 1-ը կառավարություն պետք է ներկայացնի առաջարկ՝ 2025 թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված երեխաներին սույն որոշմամբ սահմանված դրամական աջակցություն նշանակելն ու վճարելը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ։
Դրամական աջակցությունը վճարվելու է անկանխիկ՝ բանկի միջոցով։ Եվ դրամական աջակցությունն ստացող ծնողը այդ աջակցությունը շարունակաբար ստանալու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ եւ հայտարարություն ստորագրել Հայաստանում լինելու մասին:
Հավելենք, որ եթե միաժամանակ ծնվել են մեկից ավելի երեխաներ, ապա դրամական աջակցությունը կնշանակվի եւ կվճարվի յուրաքանչյուր շահառու երեխայի համար: