Անցած տարի, կապված նոր կորոնավիրուսի եւ դրա դեմ պայքարելու հետ, հաճախ էի անդրադառնում բուժաշխատողների, հատկապես բուժքույրերի աշխատանքին: Ճերմակ համազգեստով կանայք, ովքեր մեծ պատասխանատվությամբ էին իրենց աշխատանքն անում բուժհաստատություններում, ինչպես նաեւ հերթապահում անցումային հենակետերում:
Անցած տարի՝ այս օրերին, Արցախի սահմաններն այլ էին, ու ՀՀ-Արցախ գլխավոր 3 ճանապարհ էին գործում: Գործում էին նաեւ 3-4 անցակետեր, որտեղ նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարի հենակետերն էին: Միայն Քաշաթաղի շրջանում գործում էին 3 հենակետ՝ Աղավնոյում, Խնձորեսկում եւ Կովսականում: Արցախում հաստատված արտակարգ իրավիճակի առաջին օրվանից «Արցախ Բունիաթյանի անվ. Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ-ի բուժքույրերն սկսեցին աշխատել արտակարգ իրավիճակում: Բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ հաճախ էի այցելում այդ հենակետեր եւ լուսաբանում քաշաթաղցի բուժքույրերի նվիրական աշխատանքը: Բուժքույրեր, ովքեր զօր ու գիշեր անտրտունջ հերթապահում էին հենակետերում: «Մեր պարտքն ենք կատարում»,- ասում էին նրանք:
2020 թ. Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվեց Քաշաթաղի շրջանում ապրիլի սկզբին: Նույն բուժմիավորումում բուժվեցին 2 հիվանդ: Նրանց հետ կամավոր աշխատում էր երիտասարդ բուժքույր Լենան, ով կարողացավ հիվանդների մոտ 2 շաբաթ պահել բարձր տրամադրություն, համացանցում հայտնվեց տեսահոլովակ՝ պարային կատարումով: Այսօր մեծ կարոտով եմ հիշում այդ օրերը, որոնք դարձյալ մտահոգիչ էին, բայց կար նվիրում, հավատ՝ շուտով կվերանա չարիք կորոնավիրուսը, եւ կանցնենք մեր աշխատանքին: Բայց եղավ մեծ չարիքը՝ պատերազմը, եւ նույն բուժքույրերն արդեն հերթապահում էին ապաստարաններում, հիվանդանոցում, բուժկետերում: Եղավ պատերազմ, եւ նույն բուժքույրերն ստիպված հեռացան իրենց տնից ու տեղափոխվեցին տարբեր վայրեր, մնացին անգործ:
Մայիսի 12-ին ողջ աշխարհն է նշում բուժքույրերի միջազգային օրը: «Բուժքույր-գթության քույր». այս արտահայտությունը հաճախ է կիրառվում հատկապես մարդկության համար ամենամեծ չարիքի՝ պատերազմի ժամանակ: 1853-1856 թթ. տեղի ունեցավ պատերազմ՝ մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի եւ Սարդինիայի կոալիցիայի միջեւ: Ռազմական գործողությունների մեծ մասն ընթանում էր Ղրիմի թերակղզու համար: 1854 թ. հոկտեմբերին բրիտանացի բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլին 38 օգնականի (միանձնուհիներ, բուժքույրեր, կամավորներ) հետ մեկնում է ռազմաճակատ եւ աշխատում դաշտային հիվանդանոցներում: Սկզբում աշխատում են Թուրքիայում, հետո՝ Ղրիմում: Ըստ տեղեկությունների՝ մինչ բուժքույրերի ճակատ մեկնելը վիրավորների, հիվանդների գրեթե կեսը մահանում էր, հետագայում, երբ Ֆլորենսն սկսեց զբաղվել հիվանդներին եւ վիրավորներին օգնելով, մահերի թիվը հասավ ընդամենը 2-3 տոկոսի: Ղրիմյան ծանր պատերազմի ընթացքում Ֆլորենս Նայթինգեյլին կազմակերպել է գթության քույրերի՝ աշխարհում առաջին ծառայությունը:
Ծնվել է 1820 թ. մայիսի 12-ին Ֆլորենցիայում, հարուստ ազնվականի ընտանիքում: Նրա գլխավոր նպատակը մարդկանց մահից եւ հիվանդություններից փրկելն էր։ Մահացել է 1910 թ. օգոստոսի 13-ին, Լոնդոնում: 1965 թ. ստեղծվեց Բուժքույրերի միջազգային խորհուրդը (ICN): 1974-ից աշխարհի 141 երկրում մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը (IND): Մարդասիրական այս կարեւոր առաքելությանն են հավատարմագրվել նաեւ հայ շատ բուժքույրեր, ովքեր մեծ ներդրում են ունեցել Մեծ հայրենականում, արցախյան գոյամարտում, ապրիլյան օրերին: Առավել մեծ աշխատանք կատարեցին բուժաշխատողներն արցախյան վերջին պատերազմի ընթացքում, եղան զոհեր ու վիրավորներ: Բայց բուժաշխատողը նույնպես զինվոր է: Հավատում եմ նաեւ՝ կրկին գործելու է արցախցի նվիրյալ բժիշկ Արցախ Բունիաթյանի անվան բուժմիավորումը: