«Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրինագիծը, որ շրջանառության մեջ է դրվել Ազգային ժողովի նախագահի եւ խմբակցությունների նախաձեռնությամբ, երեկ հրավիրված նիստի օրակարգում միակ հարցն էր:
Ինչպես իր խոսքում նշեց խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը, օրինագծի հիմքում սահմանվում են 1991-1994 թթ. պատերազմի, այնուհետեւ՝ 2016 թ. ապրիլյան եւ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի եւ արտասահմանյան զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած մեծածավալ ռազմագործողությունների հետեւանքով Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները:
Օրինագիծը ներկայացնելով գործընկերներին՝ պատգամավոր Արթուր Թովմասյանն ընդգծեց, թե «Նախագծում բովանդակային առումով վերահաստատվում է այն իրողությունը, որ բռնի զավթված այդ տարածքները, ընդհուպ թշնամու վերահսկողության տակ անցած պատմամշակութային ժառանգությունը, բնական պաշարները պիտի վերադարձվեն: Փաստաթղթում ամրագրված է նաեւ մարդու եւ քաղաքացու իրավունքների ազատության ու պաշտպանության մասին: Ինչպես շարադրված է օրենքի նախագծում, թշնամու կողմից բռնազավթված տարածքների մեջ են մտնում Քաշաթաղի, Շահումյանի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի, Հադրութի եւ Շուշիի շրջանները, Գետաշենը: Փաստաթղթում շեշտադրումներ կան իրավական մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Մասնավորապես՝ օրենքով սահմանվում են տեղական եւ տարածքային կառավարման մարմինների գործունեության առանձնահատկությունները:
Ելույթ ունենալով նիստում եւ գերատեսչության կարծիքն արտահայտելով նախագծի վերաբերյալ՝ արտգործնախարար Դավիթ Բաբայանը համոզմունք հայտնեց, որ քննարկման դրված փաստաթուղթը կարեւոր դեր կարող է խաղալ արցախյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ու նրա միջազգային կարգավիճակի որոշման հարցում: Ընդգծելով օրինագծի կարեւորությունը քաղաքական, պատմական եւ բարոյական տեսանկյունից՝ նա նշեց, որ օրենքը լինելու է համապարփակ եւ ներառելու է տարբեր ասպեկտներ: Դ. Բաբայանի խոսքով՝ Արցախի ապագայի տեսլականի վերաբերյալ նույն կարծիքը պիտի ունենան ինչպես Ազգային ժողովի քաղաքական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերը: Ավարտելով խոսքը՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրինագծի ընդունումը համարեց պատմական քայլ՝ միտված երկրի, նրա ժողովրդի ճակատագրի կանխորոշմանը:
Խորհրդարանի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, չբացառելով Ադրբեջանի իշխանությունների կողմից ակնկալվող քաղաքական շահարկումները, միաժամանակ համոզված է, որ բռնազավթված տարածքներն Արցախի անբաժանելի մասն են: Նրա կարծիքով՝ բանակցային գործընթացի շրջանակներում եւ հետագա զարգացումներում շատ կարեւոր է, որ որպես պետություն, որպես սուբյեկտ՝ արցախյան կողմն ունենա այդ տարածքների կարգավիճակի իրավական հիմնաքարը»: Պատգամավորի համոզմամբ, Արցախի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող գործընթացներն օկուպացված տարածքներում ենթակա են պատասխանատվության: Հետեւաբար, օրենքն ունի բոլոր այն հիմքերը՝ թեկուզ եւ հետագայում այդ պատասխանատվությունը կիրառելու համար:
Քննարկումների արդյունքում պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին օրենքի նախագծին, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ: