Ապարանյան Վարդենուտ գյուղի միջնակարգ դպրոցում փետրվարի 15-ին տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիներին եւ Վարդենուտ գյուղի քաջարի զավակ Արայիկ Վահագնի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ով անմնացորդ նվիրվել էր հայրենիքին՝ սերունդների համար դառնալով հայրենասիրության ու անմահության վառ օրինակ: Ցերեկույթն ուղեկցվեց նրա անվամբ համակարգչային դասասենյակի անվանակոչությամբ:
12.10.2020 թ., Հադրութ…
172 օր հույսով սպասում…
1988 թ. ծնված Արայիկը Ապարանի Վարդենուտ գյուղից էր: 2004-ին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընտրեց զինվորականի մասնագիտություն: 2008 թ. ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտը ծառայության անցավ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զրահատանկային ստորաբաժանումներից մեկում:
Նա ամենայն նվիրվածությամբ էր կատարում զինվորականի իր առաքելությունը: Ծառայության ընթացքում վերադաս հրամանատարությունը մի քանի անգամ փորձել է մայոր Արայիկ Սարգսյանին տեղափոխել այլ զորամաս, բայց նա գերադասել է մնալ Արցախում եւ շարունակել պայքարն իր հերոս նախնիների արյամբ սրբագործված ամեն թիզ հողի համար: Նա արիաբար մարտնչել է նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմում՝ արժանանալով կառավարական եւ գերատեսչական պարգեւների:
…Հարազատ կրթօջախում կազմակերպված հուշ-ցերեկույթին ներկա էին հերոսի ծնողները, կինը, որդին՝ Արենը, ընկերները, ուսուցիչներ, աշակերտներ եւ համագյուղացիներ: Իրենց մասնակցությունն էին բերել նաեւ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը եւ մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադեւոսյանը:
Ցերեկույթի ընթացքում մասնակիցները շրջայց կատարեցին հերոսի անունը կրող դասասենյակում: Իրենց սրտի խոսքերն ասացին Հրանտ Գյուրջյանը, Մարգո Կոստանյանը եւ Արա Պետրոսյանը:
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն էլ ընդգծեց, որ ճակատագրի բերումով հային վիճակված է միշտ արդարացի կռիվ մղել իր ապրելու իրավունքի համար: Նա հույս հայտնեց, որ հերոսի անունը կրող դասասենյակը մեծապես նպաստելու է սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, տոգորելու է նրանց հայրենասիրական ոգով:
Եվ ամեն անգամ դասասենյակ մտնելիս կհասկանանք, որ սանձազերծված 44-օրյա պատերազմը մեր քաջորդիների ուժի ու ոգու վկայագիրը դարձավ, եւ որ մեզ ապրելու իրավունք վերապահվեց Արայիկ Սարգսյանի նման հերոսների կյանքի գնով:
Հավերժ փառք ու խոնարհում…
Լիանա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Վարդենուտի միջնակարգ դպրոցի տնօրեն