Հայ գեղանկարչական արվեստի անդաստանը, հիրավի, շռայլորեն հարուստ է, գունեղ ու խտաբնակ: Այնտեղ մուտք գործելու, առավել եւս հաստատվելու համար ի վերուստ տրված շնորհը պիտի ունենաս, ասելիքի անհատական ոճը, թեմատիկան, կերպն ու վրձնային կնիքը: Այս առումով բախտավոր աստղի տակ է ծնվել ճանաչված գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանը, որի կտավների մի անկյունում եթե գրված էլ չլինի իր անուն-ազգանունը, միեւնույն է, քիչ թե շատ գիտակ արվեստասերը կճանաչի հեղինակին: Այդպես է, ասել է թե, նա վաղուց է իր վրանը խփել այդ անդաստանում:
Փառավոր գերդաստանի շառավիղներից է Շմավոն Շմավոնյանը: Նրա պապերը 1828 թ. եկել են Խոյից ու Սալմաստից եւ հաստատվել Արարատյան դաշտավայրում՝ նախկին Ղամարլու, այսօր արդեն՝ Վերին Արտաշատ գյուղում: Գեղանկարիչն իրավունք ունի հպարտանալու իր ապուպապերով. գերդաստանի մի քանի սերունդ եղել են քահանաներ. իրենց մեծ պապը՝ տեր Շմավոնը, նրա որդի տեր Ղուկասը՝ ժամանակի կիրթ ու գրագետ մարդիկ: Եղել են բժիշկներ ու զինվորականներ, ցարական իշխանությունների կողմից արժանացել ամենաբարձր գնահատանքների: Նրանցից առավել հայտնի է ցարական բանակի 20-րդ հետեւակային դիվիզիայի գլխավոր բժիշկ, պետական խորհրդական Արամ Ղուկասի Տեր-Շմավոնյանը, որ ուսանել է Մոսկվայի կայսերական համալսարանի բնական գիտությունների եւ բժշկական ֆակուլտետներում եւ որպես բժիշկ ծառայել զինվորական տարբեր կորպուսներում եւ բրիգադներում, պարգեւատրվել Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի, Սուրբ Աննայի 3-րդ եւ 2-րդ աստիճանի մեդալներով ու թրերով, 1812 թ. Հայրենական պատերազմի հիշատակի բրոնզե մեդալով, Ռոմանովների թագավորության 300-ամյակի առթիվ մեդալով: Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի մեդալին՝ թրի եւ աղեղի հետ միասին, արժանացել է 1914-1915 թթ. թուրքերի դեմ մղած պատերազմում ցուցաբերած նշանակալից ծառայությունների համար: Մասնակցել է նաեւ 1914-1917 թթ. թուրքերի եւ ավստրո-
գերմանացիների դեմ մղած մարտերին, այդուհետ Արեւմտյան ճակատի զորահրամանատարի հրամանով եղել 20-րդ հետեւակային դիվիզիայի գլխավոր բժիշկ:
Շմավոնյանների շառավիղներից մեկին այսպես ներկայացնելը մի նպատակ ունի միայն՝ թե ինչպիսի մարդկանց արյան ժառանգորդն է ինքը՝ մեր ժամանակների վաստակաշատ նկարիչը, ով իր երկրի «պատվի գույներն» է ներկայացնում աշխարհին: Իսկ այդ կտավների փառապսակը Արարատ լեռն է, որի պատկերով նրա հրատարակած ալբոմները տարածված են տասնյակ երկրներում: Բնության սիրահար գեղանկարիչը ցուցահանդեսներ է ունեցել Աբու Դաբիում ու Ստամբուլում, Ֆրանսիայում ու Բեյրութում, Անգլիայում ու Քուվեյթում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, այլուր: Սակայն նրա համար առանձնակի խորհուրդ ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կազմակերպված ցուցահանդեսները: Գեղանկարչի շատուշատ ստեղծագործություններ փակցված են այս երկրի… հիվանդանոցներում: Այո, բուժական հաստատություններում, որովհետեւ, ինչպես երաժշտությունը, արվեստի այլ ճյուղեր, պարզվում է՝ նաեւ գեղարվեստն է կիրառվում որպես հոգեթերապիայի ներգործուն ուժ ունեցող մեթոդ: Շմավոնյանական վրձնի արարումները օժտված են այդ զորությամբ, եւ պատահական չեն նրա համագործակցությունն ամերիկյան բուժհաստատությունների հետ, պատվերներ ստանալը նրանցից՝ «Մեկ մարմին, մեկ հոգի», «Հույս»: Ջերմացնող, խանդավառ գույներ, որ հառնում են արվեստագետի ներաշխարհից:
Շմավոնյանի արվեստում թեեւ առանցքային տեղ ունի Արարատ լեռը, սակայն նույն պայծառ գույներով են շնչում նրա նատյուրմորտներն ու բնանկարները, վերաշնչավորված մշակութային կոթողները, կանացի նրբակերտ ուրվանկարների շարքը: Մեծարժեք է հատկապես «Արարատ» եռալեզու շքեղ ալբոմը, որում զետեղված են հայ եւ ռուս հայտնի գրողների՝ Արարատին նվիրված ստեղծագործությունները:
«Արարատ լեռը համամարդկային արժեք է, որն ի պահ է տրված մեզ՝ հայերիս,- ասում է գեղանկարիչը,- նկարներովս փորձում եմ դա փոխանցել շրջապատին… Հայաստանի նկարիչների ոտքերն այս հողից են արմատակալած, սնունդը, էներգիան ստանում են մայր հողից, իսկ արեւի ջերմությունը՝ Հայաստանի երկնքից…»:
Հենց սրանցով է զորավոր Շմավոն Շմավոնյան վաստակաշատ նկարչի յուրաքանչյուր կտավը: Դրանք աստվածաշնչյան մեր ոստանի գույներն ու ջերմությունն են տանում երկրե-երկիր, ներգործում մարդկային հոգեբանության վրա, լիցքեր հաղորդում նրանց եւ օրհնություն բերում տաղանդավոր հեղինակին:
Իսկ մենք շնորհավորենք գեղանկարչին ծննդյան օրվա առիթով ու սպասենք նոր արարումների:
Զորություն վրձնիդ, վարպետ: Մեր սուրբ լեռը քեզ զորավիգ: