Արագ փոփոխվող տեխնոլոգիական մեր ժամանակաշրջանում էվոլյուցիա են ապրում հասարակական հարաբերությունների բոլոր հատվածները: Հանրային կյանքի այս ընթացքի մեջ բազմաթիվ են նոր ի հայտ եկած նրբությունները, որոնց մասին իրազեկված լինելը էականորեն կարող է ազդել քաղաքացու կենսակերպի վրա: Մասնավորապես, ընտանիքների համար շատ կարեւոր են ֆինանսների կառավարման հարցերը: Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների ուժեղացումն այսօր համազգային խնդիր է:
2012 թ. Համաշխարհային բանկի իրականացրած` բնակչության ֆինանսական ունակությունների գնահատման հարցման ցածր արդյունքները պատճառ դարձան, որ 2012-ին կենտրոնական բանկի կողմից ձեւավորվի ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման եւ իրագործման հանձնաժողով: Վերջինս մշակեց ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը եւ 2014-2019 թթ. գործողությունների ծրագիրը: Այն նպատակ է հետապնդում օգնել բնակչությանն անձնական ֆինանսներն առավելագույնս արդյունավետ կառավարելու համար ձեռք բերել համապատասխան գիտելիքներ եւ հմտություններ:
ԿԳՄՍ նախարարությունը ԿԲ-ի հետ համատեղ ամփոփել է առաջին փուլի արդյունքները եւ մշակել 2021-25 թթ. գործողությունների պլանը, որը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում: Հայաստանի գլխավոր դրամատունը մտադիր է շարունակել համագործակցությունը շահագրգիռ կողմերի լայն շրջանակների հետ: Բնակչության ֆինանսական ունակությունների ուժեղացման հարցի լուծումը մեծ ռեսուրսներ է պահանջում, այդ պատճառով էլ բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի մեկտեղումն անհրաժեշտ է գործողությունների ծրագրի ֆինանսական կրթության միջոցառումների իրականացման համար: Հանրային քննարկման դրված նախագծում նկարագրվում է, թե ինչպես է նախատեսվում բարձրացնել բնակչության ֆինանսական ունակությունների մակարդակը կրթական հաջորդ փուլում:
Սույն ռազմավարության եւ 2021-25 թթ. գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներն իրականացվել են ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման եւ իրագործման հանձնաժողովի ներքո՝ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ: Ծրագրի մշակմանն աջակցել են Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամը (SBFIC) եւ Գերմանիայի կառավարությունը, որոնք աջակցել են այս գործընթացին:
Բայց պետք է արձանագրել, որ ֆինանսական կրթման ազգային ծրագիրը վերջնանպատակին հասնելու միջոց է, այլ ոչ թե վերջնանպատակ: Գիտելիքները, հմտությունները եւ պատասխանատու վերաբերմունքը կարեւոր են, քաղաքացիները պետք է դրանք շարունակեն գործնականում կիրառել իրենց անձնական եւ ընտանեկան ֆինանսներն արդյունավետ կառավարելու գործընթացում, որպեսզի արդյունքներ արձանագրեն: Հանրային քննարկման դրված ծրագրի բուն նպատակը Հայաստանում բնակվող անձանց բարեկեցության աճին նպաստելն է՝ օգնելով նրանց ստանալ գիտելիքներ, հմտություններ, ձեւավորել պատասխանատու վերաբերմունք եւ վարքագիծ։
Դրանով կյանքի են կոչվում ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ սահմանված նպատակները՝ անձնական եւ ընտանեկան բյուջեների արդյունավետ կառավարումը, խնայողությունների կատարումը եւ երկարաժամկետ պլանավորումը, վարկերի եւ պարտքերի արդյունավետ կառավարումը, ֆինանսական ծառայություններից օգտվելիս սեփական իրավունքների պաշտպանությունը, ֆինանսական գործիքների անվտանգ օգտագործումը եւ այլն: