2020 թ. դեկտեմբերի 23-ին իրանական «Դիփլոմասի» կայքը հրապարակել էր կովկասյան հարցերի ավագ փորձագետ Ղահրաման Նուրանիդարաբադի «Ղարաբաղյան պատերազմը որպես մոդել ընդունելը՝ Ուկրաինայի ռազմավարական սխալ» բավական ծավալուն վերլուծականը, որը գրվել էր արցախյան երկրորդ պատերազմի առնչությամբ։
Հոդվածագիրը ներկայացրել էր ուկրաինական ղեկավարության հետաքրքրությունը արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաջողության նկատմամբ, որտեղ լուրջ դերակատարություն ունեցան թուրքական ԱԹՍ-ները՝ «Բայրաքթարներն» ու հեռակառավարվող հթիռները, ինչը եւ պատճառ դարձավ այն որոշման, որ, օգտվելով այդ փորձառությունից, Ուկրաինան փորձի ազատագրել նախ Դոնբասն ու Լուգանսկը, ապա՝ Ղրիմը։ 2020 թ. հոկտեմբերի 25-ին Վլադիմիր Զելենսկու այցն Անկարա, ըստ նրա, եւ երկու երկրների միջեւ ռազմական ոլորտում համագործակցության փաստաթուղթ կնքելը ոչ միայն պատահական չէր, այլեւ հենց դրանով էր պայմանավորված։ Եվ ահա դրանից քիչ անց Թուրքիայի ռազմարդյունաբերության կազմակերպության նախագահ Իսմայիլ Դեմիրի կիեւյան այցով համաձայնագիրը դարձավ վերջնական։ Փորձագետը շեշտել է, թե ռազմական տարբերակով հարցի լուծումն Ուկրաինայի ղեկավարության սեղանին հայտնվեց այն ժամանակ, երբ Ադրբեջանին հաջողվեց Հայաստանին իր պայմաններով հրադադար պարտադրել։ Կիեւը հավատացել է, թե Դոնբասի եւ Լուգանսկի անջատողականների դեմ թուրքական «Բայրաքթար-TP» տիպի հարձակողական ԱԹՍ-ներով նման արդյունքի կհասնի։
Նուրանիդարաբադը նշում է՝ տրամաբանական կլինե՞ն, արդյոք, այդ ճանապարով երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ձգտող Կիեւի քայլերը, ղարաբաղյան երկրորդ պատերազմը կարո՞ղ է դառնալ դոմինո նման հակամարտությունների լուծման համար։ Ապա հավելում է՝ այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի հակազդեցությունը Դոնբասի ու Լուգանսկի ռուս բնակչության դեմ թուրքական բայրաքթարների ու ՆԱՏՕ-ի զինատեսակների կիրառմանը։ Հոդվածի հեղինակը, պատասխանելով հիշյալ հարցադրումներին, շեշտում է, թե, հակառակ տարածաշրջանի հարցերով շատ փորձագետների տեսակետների, ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաջողությունը պայմանավորված չէր միայն արդիական զինատեսակների կիրառմամբ, կարեւոր գործոն էր նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ Մոսկվայի «կանաչ լույս վառելը»։
Փորձագետը, անդրադառնալով թուրք-ուկրաինական ռազմական համագործակցությանը, նշել է, թե ղարաբաղյան երկրորդ պատերազմի փորձը պատճառ դարձավ, որ Կիեւը կրկին օրակարգային դարձնի հարցի ռազմական լուծումը. «Զելենսկու կառավարությունը հույս ունի, որ միջազգային հանրության հովանավորությամբ եւ նորագույն սպառազինության կիրառմամբ կարող է վերականգնել իր երկրի տարածքային ամբողջականությունը»։ 2020 թ. դեկտեմբերի 3-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան մեկնել է Անկարա, որտեղ Թուրքիային անգամ «առաջնորդի դեր» է առաջարկել։ Սակայն, ի հեճուկս Կիեւի խրախուսանքների, Անկարան, հաշվի առնելով, որ նման քայլը լուրջ հարված կլինի Մոսկվայի հետ փոխհարաբերություններին, ինչը հակասում է Թուրքիայի ազգային շահերին, առաջարկին ընթացք չտվեց։
Նուրանիդարաբադը եզրակացրել է. «Քանի որ Զելենսկին ազգայնականների խիստ ճնշման ներքո է, որոնք պահանջում են Մոսկվայի հետ շփումները մի կողմ դնել ու ուժով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանի հզոր բանակին դիմադրելու համար Ուկրաինային անհրաժեշտ է ռազմական դաշնակից։ Այս առնչությամբ Զելենսկին լուրջ հույս է կապում ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամ Թուրքիայի հետ, մինչդեռ Էրդողանը, հաշվի առնելով նման քայլի շատ ծանր հետեւանքներն իր երկրի համար, դրան չի գնալու, նույնիսկ հնարավոր պատերազմի բռնկման դեպքում ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը չեն կարող համակողմանի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Հետեւաբար, ռազմական ուղու ընտրությունը խիստ ռիսկային է, նույնիսկ հնարավոր է, որ Կիեւը ընդմիշտ կորցնի երկրի արեւելյան հատվածը, երբ Ռուսաստանը ճանաչի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը…»։
Ուկրաինական պատերազմի վերաբերյալ այդ կանխատեսման առնչությամբ նշենք, որ հետագա զարգացումներն ավելի շուտ անկանխատեսելի են։ Բացառված չէ, որ դրանք ընթանան Աֆղանստանի առաջին պատերազմի սցենարով, այն է՝ ընդդեմ Ռուսաստանի Արեւմուտքն Ուկրաինային ապահովի ֆինանսով ու սպառազինությամբ, ինչը կերկարաձգի աղետալի պատերազմը։