Հատկապես պատերազմից հետո տնտեսության ոլորտի ամենատարբեր մասնակիցների հետ հանդիպումներում հաճախ եմ քննարկում ճանապարհների ապաշրջափակման հարցը։ Այդ զրույցների արդյունքում երկու հստակ հայտարար եմ նկատել։
1. Բնույթով «գործ արարողները»՝ գործարարները, ընդհանուր առմամբ, ճանապարհների ապաշրջափակմանը դեմ չլինելով՝ այնուամենայնիվ, փաստարկված մտահոգություններ ունեն պատերազմից հետո էլ դեռ շարունակվող՝ մեր հարեւան երկու պետությունների՝ պետական մակարդակով անթաքույց տարվող հակահայկական քաղաքականության հետ կապված։ Նրանք գիտակցում են, որ այդ անթաքույց հայատյացությունը երբեք էլ չի մարելու, հնարավոր է՝ ժամանակ առ ժամանակ ձեւաչափը փոխվի, բայց նպատակը՝ ոչ, եւ այս իրավիճակում ճանապարհների ապաշրջափակումը շատ ավելի ռիսկեր է պարունակում, քան հնարավորություններ։
2. Բնույթով զուտ «առնող եւ տվողները»՝ առեւտուր անողները, դեմ չեն ճանապարհների ապաշրջափակմանը, ռիսկեր չեն տեսնում մեր տնտեսության եւ ոչ մի ճյուղի համար, կանխատեսում են անսահմանափակ հնարավորություններ եւ այլն։
Այս վերջին խմբում, մասնավոր զրույցներում, հաճախ եմ մեղադրվում տարիներ շարունակ տնտեսական թեմաներով գրելու, բայց դեռ տնտեսական հարցերին զգացմունքային վերաբերվելու մեջ։ Բնականաբար, հետեւում է բացատրությունը. որ զգացմունքայնություն չէ ռիսկերը կանխատեսելը, զգացմունքայնություն չէ առանց այդ էլ մեր թուլացած տնտեսությանը սպասվելիք հնարավոր վերահաս վտանգները տեսնելը, զգացմունքայնություն չէ իբր ապաշրջափակման խորքային նպատակները զգալը։ Եվ, ի վերջո, եթե դա զգացմունքայնություն է, թո՛ղ որ։ Բանական մարդը իրավունք չունի՞ բնական հարց տալու՝ այդ ինչպե՞ս է համագործակցելու մի կողմի հետ, որի գործուն ջանքերով կորսվեց Արցախի մեծ մասը, հայորդիների մի ամբողջ սերունդ զոհ գնաց…
Ինչեւէ, բնորոշումները մի կողմ թողնելով՝ հարց հնչեցնենք տնտեսական եւ ոչ «էմոցիոնալ դաշտից». այդ ի՞նչ ենք ուզում արտահանել, որ չենք կարողանում, ի՞նչ «շրջափակման» մասին է խոսքը, որ իբր խանգարում է մեզ, մենք ունենք շուկաներ, ինչը մեր ուժեղ կողմն է, բայց այդ շուկաների ո՞ր ծավալն ենք օգտագործում։ Վստահեցնում եմ՝ այս եւ նմանատիպ այլ հարցադրումներին լիարժեք պատասխան չի հնչում երկրորդ խմբի «բիզնեսմենների» կողմից։
Փոխարենը հստակ պարզաբանում ունի տնտեսագետ Կարեն Ադոնցը։ «Ասում ենք՝ այ, կապաշրջափակվեն ճանապարհները, ու մենք կզարգացնենք արդյունաբերությունը, կարտադրենք այս ապրանքը, այն ապրանքը եւ այլն։ Նախ՝ ներկա իրավիճակում, հրապարակայնորեն նման բան ասելն արդեն «միամտություն» է (կապել մեր զարգացման ճակատագիրը այս հարցի հետ)։ Ու սա այն պարագայում, երբ իրողությունները լրիվ այլ են»,- նշում է մասնագետը։ Եւ ընդգծում. «Մենք Փոթիի նավահանգստով մոտ 500 հազար տոննա միայն խտանյութ ենք արտահանում։ Կարո՞ղ եք արդյունաբերական պատրաստի արտադրանք արտադրել ու արտահանել՝ դրանից լավ տարբերակ հաստատ չի լինելու։ Ի՞նչ «շրջափակման» մասին է խոսքը։ Մարդիկ կարծում են՝ եթե ամեն մեկն իր գործն անի լավ ու լինի ազնիվ, ապա ամեն ինչ իր տեղը կնկնի։ Նման կերպ մտածելը հերթական «միամտությունն» է։ Խնդիրը պետք է լուծում ստանա։ Դրա համար յուրաքանչյուրը պետք է կարողանա անել այն, ինչ «անհրաժեշտ» է։ Իսկ «այն, ինչ անհրաժեշտ է», պետք է լինի շահավետ, ոգեւորող եւ մրցունակ»։
Տնտեսագետը միաժամանակ կարեւոր հավելում է անում. «Ճանապարհները պետք են, բայց որոշողը շուկան է։ Վրաստանն էլ, Ադրբեջանն էլ ունեն ճանապարհներ, բայց չունեն արդյունաբերական շուկաներ, հետեւաբար` զարգացման մեծ պոտենցիալ չունեն։ Մենք ունենք շուկաներ` սա է ուժը…»։