Հաշվի առնելով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ապրանքների դասակարգման կարեւորությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն պարզեցրել է մաքսային ընթացակարգերի գործընթացը:
Ինչպես «ՀՀ»-ն տեղեկացել է ՊԵԿ-ից, ընթացակարգերի պարզեցման ընդհանուր քաղաքականության շրջանակում մարտի 1-ից որոշ ապրանքների ծածկագրերի տոտալ հսկողությունից անցում է կատարվել առավել հասցեական՝ թիրախային հսկողության: ՊԵԿ-ը վստահեցնում է՝ ընթացակարգերի պարզեցման հետեւանքով էապես կհեշտացվի ապրանքների հայտարարագրման ամբողջական գործընթացը, կկրճատվի դրա տեւողությունը։ Նախկին ընթացակարգի համաձայն՝ այսպես կոչված փակ կոդերի կիրառման համար տնտեսավարողը նախ պետք է դիմեր ՊԵԿ մաքսային հսկողության վարչություն, որտեղից էլ ձեռք բերեր անհրաժեշտ ապրանքի ծածկագիրը: Նոր փոփոխությամբ՝ տնտեսավարողն ամբողջ գործընթացը կարող է իրականացնել առանց մաքսային մարմին դիմելու՝ հայտարարագրումն իրականացնելով օրենքով նախատեսված կարգով:
Գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար ՊԵԿ-ը հորդորում է տնտեսավարողներին բացառապես օրինապահ վարքագիծ դրսեւորել, մաքսային ձեւակերպումներն առաջին մեթոդով (գործարքի գնի մեթոդ) կիրառելու համար ունենալ անհրաժեշտ փաստաթղթեր, հայտարարագրել իրական արժեքով եւ խուսափել տարատեսակ անհարմարություններից:
ՊԵԿ-ը պարզաբանում է, որ մաքսային ընթացակարգերի պարզեցման գործընթացը պայմանավորված էր որոշ ապրանքների դասակարգման խնդրահարույց լինելով եւ բարդությամբ (օրինակ՝ տեխնիկա, սարքավորումներ, տեխնոլոգիական ապրանքներ եւն): Նոր փոփոխությամբ ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից մշտադիտարկման տարատեսակ գործիքակազմով իրականացվելու է ապրանքների ծածկագրերի հասցեական հսկողություն։ Դրան զուգահեռ, նշված պայմաններում էապես մեծանալու է հայտարարատուների պատասխանատվությունը՝ ապրանքների ծածկագրերի եւ մաքսային արժեքների վերաբերյալ հայտարարագրվող տեղեկությունների ճշգրտության մասով։