«Եռաբլուր» զինվորական պանթեոնում մարտի 5-ին կայացավ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-ամյակի եւ պատանի երկրապահների երդման արարողությունը, որին ներկա էին պետական ու զինվորական այրեր, նահատակ հերոսների ծնողներ, հարազատներ, ՀՀ ԵԿՄ մարզերի ներկայացուցիչ երկրապահներ, հոգեւորականներ… Արարողության հանդիսավոր մասն սկսվեց դրոշակակիրների մուտքով, ովքեր հրապարակ բերեցին Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Երկրապահ կամավորականների միության դրոշները եւ երկրապահի բարեխոս ու հովանավոր սուրբ Ղեւոնդ երեցի սրբապատկերը։ Հնչեցին ՀՀ, ԱՀ եւ ԵԿՄ օրհներգերը, եղավ լռության րոպե։ Հանդիսավոր մասը հայտարարեց Լիլիա Պողոսյանը՝ ներկայացնելով Վ. Սարգսյան պետական, քաղաքական, ռազմական գործչին։ ՀՀ ԵԿՄ վարչության աշխատակազմի ղեկավարը զեկուցեց վարչության նախագահ Ս. Միքայելյանին, որ պատանի երկրապահը պատրաստ է երդման արարողությանը։ Նախագահը ողջունեց պատանիներին։ Այնուհետեւ ընթերցվեց երդման խոսքը, որը հնչեց մոտ 500 պատանիների շուրթերից։
ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդ հոգեշնորհ տեր Մովսես վարդապետ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի անունից օրհնեց արարողությունը, շնորհավորեց պատանի երկրապահներին՝ ասելով. «Օրը խորհրդանշական է. միասին նշելու ենք Վ. Սարգսյանի ծննդյան տարեդարձը եւ ըստ այդմ վերարժեւորելու մեր անցած ճանապարհն ու վերաիմաստավորելու մեր ներկան՝ ներշնչվելով սպարապետի գաղափարներով։ Օրը գեղեցիկ է հատկապես, որ պատանի երկրապահները երդվում են, սա լավագույն մխիթարանքն է սպարապետի հոգու համար։ Քանի որ դուք, սիրելի պատանի երկրապահներ, ձեր երդումով հաստատեցիք՝ լինելու եք սպարապետի գաղափարների կրողը»։ Այնուհետեւ հոգեշնորհ տեր Մովսեսը ներկաներին հրավիրեց աղոթքի, որ երկրապահի բարեխոս եւ հովանավոր սուրբ Ղեւոնդ երեցի օրհնությամբ ու բարեխոսությամբ Աստված հաջողություն բերի։ Ընթացքում ելույթներ ունեցան պատանի երկրապահ Մանե Բաղդասարյանը եւ երիտասարդ երկրապահ Էդուարդ Սարգսյանը։ «Իմ երակներում հոսում է պապիս արյունը. նրանից եմ ժառանգել պայքարի ոգին։ Եվ ես եմ պահելու այս երկիրը՝ ապրելու եւ արարելու այս սուրբ հողին»,- ասաց Մանեն եւ հավաստիացրեց՝ պատանի երկրապահները կկատարեն սպարապետի պատգամը, եւ հավելեց՝ պապերի ու հայրերի ոտնահետքերով չի ավարտվել մեր ճանապարհը եւ չի ավարտվի նաեւ իրենց ոտնահետքերով։ Դեռ շատ անելիք ունի Պատանի երկրապահը եւ կտեսնի իր երազած Հայաստանը, այս սուրբ բլուրում, որտեղ Արծիվներն են սավառնում, բոլորի անունից Մանեն խոստացավ լինել անմահ հերոսների արժանի հետնորդները։ Էդուարդը նշեց՝ ինքն սպարապետի զինվորն է՝ պատրաստ մեր հերոսների պես մարտնչելու հանուն հայրենիքի։
Հաղորդավարը, անդրադառնալով Վ. Սարգսյանի ինքնակենսագրությանը, նշեց՝ սպարապետը կարճ ու պարզ է խոսել իր մասին։ Իսկ նրա ընկերներից գրող Հրանտ Մաթեւոսյանը գրականության մեջ է տեսել Վազգենին։ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն իր խոսքում կարեւորեց Վ. Սարգսյանի կերպարը որպես ազգային պետական ու զինվորական գործչի։ Առավել կարեւորեց Վազգենի առաջնորդ լինելը, որն էլ գալիս էր նրա՝ զինվորի, ժողովրդի համար հոգատար լինելուց։ Վ. Սարգսյանի եղբայրը՝ ՀՀ ԵԿՄ վարչության անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն Աստծո բարիով ողջունեց ներկաներին եւ շնորհավորեց պատանի երկրապահներին երդման արարողության առթիվ։ «Սուրբ վայրում երդումը, որ դուք տվեցիք, շատ հիշարժան օրվա հետ է կապված։ Մեր հայրենիքը այստեղ շատ մեծ է, որովհետեւ ներքեւում տղերքի մարմիններն են, վերեւում մեզ հսկում ու օժանդակում են նույն հերոսների, նաեւ Վազգենի հոգիները։ Մենք փոքր երկիր չենք եղել, մեր մտածելակերպն է փոքր եղել, ու միշտ հույսներս ուրիշի վրա ենք դրել՝ մեր երկիրը փոքրացնելով հասցրել ենք այսօրվա վիճակին»,- ասաց Ա. Սարգսյանը՝ պատանի երկրապահներին մաղթելով նոր մտածելակերպ, որ նորից մեծանա մեր երկիրը՝ այս հարցում կարեւոր համարելով կրթությունը, ձգտումը, գիտությունը։ «Այսօրվա պատերազմում հաղթում են մտքով խիզախները»,- հավելեց Ա. Սարգսյանը եւ հավատ ներշնչեց՝ նոր սերունդը լինելու է մտքով խիզախ։
«Վազգենի սերը հայ մարդու նկատմամբ մեծ էր, եւ յուրաքանչյուր հայ մարդ, ով Վազգենին ճանաչում էր, թեկուզ նրան լսում էր էկրանի այն կողմից, լցվում էր յուրահատուկ էներգիայով։ Եվ այդ սերը չի թողնում, որ մեր ժամանակավոր տկարություններն ուղեկցեն մեզ։ Նրա հոգին վերեւից հետեւում է, եւ յուրաքանչյուրս մեր պարտավորությունները պետք է սրբորեն կատարենք»,- իր խոսքում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Սասուն Միքայելյանը, ողջունելով ներկաներին, ասաց. «Սիրելի հերոսածին մայրեր, մեր խոնարհումը ձեզ, այն ծնողներին, որոնց զավակները նահատակվեցին արցախյան բոլոր մարտերում, ՀՀ սահմանը պաշտպանելիս»։ Ներկայացնելով սպարապետին՝ ասաց, որ շատ մեծ է Վազգենի դերը հայոց պետականաշինության եւ բանակաշինության գործում։ Ցավով խոսեց, որ մեր պատմության էջերում եղել են դավաճանական դրվագներ, որոնք բացասաբար են անդրադարձել մեր ժողովրդի կյանքի վրա։ Նման էջերից է Վազգենի եւ նրա հետ գնդակահարված պետական այրերի սպանությունը հայի ձեռքով։ Նշեց, որ այսօր երկրապահը համախումբ է, եւ նրա շարքերը համալրվում են պատանի ու երիտասարդ երկրապահներով։ Կոչ արեց ողջ հայությանը համախմբվել եւ դուրս գալ այս օրհասական ու վտանգավոր վիճակից, հատկապես հենց այսօր, երբ չգիտես՝ ինչ է կատարվում աշխարհում։ Խոսելով անցած դարի վերջում մեր հաղթանակների մասին՝ կարեւորեց Վազգենի դերը, ով կարողացավ համախմբել տարբեր կուսակցական ու այլ ջոկատներ եւ ստեղծել բանակ։
ՀՀ ԵԿՄ ակունքներում կանգնած Ալբերտ Բազեյանը հուզված խոսեց։ Շնորհավորեց ներկաներին Վ. Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ, պատանի երկրապահներին՝ ԵԿՄ շարքերը համալրելու համար։ Մաղթեց հաջողություններ եւ Հայոց բանակին ամուր թիկունք։ Եղավ նաեւ երաժշտական մաս։ Այնուհետեւ պատանի երկրապահը շարային քայլով անցավ Եռաբլուրով, ներկաները ծաղիկներ խոնարհեցին Վ. Սարգսյանի շիրիմին, հուշակոթողի մոտ։ Վ. Սարգսյանի ծննդյան օրը նաեւ առիթ էր, որ հանդիպեին Արցախյան գոյամարտում միմյանց թիկունք դարձած երկրապահները՝ արդեն ծերացած ու շատերը հաշմանդամ, սակայն բոլորն էլ պատրաստ՝ պաշտպանելու հայրենիքը։