ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳԿ) հայտնաբերած դեղամիջոցները հաջողությամբ ներդրվում են բժշկական կլինիկական պրակտիկայում։
ՕԴՔԳԿ-ի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում հետազոտվում են նեյրոտրոպ միացություններ, ինչի արդյունքում բժշկական կլինիկական պրակտիկայում ներդրվել է հակաէպիլեպտիկ դեղամիջոց Պուֆեմիդը: Մեկ այլ դեղամիջոց՝ պոտենցիալ տրանկվիլիզատոր Պիրատիդինը, նախակլինիկական փորձարկման փուլում է: Համակողմանի եւ խոր ուսումնասիրման է ենթարկվում նոր օրիգինալ դեղամիջոց N3212-ը, որն ունի հակաէպիլեպտիկ եւ համակցված հոգեմետ արտահայտված հատկություններ: Պուֆեմիդի, Պիրատիդինի, դեղապրեպարատ N3212-ի ուսումնասիրությունները եւ վերջին տարիներին բացահայտված միացությունները կարող են հետագայում կիրառություն ունենալ որպես նոր դեղամիջոցներ նեյրոտրոպ հատկություններով՝ ինչպես էպիլեպսիայի, այնպես էլ նեւրոզների եւ մանիակալ-դեպրեսիվ սինդրոմի բուժման ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։
Նույն աղբյուրի՝ մեզ փոխանցած տվյալների համաձայն՝ ՕԴՔԳԿ-ում հակացնցումային եւ հոգեմետ հատկությունների հայտնաբերման ուղղությամբ ուսումնասիրվել են տարբեր քիմիական խմբերի պատկանող ծծումբ, ազոտ եւ թթվածին պարունակող նոր միացություններ: Դրանց հետազոտությունն իրականացվել է կորազոլային (պենտիլենտետրազոլ, որն օգտագործվում է որպես ցնցումային միջոց էպիլեպսիայի փոքր նոպաների ստեղծման համար) թեստով, որն առաջնային ընտրության մոդել է ինչպես էպիլեպսիայի, այնպես էլ անքսիոլիտիկ (տրանկվիլիզատոր հակավախային) կանխատեսվող հատկությունների բացահայտման համար՝ օգտագործելով սպիտակ մկներ: Առավել ակտիվ՝ 60-80 տոկոս, 8 միացություն ենթարկվել են խոր հետազոտության ցնցումային տարբեր թեստերով եւ հոգեմետ հատկությունների բացահայտման համար՝ «բաց դաշտ», «բարձրացված խաչաձեւ լաբիրինթոս», «հարկադրված լող», «պասիվ խուսափման պայմանական ռեակցիա» թեստերով՝ կիրառելով տարբեր փորձարարական կենդանիներ՝ աուտբրեդ մկներ եւ առնետներ:
Հոգեմետ միացությունների հետազոտման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Պարոնիկյանը բացատրում է. «Նշված թեստերով միացությունները ցուցաբերել են բարձր հակացնցումային, վարքագիծն ակտիվացնող կամ ընկճող հատկություն, անքսիոլիտիկ հատկություններ, որոշակի հակադեպրեսանտ ազդեցություն: Ուսումնասիրված միացությունները «պտտվող առանցքի» մոդելով հետազոտված դեղաչափերով չեն ունեցել միոռելաքսանտ ազդեցություն»։ Նա նշում է նաեւ, որ լաբորատորիայում ուսումնասիրվել է նաեւ 52 քիմիական նոր միացությունների հակամոնոամինօքսիդազային ակտիվությունը, որը բնորոշում է նրանց հակադեպրեսանտ ակտիվությունն առնետների ուղեղում in vitro փորձի պայմաններում: Արդյունքում առանձնացվել են սպիրոբենզո խինազոլինների, կոնդենսացված պիրիմիդինների, ամինաթթուների հիդանտոինների ածանցյալներ՝ հետագա խոր ուսումնասիրությունների համար: Ըստ Ռ. Պարոնիկյանի, որոշ ընտրված միացություններ ենթարկվել են պաթոհիստոլոգիական ուսումնասիրման, որոնք իրականացվել են հիպոկամպում եւ էնտորինալ (ուղեղի կառուցվածքներ, որոնք պատասխանատու են հոգեմետ հատկությունների դրսեւորման համար) կեղեւում: «Եվ բացահայտված է միացություն, որն ունի նեյրոպրոտեկտիվ ակտիվություն եւ կանխում է կորազոլավ առաջացած գլիոզը եւ նեյրոնների կորուստը»,- նշում է Ռուզաննա Պարոնիկյանը:
Կենսաբանական գիտությունների դոկտորը բացատրում է, որ չնայած մի շարք հիվանդությունների զարգացումը կանխատեսելու եւ օրգանիզմի վիճակը գնահատելու տարբեր մեթոդների մշակման զգալի առաջընթացին՝ ներկայում արդիական է նոր, ավելի արդյունավետ եւ լայնորեն հասանելի մոտեցումների որոնումը՝ օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակն ու վաղաժամ խանգարումներն օբյեկտիվորեն գնահատելու համար: «Եվ այս առումով մեր ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում մշակված «Բիոսկոպ» սարքավորումային համալիրը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Մեր հետազոտությունները ցույց են տվել «Բիոսկոպ» սարքավորումային համալիրի օգտագործման հնարավորությունը ոչ ինվազիվ (առանց շփման) ուսումնասիրելու օրգանիզմում էպիլեպտիֆորմ վիճակների կանխման եւ պաշտպանման բնույթը՝ օգտագործելով հայտնի հակաէպիլեպտիկներ՝ ֆենոբարբիտալ եւ դիազեպամ, ինչպես նաեւ գնահատելու ժամանակակից դեղամիջոցներ լամոտրիջինի եւ տոպիրոմատի օպտիմալ չափաբաժինները՝ օրգանիզմի էպիլեպտիֆորմ վիճակները կանխելու համար»։
ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության համաձայն՝ շարունակվել են աշխատանքները «Բիոսկոպի» կիրառմամբ այլ հակաէպիլեպտիկ դեղամիջոցների, մասնավորապես՝ դիլանտինի, դեպակինի եւ զարոնտինի հետ ուսումնասիրություններում: Առաջարկվել է օգտագործել այս նոր մեթոդը սկրինինգային՝ հակացնցումային դեղամիջոցների հայտնաբերման համար:
Ուսումնասիրությունները հիմնականում իրականացվել են բազային հետազոտությունների, ինչպեսեւ Գիտության կոմիտեի դրամաշնորհի, այժմ էլ կատարվում են 21T-3C101 թեմայի շրջանակներում: Աշխատանքներում ներգրավված են նաեւ երիտասարդ գիտնականներ, քիմիկոսներ, կենսաբաններ։
ԳԱԱ-ն փաստում է, որ կատարված աշխատանքների հանդեպ կա մեծ հետաքրքրություն միջազգային հանրության կողմից։