Անցած՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված եւ մեր ժողովրդի համար մեծ չարիք դարձած պատերազմն ստիպեց շատերին նոր աչքերով նայել ներկային ու ապագային։
Պատերազմի առաջին օրվանից Գոռ Մանուկյանն ու ընկերներն Արցախում էին։ Ավարտից հետո տղաներից շատերը դարձան սահմանապահ զինվորներ ու դիրքերում էին։ 2020 թ. դեկտեմբերի վերջին ստեղծվեց «Միհր» նվիրյալների ռազմամարզական հասարակական կազմակերպությունը, որը զբաղված է պատանիներին, երիտասարդներին մարզելով։ Մայիսի 9-ին այցելեցինք ճամբար, ներկա եղանք պատանիների մարզումներին, որոնց մասնակից եղան նաեւ «Տարոն» գեղագիտական կենտրոնի «Ֆլայթ» պարային համույթի պարուհիները՝ պարուսույց Մարինե Գրիգորյանի գլխավորությամբ։
«Մեր նպատակն է՝ ունենալ կիրթ ու մարզված երիտասարդություն, որը տեր է մնալու հայի արժեհամակարգին։ Ճամբարի մարզումներին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքի ու սեռի սահմանափակման»,- ասաց «Միհրի» նախագահ Գոռ Մանուկյանը։ Յուրաքանչյուր շաբաթվա 3 օր՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի, ճամբարի տարածքում տեղի են ունենում դասընթացներ, արշավներ, շարային մարզումներ, մարզական ու ինտելեկտուալ խաղեր։ 2 գիշեր երեխաները մնում են ճամբարում, գիշերում վրաններում, ինչպես բանակում։ Ճամբարի տարածքում ստեղծվել են պայմաններ, որ երեխաներն իրենց զգան զինվորի պես։
Գ. Մանուկյանն ասաց՝ ճամբարն ունի իր հիմնական խումբը, այդուհանդերձ, գնալով ավելանում է երեխաների թիվը։ Շատ ծնողներ են բերում իրենց երեխաներին, որ մասնակից դառնան ճամբարի մարզումներին։ Ինչ վերաբերում է մշակութային խմբերի այցերին, ապա դրանք շատ կարեւոր են։ Մարզումներին նաեւ աղջիկներ են մասնակցում։ Երեխաները շատ արագ են ընտելանում ճամբարի պայմաններին, ցուցաբերում հետաքրքրություն մարզարվեստի նկատմամբ։ Երբեմն մի ամբողջ դասարան է այցելում ճամբար, եւ երեխաներն ընդգրկվում են մարզումներին։ Այս դեպքում ջոկերի հրամանատարներ են դառնում հիմնական խմբի սաները, ովքեր արդեն բավականին կատարելագործվել են, իրենց կարողանում են պահել հրամանատարների պես։
Կիրակի օրերին ճամբարի այցելուները հիմնականում պատերազմ տեսած տարեցներ են, ովքեր երեխաների հետ մասնակցում են արշավի, անցկացնում արիության դասեր, մարզումներ։ «Տարոնի» պարուհիները ճամբար են այցելում ամիսը մեկ անգամ։ Մարզումներից հետո հանդես են գալիս պարային կատարումներով, երգերով։ Այս այցերը կարեւորվում են նաեւ նրանով, որ մեր երկրի տարբեր բնակավայրերում ապրող երեխաներն ու երիտասարդները ծանոթանում են, մտերմանում, ընկերանում։ Գ. Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ շուտով ճամբարը մասնաճյուղեր կունենա Սյունիքում՝ Կապանում եւ Հարժիսում։ Որոշված է՝ այնտեղ այցելել Կոտայքի տարածքի հիմնական խմբի տղաների հետ։ Նպատակն է՝ կոտայքցիները ծանոթանան սյունեցի իրենց հասակակիցների հետ։ Մի քանի օր մնալու են այնտեղ, հիմնելու են վրանային ճամբարներ, տեղի են ունենալու միասնական մարզումներ, արշավներ, մրցույթներ, պարապմունքներ, դասընթացներ։
Մեր այցի օրը տեղի ունեցավ մարզական արշավ։ Արշավականների հետ բարձրացանք մոտակա բլրակը։ Հրահանգիչ Սեւակը՝ Արջուկը, Բերձորում է 2020 թ. նոյեմբերին հանդիպել Գոռին, ծանոթացել, մտերմացել են եւ այժմ միասին են աշխատում ճամբարականների հետ։ 1999-ից անցել է մարտական ուղի, մասնակից եղել 2016 թ. ապրիլյան կռիվներին, արցախյան վերջին պատերազմին եւ արշավի ընթացքում իր փորձն էր փոխանցում պատանիներին։
Զրուցում ենք երեխաների հետ։ Աբովյանի թիվ 2 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներ Ռոլանդ Գզիրյանը, Ալեն Կարապետյանը, Էդմոն Համբարձումյանը սիրով են մասնակցում արշավին։ Միմյանց տեղեկացրել են ճամբարի մասին ու արդեն մասնակցում են մարզումներին, միասին շարունակելու են։ Ռոլանդը ցանկանում է ատամնաբույժ դառնալ, սակայն չի բացառում, որ զինվորական կամ մարզական մասնագիտություն էլ ձեռք բերի։ Ալենը սիրում է բնագիտական առարկաները։ Էդմոնը խոհարար է դառնալու կամ ծրագրավորող։ Աբովյանի թիվ 7 դպրոցից է Միքայել Ավանեսյանը, սովորում է 6-րդ դասարանում։ Չի փոշմանել, որ մասնակցում է ճամբարի պարապմունքներին։ Երեկոյան տղաների ծնողները եկան նրանց տուն տանելու։ Գոհ են՝ տղաները հեռախոսով քիչ են զբաղվում, մարզվում են, կոփվում, կապվում մայր բնությանը։