Աստիճանաբար ավելի ցցուն են դառնում Ռուսաստան-Ադրբեջան հակադրությունները: Լինելով տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ հրադադարի երաշխավոր՝ ռուսական կողմը պարբերաբար արցախյան հակամարտության կողմերին հորդորում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները: Ադրբեջանն աստիճանաբար ուժեղացնում է ՌԴ-ին այդ հարցում հակադրվելու շեշտադրումները: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Մոսկվան հայտարարում է, որ պետք է վերսկսվեն բանակցությունները Արցախի կարգավիճակի որոշման նպատակով, ի պատասխան դրան Ալիեւը հայտարարում է, որ Արցախի հարցը լուծված է, եւ այն նա արել է պատերազմի միջոցով:
Նույն իրավիճակն է նաեւ ռազմագերիների հարցում: Բաքու կատարած այցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Բոլոր մարդասիրական խնդիրները պետք է հնարավորինս արագ լուծվեն ու առանց նախապայմանների»: Դրան ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, թե կատարել են եռակողմ հայտարարության համապատասխան կետը, եւ բոլոր ռազմագերիները վերադարձվել են:
Ռուսական կողմի խոսքերին նման հակադրությունը, ըստ էության, Ադրբեջանի կողմից փորձնական քայլ է՝ նրան ընդհանուր հակադրվելու գործընթաց սկսելու եւ ազդեցությունից դուրս գալու նպատակով: Ադրբեջանը վաղուց արդեն գոյություն չունի որպես սուվերեն պետություն, նրա քայլերը թելադրում է Թուրքիան, բայց նա չի կարող դուրս գալ ռուսական ազդեցության ոլորտից, քանի որ Մոսկվայի պատասխանը նման դեպքերում շատ կոշտ է լինում: Նման քայլի գնալու մասին մտածելիս Ալիեւը մշտապես աչքի առաջ ունի Վրաստանի եւ Ուկրաինայի փորձը:
Ռազմագերիների հարցը առանձնակի նշանակություն ունի Հայաստանի համար, եւ դրա լուծումը չի կարող դիտարկվել որեւէ այլ համատեքստում, բացի հումանիտարից: Քաղաքական նպատակներով ռազմագերիների ճակատագրերի օգտագործումը ոչ ոք թույլ չի տա Ալիեւին: Այն կունենա հստակ հակազդեցություն միջազգային հարթակներում: Եթե Ադրբեջանը նրանց պահելով եւ սփյուռքահայ գերիներին ահաբեկչության մեջ մեղադրելով՝ փորձում է ազատել նաեւ սիրիացի ջիհադիստ երկու ահաբեկչի, ապա անքննելի է, որ, ամենայն հավանականությամբ, հայկական կողմը կհամաձայնի դրան, չնայած վերջիններս ՀՀ օրենսդրությամբ դատապարտվում են ահաբեկչության համար, որի մեջ իրենց հանցանքը խոստովանել են: Բոլոր դեպքերում՝ Սերգեյ Լավրովը Բաքվում հայտնեց, որ գերիների հարցը քննարկվել է Երեւանում, հայկական կողմի մոտ կա հարցը լուծելու ըմբռնում, ձեռնարկվել են նախնական քայլեր, հույս հայտնեց, որ հարցը կլուծվի ամբողջությամբ։
Ալիեւը պարտադրված է աստիճանաբար թուլացնել նաեւ հակահայկական, ռազմատենչ հռետորաբանությունը, քանի որ այն ամբողջությամբ հակասում է եռակողմ հայտարարությանը եւ, ըստ էության, հայկական կողմերից բացի, ուղղված է նաեւ Ռուսաստանի դեմ: Ալիեւին երեւի կողքից խորհուրդ կտան եւ կհասկացնեն, որ երբ վերջինս անընդհատ ուժի դիրքերից է խոսում Հայաստանի հանդեպ, ապա նա առաջին հերթին խոսում է տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի սահմանների անվտանգության երաշխավոր Ռուսաստանի դեմ, եւ մի օր պաշտոնական Մոսկվայի «համբերության բաժակը» կլցվի:
Իսկ Ադրբեջանի առաջնորդի խոսքերն այսօր ցցուն ձեւով ներկայացնում են ադրբեջանաթուրքական ահաբեկչական եւ ցեղասպան քաղաքականության էությունը, եւ այն պետք է հասցվի միջազգային հանրությանը: Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանն Ադրբեջանի նախագահի ելույթները պաշտոնական նամակով ուղարկել է ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին եւ միջազգային մի շարք այլ մարմինների: Նա այն անում է պարբերաբար, եւ այս անգամ խոսքն Ադրբեջանի նախագահի 2021 թ. ապրիլյան ելույթների մասին է: Ուղարկված ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթ ունեն, լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, եւ իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանցիների «առավելությունները»:
Այսօր Ադրբեջանը շարունակում է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչական ուժերի հետ սանձազերծած ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, եւ այն միջազգային հանրությանը հասցնելը ունի վերջինիս համարժեք արձագանքի ակնկալիք, որպեսզի պետական մակարդակով կազմակերպվող ահաբեկչությունները տեղ չունենան համաշխարհային քաղաքակրթության պրակտիկայում: