Ադրբեջանը կանխատեսելի վարքագիծ է դրսեւորում. ինչպես եւ կարելի էր սպասել, Բաքվի իշխանություններն օգտագործելու էին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Արցախի դեմ նոր սադրանքներ իրականացնելու համար։ Նախօրեին՝ մարտի 8-ի ուշ երեկոյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում թշնամին հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Վերջին շրջանում նման սադրանքները պարբերական բնույթ են կրում Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների բնակավայրերի ու հայկական դիրքերի ուղղությամբ։
Հատկանշական է, որ Ադրբեջանը, իր սովորության համաձայն, սադրանքները վերագրում է հայկական կողմին՝ դրանով իսկ հող նախապատրաստելով՝ դիմելու լայնամասշտաբ գործողությունների առաջին իսկ հարմար առիթի դեպքում։ Ի դեպ, այդ երկրի ՊՆ-ն ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրության մեջ հատուկ ընդգծել է, որ, իբր, հայերը գործողությունների են դիմում այն տարածքներից, որտեղ «ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»։
Արցախի նկատմամբ ադրբեջանական սադրանքները միայն այսքանով չեն սահմանափակվում. Հայաստանի Հանրապետությունից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետեւանքով մարտի 8-ից Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների եւ իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որն ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ է։ «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները եւ իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյոք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներո՞վ, թե՞ ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով։ Իսկ տեղի ունեցածի իրական հանգամանքները պարզել չկարողանալու պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է եւ՛ Արցախի իրավապահների, եւ՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշել է, որ վերականգնման աշխատանքները եւս չեն իրականացվում ադրբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։
Վթարի եւ գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները։ Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ «ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը (այսօր,- խմբ.) աշխատանքները սկսելու համար»:
Ադրբեջանական կողմը սրանով լուծում է երկու հիմնական խնդիր։ Նախեւառաջ գազամատակարարման դադարեցմամբ հումանիտար լուրջ խնդիրներ են առաջանալու Արցախի թե՛ բնակչության, թե՛ տնտեսության համար։ Դրանով Ադրբեջանը ձգտում է, արցախահայության համար ոչ բարենպաստ պայմաններ ստեղծելով, իրականացնել Արցախի հայաթափման ծրագիրը։ Ադրբեջանական կողմի հանցավոր դիտավորության մասին է վկայում այն, որ նրանց զինված ուժերը խոչընդոտում են գազամատակարարման վերականգնման աշխատանքներին։ Բարձր ամբիոններից մարդասիրական կարգախոսներ հնչեցնող Բաքվի բռնապետն այդպես էլ չի դադարեցնում հայատյացության ու թշնամանքի քաղաքականության իրականացումը հայության հանդեպ։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդի սադրանքներին, ինչպես նաեւ այն հանգամանքին, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն, նշել է, որ Ադրբեջանը չի փոխել իր մոտեցումները, չի վերանայել ծրագրերը, պարբերաբար դիմում եւ դիմելու է տարբեր սադրանքների. «Որեւէ արտառոց բան տեղի չի ունենում: Ադրբեջանը մնացել է նույնը, նպատակները` եւս: Մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին, եւ ասեմ ձեզ՝ պատրաստ ենք»:
Երկրորդ՝ Ադրբեջանը դրանով խնդիրներ է ստեղծում նաեւ ռուսական խաղաղապահ առաքելության համար՝ ձգտելով արցախահայության շրջանում դժգոհություններ առաջացնել վերջիններիս կողմից իրենց առաքելության իրականացման արդյունավետության մասով։ Միաժամանակ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ ռուս խաղաղապահների «ժամանակավորապես տեղակայված» ձեւակերպումը նրանց գործունեությունը սահմանափակելու փորձ է։
Ադրբեջանին ջղաձգվելու առիթներ վերջին օրերին քիչ չեն եղել։ Մասնավորապես՝ այդ երկրում հիստերիա էր առաջացրել ՌԴ ՊՆ-ի ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Միխայիլ Մեզինցեւի՝ մարտի 7-ին արված հայտարարությունն այն մասին, որ Արցախը 14 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ «Սիրիայից 50 տոննա մարդասիրական օգնություն է հասցվել Ուկրաինա, Լեռնային Ղարաբաղից՝ 14 տոննա, որը հատկացվել է Կիեւի եւ Զապորոժիեի շրջանի բնակիչներին»,- ասել էր ռուս զինվորականը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Թուրքմենչայի պայմանագրի 194-ամյակի առթիվ՝ մեջբերելով փաստաթղթի այն դրույթը, որում հստակ ամրագրված է, որ Նախիջեւանի եւ Երեւանի խանությունները, որոնք Պարսկաստանից անցել են Ռուսաստանին, Արեւելյան Հայաստանի մասն են կազմել։ Պատմական այս փաստի հիշատակումը Բաքվում ցավագին են ընդունել, եւ Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ` զարմանք եւ ափսոսանք հայտնելով այն բանի առնչությամբ, որ այդ հայտարարությունը տարածվել է Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ փոխգործակցության հռչակագրի ստորագրման օրը: Բաքուն նաեւ պահանջել էր շտկումներ մտցնել տեքստի մեջ, մասնավորապես հեռացնել «Արեւելյան Հայաստան» բառակապակցությունը: Սրանք հստակ ուղերձներ են, որոնց ենթատեքստն Ադրբեջանում լավ են հասկանում։ Եթե այս ամենին գումարենք այն հանգամանքը, որ Խարկովում հրետակոծության ժամանակ վնասվել էր Ադրբեջանի հյուպատոսության վարչական շենքը, ապա հասկանալի է դառնում ադրբեջանական կողմի անթաքույց ագրեսիան։ Ի դեպ, Ադրբեջանին կարող է ոգեւորած եւ նման գործողությունների դրդած լինել մարտի 5-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի այցը Բաքու, որի շրջանակներում կողմերն անդրադարձել են տխրահռչակ «Շուշիի հռչակագրին» եւ կրկին վերահաստատել «բնական դաշնակից» եւ «մեկ ազգ՝ երկու պետություն» լինելու հանգամանքը։