Նիկոլայ Բաեւի, Հովհաննես Տեր-Հովհաննիսյանցի, Վարդան Սարգսյանի եւ անվանի այլ հայ, հատկապես՝ շուշեցի ճարտարապետների շնորհիվ է Բաքուն գավառական քաղաքից վերածվել Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի: ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում ներկայացվել են հայ ճարտարապետների ստեղծագործությունները:
«Շուշին այժմ մերը չէ, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է չշարունակենք պայքարել: Մենք պետք է գնանք առաջ, պետք է նայենք առաջ ու շարունակենք մեր պայքարը՝ հանուն այն տարածքների, որոնք այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են»,-ասաց խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա հիշեցրեց՝ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի 7-րդ կետը սահմանում է՝ ներքին տեղահանված անձինք եւ փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից շրջաններ: «Սա նշանակում է, որ շատ տեսանելի է այն ապագան, որ մենք կարող ենք հասնել Շուշիի, Հադրութի եւ մյուս բնակավայրերի այն նախկին վիճակին, որ ունեինք, եւ մեր հայրենակիցները շարունակեն ապրել այնտեղ: Մենք պարտավոր ենք հզորանալ, քանի որ այլընտրանք չունենք»,-ասաց Թովմասյանը:
Ներկայացվեցին մեծամասամբ ծնունդով շուշեցի հայազգի, Ռուսաստանում մասնագիտական կրթություն ստացած մի խումբ ճարտարապետների ստեղծագործություններ, որոնց ճարտարապետական մտքի շնորհիվ, ի թիվս այլոց, Բաքուն գավառական քաղաքից այսօր վերածվել է Անդրկովկասի խոշոր վարչական եւ արդյունաբերական կենտրոնի: Ցուցադրությունը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանը: Նախապատրաստական աշխատանքներն իրականացրել է ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ցուցադրությունը կարեւոր առիթ համարեց՝ վերհիշելու, թե 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Բաքվի հայկական համայնքն ինչպիսի դերակատարում է ունեցել ոչ միայն քաղաքի մշակութային եւ տնտեսական կյանքի զարգացման հարցում, այլ նաեւ քաղաքաշինության ոլորտում:
Նա հիշեցրեց պատմությունը՝ 1885-1915 թթ Սանկտ Պետերբուրգում ուսանած հայ 115 ինժեներներ ներգրավվել են Անդրկովկասում տարբեր նախագծային աշխատանքներում, եւ նրանց մի մասը ներգրավվել է նաեւ Բաքվում ճարտարապետական նախագծային աշխատանքներ կատարելու գործում: ,Նրանց շարքում են եղել Նիկոլայ Բաեւը, Հովհաննես Տեր-Հովհաննիսյանցը, Վարդան Սարգսյանը եւ այլք: 1911-1918 թթ. Բաեւը հանդիսացել է Բաքվի գլխավոր ճարտարապետը, եւ նրա օրոք ստեղծվել է մի մշակութային կոթող, որն այսօր Բաքվում ծառայում է որպես օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոն: Նա նաեւ նախագծել է Սաբունչիի երկաթգծային կայարանի շենքըե,-նշեց Մակունցը:
Նա նշեց՝ ի տարբերություն Ադրբեջանի որդեգրած քաղաքականության՝ հայերը հայկական մշակույթի տարերով հարստացրել են հենց նրանց մշակույթը: «Ես կարծում եմ, որ Շուշիի նկատմամբ սերը պետք է բոլորիս համախմբող դեր ունենա, եւ այն հարցը, որը դրվում է բանակցային սեղանի օրակարգում՝ դեօկուպացիայի հարցը, պետք է մեզ համար լինի կարեւոր գերխնդիր»,-ասաց խմբակցության ղեկավարը: