Այս օրերին մարդկությունն ապրում է ճգնաժամային օրեր, ինչն աստիճանաբար ավելի խորքային եւ վտանգավոր դրսեւորումներ է ստանում։ Մշակույթը, արվեստը, որ մշտապես մարդկանց, ժողովուրդներին եւ ազգերին միավորող արժեք են եղել, Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության շրջանակներում կարծես թե այլեւս ի զորու չեն իրականացնել իրենց կարեւորագույն առաքելությունը։ Իսկ այդ առաքելությունն է ապահովել մարդկանց միասնականությունը, թույլ չտալ, որ այրվեն մարդկանց, հասարակություններին կապող կամուրջները։
Ռազմաքաղաքական լարված իրավիճակում հասկանալի են քաղաքական, դիվանագիտական, տնտեսական ճնշումներն ու պատժամիջոցները, սակայն վերջիններս չպետք է առնչվեն մարդասիրական (հումանիտար) ոլորտին։ Դա վտանգում է մարդու իրավունքների համար չափազանց ծանր պայքարի գնով ձեռք բերված արդյունքը։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ ռազմական գործողություններ սկսելուց հետո Միացյալ Նահանգները, ԵՄ-ն եւ մի շարք պետություններ պատժամիջոցների փաթեթներ են ընդունել Ռուսաստանի եւ նրա քաղաքական վերնախավի, գործարար համայնքի ներկայացուցիչների հանդեպ։ Դրանք վերաբերում են ֆինանսական, էներգետիկայի, տրանսպորտի, տեխնոլոգիական ոլորտներին, ինչպես նաեւ վիզային քաղաքականությանը։ Մասնավորապես, արգելվում են ավիացիոն կամ տիեզերական արդյունաբերության մեջ օգտագործելու համար նախատեսված ապրանքների եւ տեխնոլոգիաների վաճառքը, մատակարարումը, փոխանցումն ու արտահանումը Ռուսաստան, ինչպես նաեւ երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների մատակարարումը, բարձր տեխնոլոգիական ապրանքների եւ դրանց արտադրության տեխնոլոգիաների արտահանումը, նավթի վերամշակման համար ապրանքների, սարքավորումների եւ տեխնոլոգիաների մատակարարումը եւ այլն։ Ռուսաստանի բանկերից առայժմ 8-ը անջատվել են SWIFT միջազգային վճարային համակարգից։
Սրված հակամարտությունների պարագայում վերոնշյալը պայքարի միջոցներ են, որոնք չեն առնչվում հումանիտար խնդիրներին։ Մինչդեռ մերժելի է, երբ պատժամիջոցները տարածվում են այնպիսի ոլորտների վրա, որոնցից տուժում է բացառապես շարքային քաղաքացին։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «Onco Alert» ուռուցքաբանների համաշխարհային ցանցը դադարեցրել է համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ կառույցը «դուրս է քաղաքականությունից», սակայն այժմ չի կարող հեռու մնալ։ ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների զարգացման խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեեւը տեղեկացրել է, որ բարեբախտաբար, կապերը դեռեւս պահպանվում են կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան (ASCO) եւ եվրոպական (ESMO) ընկերությունների մակարդակով, ինչպես նաեւ ԱՀԿ-ի միջոցով։ Միանշանակ է, որ քաղցկեղով հիվանդների ու այլ հիվանդություններ ունեցող մարդկանց օգնությունը պետք է դուրս մնա քաղաքական նախասիրություններից։ Դա ոչ միայն մարդու իրավունքների, այլեւ հումանիզմի հիմքն է կազմում։ Ավելին, ԵՄ երկրների մի շարք բուհեր սկսել են արտաքսել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ուսանողներին, իսկ Միջազգային պարալիմպիկ կոմիտեն ռուս մարզիկներին զրկել է Պեկինում կայանալիք խաղերին մասնակցելուց։ Թերեւս «սպորտը քաղաքականությունից դուրս» կարգախոսն այնքան առաջնային չէ, որքան «առողջությունը քաղաքականությունից դուրս» կարգախոսը։
Եթե առողջապահության ոլորտը վերաբերում է առաջին հերթին անհատին, նրա ֆիզիկական առողջությանը, ապա մշակույթն անհատների եւ ժողովուրդների հոգեւոր առողջությունն է ապահովում։ Ցավալիորեն, այս ոլորտը եւս ներքաշվել է հակամարտության մեջ։ Լեհական «TokFM» ռադիոկայանը հայտնել է, որ հանրապետական մշակութային հաստատությունները համերաշխության որոշում են կայացրել՝ արգելելու աշխարհահռչակ ռուս կոմպոզիտորների, մասնավորապես Պյոտր Չայկովսկու եւ Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունների ցուցադրությունը, ինչպես նաեւ Անտոն Չեխովի ստեղծագործությունների հիման վրա ներկայացումները թատրոններում եւ ֆիլհարմոնիկ ընկերություններում։ «Ցուցակը կլրացվի եւ կընդլայնվի»,- պարզաբանել է ռադիոն։
Միեւնույն ժամանակ, Իտալիայում Միլանի Բիկոկկա պետական համալսարանի ղեկավարությունը չեղարկել է Ֆյոդոր Դոստոեւսկուն նվիրված չորս դասախոսություններից կազմված ծրագիրը։ Դասընթացի հեղինակ, իտալացի գրող Պաոլո Նորին համալսարանի որոշումը անվանել է գրաքննություն։ «Այսօրվա Իտալիայում փորձում են մեղավոր ճանաչել ոչ միայն կենդանի ռուսներին, այլեւ վաղուց մահացածներին»,- գրել է իտալացի գրողը սոցիալական ցանցի իր էջում։
Մշակույթը, արվեստը, սպորտը չպետք է ներառվեն քաղաքականության տիրույթ, առավել եւս՝ թիրախավորվեն անկախ ազգությունից։ Երբ լռեն զենքերը, մշակույթն է դառնալու այն միջոցը, որը մեղմելու եւ «բուժելու» է մարդկության հոգեւոր վերքերը։ Այն, ինչ կատարվում է մեր օրերում, համամարդկային ողբերգություն է, որի ամբողջական եւ իրական հետեւանքները զգալու ենք ապագայում։
Մշակույթին ուղղված ցանկացած հարված խզվածք է առաջացնելու ամբողջ մարդկության, մարդկային քաղաքակրթության մեջ։ Միգուցե շատերին նման գնահատականը չափազանցված թվա, սակայն այն անտարբեր վերաբերմունքը, որ ցուցաբերում են մարդիկ մշակութային, հոգեւոր արժեքների ոչնչացման հարցում, քայքայիչ ազդեցություն է գործելու բոլոր հասարակություններում։ Այս խնդիրն ի վերջո առնչվելու է ոչ միայն հակամարտության մեջ գտնվող կողմերին, այլեւ դեռեւս չեզոքություն պահպանողներին։