Կառավարությունը երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, հաստատեց 2020 թ. դեկտեմբերի 3-ի թիվ 1924-Լ եւ 2020 թ. դեկտեմբերի 17-ի թիվ 2082-Լ որոշումներում փոփոխություններն ու լրացումները։ Ի դեպ, այս երկու որոշումներով էլ ժամանակին հաստատվել են 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաեւ անհետ կորածների ընտանիքներին եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումն ու աջակցության տրամադրման կարգը:
Փորձենք հասկանալ՝ հիմա ինչ փոփոխությունների ու լրացումների մասին է խոսքը։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, կառավարության մեկ այլ՝ 2021 թ. օգոստոսի 27-ի թիվ 1408-Լ որոշմամբ նշյալ երկու՝ 2020 թ. որոշումներում կատարվել են մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքներին հատկացվող միանվագ դրամական օգնությունը դարձել է ամենամսյա դրամական վճար՝ յուրաքանչյուր անհետ կորած քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 հազար դրամի չափով՝ 2020 թ. դեկտեմբերից մինչեւ 2021 թ. դեկտեմբեր։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածներ, որոնց կարգավիճակը հստակեցված չէ։ Միաժամանակ նախարարություն ստացված բազմաթիվ դիմումներից ու զանգերից, ինչպեսեւ Արցախի ՄԻՊ գրությունից պարզվել է, որ կան քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, նաեւ անհետ կորածների ընտանիքներ եւ հաշմանդամություն ձեռք բերած անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն հասցրել դիմել 2020 թ. 2 որոշումների շրջանակներում սոցիալական աջակցությունը ստանալու համար։ Ուստի՝ այս 2 որոշումներում փոփոխություններ ու լրացումներ արվեցին՝ պայմանավորված անհետ կորած քաղաքացիական անձանց, նաեւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց եւ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ:
Այդ որոշումների շրջանակներում դիմումները ներկայացվում էին մինչեւ 2021 թ. մայիսի 1-ը (բացառությամբ անհետ կորածի ընտանիքի եւ անհետ կորածի կարգավիճակի հստակեցման արդյունքում այլ շահառուի, որի դեպքում դիմումը ներկայացվում էր մինչեւ 2021 թ. դեկտեմբերի 5-ը)։ Միաժամանակ՝ որոշումների շրջանակներում քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածի կարգավիճակը հստակեցված անձի փոխարեն դիմում է ներկայացնում նրա ընտանիքի անդամը, ինչը հավելյալ թղթեր ներկայացնելու անհրաժեշտություն եւ լրացուցիչ դժվարություններ է առաջացնում հենց այդ որոշումների շրջանակներում սոցիալական աջացությունը ստանալու համար։ Առաջարկվեց լուծում։ Ըստ դրա՝ 1. քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհետ կորածների ընտանիքները եւ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կկարողանան որոշումներով սահմանված սոցիալական աջակցությունը ստանալու նպատակով դիմում ներկայացնել մինչեւ ապրիլի 15-ը, 2. աջակցության տրամադրման համար դիմում կարող է ներկայացնել նաեւ անհետ կորածի կարգավիճակը հստակեցված անձը, որը սույն կարգի իմաստով նույնպես համարվում է շահառու (ձեւակերպումը ԱՍՀՆ-ինն է – հեղ.)։
Սրա նպատակը, ըստ ԱՍՀ նախարարության, 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների ընտանիքների ֆինանսական վիճակի բարելավումն է:
ԱՍՀ նախարարությունից տեղեկանում ենք, որ 2021 թ. վճարումներն իրականացվել են պետբյուջեի հաշվին։ Միջոցառման իրականացման համար նախատեսված էր 600 մլն դրամ, որից 87 շահառուի համար վճարվել է 354 մլն 700 հազար դրամ։ Պետական նույն գերատեսչությունը հայտնում է նաեւ, որ՝ 1. 14 գերեվարված/անհետ կորած անձանց ընտանիքներ ստացել են 300 հազար դրամ ամսական աջակցություն։ 3 ամսվա համար կպահանջվի 12 մլն 600 հազար դրամ։ 2. Կանխատեսվում է, որ դիմում կներկայացնեն 4 գերեվարված/անհետ կորած անձինք։ 16 ամսվա համար կպահանջվի 19 մլն 200 հազար դրամ։ 3. Ըստ Արցախի ՄԻՊ-ի տվյալների՝ օբյեկտիվ պատճառներով որոշումների շրջանակներում դիմում չեն ներկայացրել հաշմանդամություն ձեռք բերած 5 քաղաքացիական անձինք (15 մլն դրամ)։ 4. Կանխատեսվում է, որ դիմում կներկայացնեն 3 զոհի ընտանիքի անդամներ (15 մլն դրամ)։
Ընդհանուր առմամբ ՀՀ պետական բյուջեից կպահանջվի 61 մլն 800 հազար դրամ։ Նախատեսվում է պահանջվող գումարը հատկացնել ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից։