Փետրվարի 21-ին ՌԴ նախագահն իր հեռուստաուղերձի ժամանակ պատմական ակնարկի միջոցով, ըստ էության, հիմնավորում էր Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը: Չնայած ուղերձը հնչեց ռուս ժողովրդին դիմելու համատեքստում, բայց այն ուղղված էր Երկիր մոլորակի բնակչությանը, պետությունների եւ քաղաքական կենտրոնների ղեկավարությանը:
Վլադիմիր Պուտինն իր խոսքը կառուցեց բոլշեւիկյան Ռուսաստանի վարած սխալ ազգային քաղաքականության ներկայացման վրա, ինչն ավելի շուտ Խորհրդային Միության փլուզումից հետո բոլոր հակամարտությունների, նաեւ՝ արցախյանի բռնկման պատճառների ճշգրիտ գնահատականն է: ՌԴ նախագահի խոսքում Ուկրաինա բառը փոխելով Ադրբեջան բառով՝ միանշանակ ճշգրիտ գնահատական կտրվի Արցախի հիմնահարցի պատճառներին:
ՌԴ նախագահը, մասնավորապես, իր ուղերձում շեշտել է. «Ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ ստեղծել է Ռուսաստանը, ավելի ճիշտ՝ բոլշեւիկյան, կոմունիստական Ռուսաստանը։ Այս գործընթացը սկսվեց 1917 թվականի հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո, եւ Լենինն ու նրա համախոհները դա արեցին հենց Ռուսաստանի հանդեպ՝ շատ կոպիտ կերպով առանձնացնելով, պոկելով նրանից սեփական պատմական տարածքների մի մասը։ Իհարկե, այնտեղ ապրող միլիոնավոր մարդկանց ոչ ոք ոչինչ չի հարցրել։ …1954 թվականին Խրուշչովը ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանից խլեց Ղրիմը եւ նվիրեց Ուկրաինային… Նորաստեղծ, իսկ հաճախ կամայականորեն ձեւավորված վարչական միավորներին՝ միութենական հանրապետություններին փոխանցվեցին հսկայական տարածքներ, որոնք հաճախ ընդհանրապես կապ չունեին դրանց հետ… Ավելին, ըստ էության, այդ վարչական միավորներին տրվել է ազգային պետական կազմավորումների կարգավիճակ եւ ձեւ։ Կրկին հարցնում եմ ինքս ինձ՝ ինչո՞ւ պետք էր տալ այնպիսի առատաձեռն նվերներ, որոնց մասին ամենամոլի ազգայնականները նախկինում չէին էլ երազել, եւ նույնիսկ իրավունք տալ հանրապետություններին՝ առանց որեւէ պայմանի անջատվելու միասնական պետությունից։
Եթե ՌԴ առաջնորդը խոսում է Ուկրաինայի մասին, որտեղ ապրել է էթնիկ մեծամասնությունը՝ ուկրաինացիները, ապա Ադրբեջանի դեպքում չի եղել նույնիսկ այդ տարրը: Ադրբեջանն ի սկզբանե ստեղծվել է որպես հայերի եւ մուսուլմանների համատեղ հանրապետություն: Լենինի եւ Ստալինի կամայական որոշումներով Ադրբեջանին են հանձնվել Լեռնային եւ Դաշտային Արցախը, Նախիջեւանը: Այստեղ չենք քննարկում Ադրբեջանի կազմում լեզգիների, թալիշների եւ ավարների պատմական հողերի բռնակցման մասին:
Հիմնավորելով Դոնբասի հանրապետությունների ճանաչումը՝ ՌԴ նախագահը շեշտեց, որ ուղղվում է պատմական սխալը, որը կատարել են բոլշեւիկյան լիդերները: Այդ ձեւակերպումը ճշգրտորեն նկարագրում է Արցախի հիմնահարցի պատճառները: Պուտինի խոսքը «Կո՛ւժ, քեզ ասեմ՝ կուլա՛, դու լսիր» սկզբունքի ուժով ուղղված էր Ադրբեջանին եւ Թուրքիային: ՌԴ նախագահը նույն սկզբունքով գնահատել է նաեւ բոլշեւիկյան իշխանությունների զիջողական արտաքին քաղաքականությունը, որը վերաբերում է նաեւ Թուրքիայի հետ բանակցություններին, երբ անտրամաբանական զիջումներ եղան՝ ի հաշիվ պատմական հայկական տարածքների՝ Արեւմտյան Հայաստանի:
«Հեղափոխությունից հետո բոլշեւիկների հիմնական խնդիրն ամեն գնով իշխանություն պահելն էր։ Հանուն դրա նրանք ամեն ինչ արեցին: Կնքվեց Բրեստի խաղաղության նվաստացուցիչ պայմանագիրն այն ժամանակ, երբ կայսերական Գերմանիան ու նրա դաշնակիցները ծանր ռազմական եւ տնտեսական իրավիճակում էին, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ելքն իրականում կանխորոշված էր։ Մյուս կողմից էլ երկրի ներսում բավարարվեց ազգայնականների ցանկացած պահանջ եւ ցանկություն»,- հայտարարեց Պուտինը։ Նրա այս խոսքերը հավասարապես վերաբերում են Բաթումի պայմանագրին, երբ որոշվեցին Արեւմտյան Հայաստանի, Արցախի եւ Նախիջեւանի ճակատագրերը: Այն ժամանակ պարտված Գերմանիայի դաշնակիցը նաեւ Թուրքիան էր:
ՌԴ նախագահի հայտարարությունն ամբողջությամբ հիմնարար փաստարկ է Արցախի հիմնահարցի կարգավորման հետագա բանակցություններում: Նկատենք, որ Արցախի հարցում Պուտինի նման կարծիքը նորություն չէ: Դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Արցախի հարցը տարածքային չէ, այլ էթնիկ՝ ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով հենց բոլշեւիկների ազգային սխալ քաղաքականությունը: Ստացվում է, որ հետխորհրդային տարածքում հակամարտությունները կարգավորելու համար պետք է ուղղել պատմության սխալները:
Ի դեպ, փետրվարի 22-ին Մոսկվայում կայացած Պուտին-Ալիեւ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը շտապեց հանգստացնել Ալիեւին՝ վստահեցնելով, որ Ուկրաինայի նման նույն վերաբերմունքին չի արժանացնի Ադրբեջանին, եւ որ Արցախի խնդրի կարգավորման գործընթացում իրենք միշտ գործել են շատ զգույշ՝ ելնելով հիմնախնդրում ներգրավված բոլոր պետությունների շահերից եւ միշտ փորձելով հասնել փոխընդունելի լուծումների: ՌԴ առաջնորդը նաեւ Ալիեւին ակնարկել է, որ Ադրբեջանի հանդեպ նույն վերաբերմունքը կլինի, եթե այնտեղ էլ Ուկրաինայի նման հեղաշրջում լինի, եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները փաստացի վերանան: «Ցավոք, պետական հեղաշրջումից հետո մենք Ուկրաինայի հետ փոխգործակցության նման մակարդակ ու որակ չենք տեսնում, այն վերացել է։ Ուզում եմ շեշտել՝ դա եղել է պետական հեղաշրջումից եւ իշխանության անօրինական զավթումից հետո»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։