Այլեւս ակնհայտ է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի լարմանը զուգահեռ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում են Ռուսաստանի համար լրացուցիչ ուշադրության եւ ռեսուրսների ներգրավում ենթադրող խնդիրներ ստեղծել Սիրիայում եւ Արցախում, որտեղ տեղակայված են ռուսական խաղաղապահ եւ այլ զորքեր:
Նախորդ շաբաթ Թուրքիայի զինված ուժերն օդային հարվածներ են հասցրել Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում Դերիք, Սինջար եւ Քարաջաք բնակավայրերում գտնվող քրդական պաշտպանական ուժերի հենակետերի վրա։ Քրդերի դեմ իրականացված ռազմական գործողությունը կրել է «Ձմեռային արծիվ օպերացիա» անունը, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: Վերջին մեկ տարվա ընթացքում Անկարան Սիրիայում նման խոշոր ռազմական օպերացիա չէր իրականացրել, եւ ակնհայտ է, որ Անկարան օգտվում է այն հանգամանքից, որ ՌԴ-ն ամբողջ ուշադրությունը սեւեռել է Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի հետ ունեցած աննախադեպ լարված հարաբերություններին, եւ համատեղ պատասխանատվության գոտիներում գնում է իրավիճակի սրման:
Շաբաթվա ավարտին իր «ավագ եղբոր»՝ Թուրքիայի հրահրմամբ արդեն Ադրբեջանը գործողություններ իրականացրեց Արցախի Հանրապետության հետ շփման գծում: Կիրակի օրն այս երկրի լրատվամիջոցներով տարածվեցին տեղեկություններ, թե իբր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական բնակավայրի ուղղությամբ: Արցախի պաշտպանության բանակը անմիջապես հերքեց լուրերը՝ հայտարարելով, որ դրանք կեղծ են եւ ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: Իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էին Ադրբեջանի զինված ուժերը: «Արցախի պաշտպանական գերատեսչությունը եւս մեկ անգամ փաստել է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին եւ կոչ արել Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից»,- իր հայտարարության մեջ ասել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը:
Այն, որ Բաքվի այդ գործողությունները միանշանակ ուղղված էին Արցախի շփման գծում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում լարվածության ֆոնի ստեղծմանը, երկրորդ կարծիք լիներ չէր կարող: Ադրբեջանը պարբերաբար հրադադարի ռեժիմը խախտում է Արցախի հետ շփման գծի տարբեր հատվածներում, ինչի մասին, որպես կանոն, լռում էր: Շատ դեպքերում հայկական կողմն էլ չի բարձրաձայնում՝ հիմնականում Շուշիի հատվածներում տեղի ունեցող հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների դեպքերի մասին: Սակայն վերջին միջադեպից ակնհայտ երեւաց Ադրբեջանի նենգ մարտավարությունը, ինչպես արվեց 44-օրյա պատերազմի մեկնարկին, երբ ակնհայտ նախահարձակ գործողությունները ներկայացվեցին որպես հակահարձակում եւ հայկական զինված ուժերի «սադրանքներին» պատասխան:
Ադրբեջանն այսօր էլ նույն մարտավարությամբ խախտում է հրադադարը եւ պատասխանն ստանալուց հետո ներկայացնում, թե իբր հայկական կողմն է խախտել այն՝ դրանով, ըստ էության, առաջին հերթին մեղադրելով ՌԴ խաղաղապահներին իրենց առաքելությունը լավ չիրականացնելու համար: Նման գործողությունների տրամաբանությունը պարզ է՝ սադրելով սահմանային միջադեպեր, պաշտոնական Բաքուն ցանկանում է թուլացնել ՌԴ խաղաղապահների դիրքերն Արցախի շփման գծում եւ դրանով հող ստեղծել, բացի Ակնայում տեղակայված համատեղ մոնիթորինգի խմբից, թուրքական ռազմական ներկայությունն էլ ավելի մեծացնելու համար, առավել եւս, որ դրա նախօրեին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել էր ռազմական փոխադարձ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ Շուշիում նախորդ տարի ստորագրված Էրդողան-Ալիեւ հռչակագիրը: Մյուս կողմից էլ այդ հռչակագիրը ձեւական իրավական տեսք է տալիս ադրբեջանական բանակը թուրքականի վերածելու գործընթացին, որը վաղուց է սկսվել:
Հետեւաբար՝ հայկական պետությունները պետք է պատրաստ լինեն տարածաշրջանում թուրք-ադրբեջանական սադրանքներով պայմանավորված բոլոր հնարավոր եւ անհնար սցենարներին, որոնց հավանականությունը հավասարապես մեծանում է Ուկրաինայի շուրջ անկայուն վիճակ ստեղծվելու դեպքում: Այստեղ առաջնային է դիտարկել հակազդման բոլոր միջոցները: Բացի ռազմական բաղադրիչից, երբ ՀԱՊԿ ռազմաքաղաքական բլոկում գտնվող Հայաստանը միանշանակ հստակ հակազդման սցենարներ պետք է իրականացնի մեր երկրում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի խաղաղապահների եւ ՀԱՊԿ միացյալ ուժերի հետ միասին, նաեւ աշխարհաքաղաքական խմորումներում դիվանագիտական գործիքների լայն ներգրավում պետք է ապահովվի, որպեսզի կանխարգելվեն ցանկացած ոչ նախընտրելի ռազմական գործողությունների զարգացումները տարածաշրջանում: