Ադրբեջանում գտնվող գերիների պաշտոնականացումն իրականացվել է երկու մեխանիզմով՝ Կարմիր խաչի եւ դատարանի միջոցով։ Երկու դեպքում էլ պատկերը նույնական է։ Այդ տեղեկությունների հիման վրա հաստատվել է, որ ներկայումս պահվում են պաշտոնականացված 38 գերիներ, եւ այս թվի առնչությամբ վեճ գոյություն չունի. դրանցից 3-ը քաղաքացիական անձինք են, մնացյալը՝ ռազմագերիներ։
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների` ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ բացի այդ 38-ից եւ արդեն իսկ հայրենադարձվածներից, կան եւս 80 ռազմագերիներ, որոնց գերեվարումը հիմնավորված է տեսանյութերով, լուսանկարներով կամ այլ ուղղակի ապացույցներով, հետեւաբար վիճելիություն չունեն։ Ուստի այդ 80 անձանց գերեվարումը եւս վերագրելի է Ադրբեջանին, պարզապես ադրբեջանական կողմը հետեւողականորեն մերժում է իր առնչությունն այդ գերեվարումներին։ Ըստ զրուցակցիս՝ պատճառը կարող է լինել ինչպես քաղաքական, այնպես էլ՝ որոշ գերիների սպանությունների պատասխանատվությունից եւ անցանկալի զարգացումներից խուսափելը։ «Միջազգայնորեն այս հարցերի շրջանակներում դրել ենք Ադրբեջանի պատասխանատվությունը եւ առաջ ենք քաշել գերեվարման կանխավարկածը։ Փորձելու ենք դատական գործընթացում վերականգնել այդ զոհերի իրավունքները։ Ինչ-որ մի փուլում Ադրբեջանը պետք է հերքի ներկայացված ապացույցները, իսկ դա չկատարելու պարագայում կամ պետք է ողջ հայրենադարձնեն գերիներին, կամ միջազգայնորեն պատասխանատվության կանչվեն 80 անձանց կյանքի իրավունքը խախտելու համար»,- ասաց իրավապաշտպանը։
Սահակյանը տեղեկացրեց, որ ներկա դրությամբ շուրջ 300 անձի վերաբերյալ գանգատ են ներկայացրել, ինչը կարելի է բաժանել մի քանի խմբի. բնականաբար, ունեն ռազմագերիների խումբ, բռնի անհետացածների, անհետ կորածների, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված հանցագործություններ՝ կյանքի իրավունքի խախտումների տեսքով, ունեն ռազմագերիների սպանությունների եւ խոշտանգումների մասով գանգատներ։ «Այս վերջին շրջանում ակտիվ ուսումնասիրում եւ փաթեթներ ենք նախապատրաստում՝ կապված սահմանային միջադեպերի հետեւանքով սպանվածների, առեւանգվածների իրավունքների պաշտպանության հետ։ Ընդ որում՝ այդ գործերից որոշներում կարող է բարձրաձայնվել նաեւ Ռուսաստանի պատասխանատվության հարցը, քանի որ հայերի նկատմամբ հանցագործությունները տեղի են ունեցել խաղաղապահ առաքելություն իրականացնող ներկայացուցիչների ներկայությամբ, եւ նրանց ներկայությունը չի կանխել այդ հանցագործությունների կատարումը։ Ռուսական կողմը նույնպես այդ միջադեպերի համար պետք է պատասխանատու լինի եւ գործադրի իր բոլոր հնարավորությունները՝ զսպելու ադրբեջանական հանցագործություններն ու սադրանքները։ Միանշանակ առաջնային պատասխանատուն Ադրբեջանն է, բայց չկանխելու դեպքում պատասխանատվություն է կրում նաեւ Ռուսաստանը»,- մանրամասնեց նա։
Թե ինչ հետեւանքներ եւ զարգացումներ են լինելու Ադրբեջանի համար, եթե բավարարվեն հայկական կողմի ներկայացրած հայցերը, զրուցակցիս խոսքով՝ նախեւառաջ արձանագրվում է ինքնին խախտման փաստը, որը բացահայտում է պատերազմական կամ մարդկության դեմ ուղղված հանցագործության հատկանիշները։ Բավարարման դեպքում հետեւելու է հայ զոհերի եւ նրանց ընտանիքի անդամների հանդեպ Ադրբեջանի նյութական պատասխանատվության հարցը։ Հաջորդը՝ որպես կատարողական գործընթաց հատուկ միջոցներ են ձեռնարկվելու զոհերի խախտված իրավունքները վերականգնելու եւ դրանց կրկնությունը բացառելու համար։ «Այստեղ կա քաղաքական մեծ աշխատանքի հնարավորություն, այդ թվում՝ միջազգային գործընկերների ներգրավմամբ, որպեսզի հասնենք հայերի նկատմամբ պաշտոնական Բաքվի որդեգրած քաղաքականության փոփոխության։ Երբ այս փաստերը ստուգվում եւ արձանագրվում են միջազգային դատական ատյանների կողմից, մեծ հեռանկար է բացվում համընդհանուր՝ ունիվերսալ իրավազորության հատկանիշներով այդ հանցագործությունների կատարման հետ առնչություն ունեցող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ, ինչու ոչ, պետության, պաշտոնատար անձանց նկատմամբ քաղաքական պատժամիջոցների կիրառման տեսանկյունից։ Եթե այս դատական գործընթացները չիրականացվեն, եւ Բաքուն որեւէ կերպով բացասական հետեւանքներ չկրի, կարծում եմ, որ նրանց քաղաքականությունը ոչ միան շարունակական է լինելու, այլեւ ստանալու է նոր մասշտաբայնություն։ Դրա համար չափազանց կարեւորում եմ այս գործընթացի կանխող նշանակությունը։ Պատժիչ մաս եւս առկա է, եւ պետք է ձգտել ամբողջ ծավալով իրականացնել այդ պատժիչ գործառույթը, բայց առնվազն կանխումն իրատեսական է»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք չի՞ վնասում միջազգային դատարաններում մեր հայցերի բավարարմանն այն հանգամանքը, որ որոշ գերիներ հայրենիք վերադառնալուց հետո Հայաստանում ենթարկվում են քրեական հետապնդման, Սահակյանն արձագանքեց, թե դա շատ ցավոտ թեմա է, որն օգտագործվելու է մեր դեմ արտաքին քաղաքականության մեջ։ Մասնավորապես՝ իրենք պաշտոնապես ստացել են Ադրբեջանի պատասխանը, որում նրանք մեղադրում են հայկական կողմին հայ ռազմագերիներին խոշտանգելու, ապօրինի կալանավորելու եւ ձերբակալելու մեջ։ «Այդ գրության միջոցով Բաքուն փորձում է պաշտպանվել իր դեմ ներկայացրած խոշտանգման մեղադրանքներից, դրանով նրանք ամբողջովին կասկածի տակ են դնում քննչական մարմիններում մեր ռազմագերիների տված ցուցմունքներն Ադրբեջանում կտտանքների վերաբերյալ՝ ներկայացնելով, որ այդ ցուցմունքները տրված են քննչական մարմինների ճնշման ներքո, եւ անգամ կալանքն է որպես գործիք օգտագործվում նրանց ճնշելու եւ, իբր, ցանկալի սուտ ցուցմունքներ ստանալու նպատակով»,- պարզաբանեց զրուցակիցս։ Վերադարձած գերիների նկատմամբ քրեական գործեր բացելը մեծապես վնասելու է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գործընթացին, այդ թվում՝ ՄԱԿ-ի դատարանում, եւ պետք է գիտակցվեն այդ գործընթացի բացասական ելքի իրավական եւ քաղաքական հետեւանքները։ Հայաստանը ներկայումս հարկատուների հաշվին մեծ գումարներ է վճարում նաեւ միջազգային փաստաբաններին, շուրջ 4.5 մլն դոլար, որպեսզի Հայաստանի շահերը կարողանան պաշտպանել միջազգային ատյաններում։ «Եթե Հայաստանը պարտվի, դա ծանր հետեւանքներ է ունենալու, նախ չեն պաշտպանվելու շահերը, եւ երկրորդ՝ նյութական եւ այլ տեսակի պահանջներ կարող են առաջանալ Հայաստանի դեմ»,- ասաց նա։ Սահակյանը տեղեկացրեց, որ իրենք անհատական մակարդակով հանձնառել են այդ անձանց շահերի պաշտպանությունը։ Ունենք երեք վստահորդ, երեքն էլ եղել են կալանքի տակ, երկուսի մասով արդեն իսկ կան դրական որոշումներ, ներպետական դատարանների միջոցով հասել են խափանման միջոցի փոփոխության, մեկ անձի գործն էլ դեռեւս քննության փուլում է։ Իրավապաշտպանը հույս հայտնեց, որ կկարողանան մեր դատարանների ներգրավմամբ լուծել այդ խնդիրները, իսկ եթե այն իր վերջնական հանգուցալուծումը չստանա, ստիպված են լինելու այս հարցերը նույնպես ներկայացնել Մարդու իրավունքների միջազգային դատարանում։
Ադրբեջանական զինված ուժերը չափազանց մոտ են հայկական բնակավայրերին, ինչն առաջացնում է անվտանգային լրջագույն խնդիրներ, միաժամանակ նման իրավիճակը խախտում է մարդկանց իրավունքները։ Զրուցակցիս կարծիքով՝ այդ հարցը կարող էր լինել իրավական օրակարգի մաս, սակայն չի ընդգրկվում միջպետական գանգատի շրջանակներում։ «Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս բարձրաձայնել է, թե ինչպիսի համատարած խախտումներ են տեղի ունենում անվտանգային գոտու բացակայության պայմաններում, եւ կոչ է արել նաեւ միջազգային կառույցներին՝ աշխատել անվտանգային գոտու ստեղծման ուղղությամբ։ Ավելին՝ մենք համատեղ զեկույց էինք հրապարակել, որում հիմնավորել էինք, որ այդ սահմանապահ հատվածներում տեղակայված զորքերը ներգրավված են եղել մասշտաբային հանցագործությունների մեջ դեռեւս պատերազմի ընթացքում։ Այդ հատուկ ստորաբաժանումները պետական մակարդակով իրականացրել են իրենց պաշտպանության տակ գտնվող անձանց սպանություններ։ Սա արդեն իսկ բավարար է, որպեսզի միջազգային հանրությունը եւ Հայաստանի իշխանությունները չհանդուրժեն այդ ստորաբաժանման ներկայությունը սահմանամերձ գյուղերում»,- շեշտեց նա։ Վկայությունների հիման վրա հաստատել են, որ վարձկանները եւ թուրք զինվորականները նույնպես ներգրավված են եղել պատերազմում, բայց դարձյալ կարող ենք դնել միայն պետության պատասխանատվության խնդիրը անհատների տեսանկյունից, եւ քանի որ առաջնային եղել են Ադրբեջանի զինված ստորաբաժանումները, ապա գանգատները տարել են հենց Ադրբեջանի դեմ։ «Մեկ գործ ունենք, որի փաստերը դեռ ուսումնասիրվում են։ Դա բայրաքթարի միջոցով քաղաքացիական գույքի ոչնչացումն է եւ անձի վնասումը։ Սա կարող է լավ նախահիմք լինել նաեւ Թուրքիայի դեմ գանգատ ներկայացնելու առնչությամբ։ Փաստակազմն ավարտին հասցնելուց հետո կքննարկենք եւ կգնահատենք Թուրքիայի դեմ առանձին գանգատ տանելու նպատակահարմարությունը»,- ասաց Ս. Սահակյանը։