Ուկրաինական ճգնաժամն աշխարհաքաղաքական հիմնարար տեղաշարժերի է հանգեցնում: Այն ընդգրկում է ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական աշխարհակարգը: Ռուսաստանի դեմ սահմանված աննախադեպ պատժամիջոցներից տուժում է ոչ միայն ռուսական տնտեսությունը, այլեւ այդ երկրին հարակից եւ նրա հետ առեւտրատնտեսական սերտ կապեր ունեցող բոլոր պետությունները: Խոշոր վնասներ են կրում այնպիսի մեծ շուկաներ ունեցող պետությունները, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, նաեւ՝ ԵՄ երկրները: Ռուսաստանից էական տնտեսական կախվածություն ունեցող Թուրքիան հայտարարեց, որ չի ներգրավվի ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ իր տնտեսությունը պաշտպանելու համար:
Ստեղծված իրավիճակում աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող Չինաստանն ուղիներ է փնտրում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետեւանքներն իր տնտեսության վրա մեղմելու համար: Օրերս հայտնի դարձավ, որ ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ համագործակցության վերաբերյալ տեսակոնֆերանսի ժամանակ Չինաստանը եւ Եվրասիական տնտեսական միությունը քննարկել են անկախ միջազգային արժութային ու ֆինանսական համակարգ ստեղծելու հարցը՝ որոշելով ներդնել միասնական միջազգային արժույթ: Նոր արժույթի արժեքը կհաշվարկվի մասնակից երկրների ազգային արժույթների եւ ապրանքների գների ինդեքսի հիման վրա։ Խորհրդաժողովի մասնակիցները նաեւ պայմանավորվել են մինչեւ մարտի վերջը նախագիծը ներկայացնել քննարկման։
Ռուսաստանի դեմ դոլարով եւ եվրոյով առեւտրի արգելքը, որին չէր կարող չմիանալ Չինաստանը, էական հարված է հասցնում ՌԴ-ից նավթի գնման գործընթացին: Տուժում է նաեւ այլ ապրանքների մասով առեւտուրը, եւ ԵԱՏՄ-Չինաստան նման որոշման ընդունումն անխուսափելի էր: Ռուսաստանը նախատեսում է նաեւ պարզեցնել առեւտրային հարաբերությունները Հնդկաստանի հետ։ Երկրները դիտարկում են ռուբլիով եւ ռուփիով առեւտրային հաշվարկներին անցնելու հնարավորությունը: Հաշվարկային մեխանիզմ ստեղծելու համար, որպես հիմնական արժույթ, ցանկանում են օգտագործել չինական յուանը։ Սխեման թույլ կտա հնդիկ արտահանողներին իրենց ապրանքների համար վճարել տեղական արժույթով՝ դոլարի կամ եվրոյի փոխարեն։
ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ միասնական նոր միջազգային արժույթի ներդնումը ուղղակի ազդեցություն կունենա միության մյուս անդամների, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա: Հայաստանն այսօր ապրանքաշրջանառության մեծ ծավալներ ունի Չինաստանի հետ, եւ փորձագիտական գնահատման կարիք ունեն վերջինիս հետ նոր միջազգային արժույթով առեւտուր անելու հնարավոր տնտեսական հետեւանքները:
Այս գործընթացներն ունեն շատ ավելի մեծ՝ աշխարհաքաղաքական եւ գլոբալ տնտեսական հետեւանքներ: Այն առաջին հերթին նախանշում է աշխարհում նոր բեւեռի ձեւավորում: Պատահական չէ, որ նոր միջազգային արժույթ ստեղծելու շուրջ քննարկումների մեկնարկին արդեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշեց մարտի 18-ին հեռախոսազրույց ունենալ Սի Ծզինփինի հետ: Ինչպես ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, այդ բանակցությունների ընթացքում Բայդենը Չինաստանի ղեկավարին կզգուշացնի Ուկրաինայում իրավիճակի առնչությամբ Ռուսաստանին աջակցություն ցուցաբերելու դեպքում պատասխանատվության մասին։ Բլինքենը հավելել է, որ Պեկինը շարժվում է հակառակ ուղղությամբ՝ հրաժարվելով դատապարտել ՌԴ ռազմական գործողությունները եւ փորձելով իրեն ներկայացնել որպես չեզոք դատավոր։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Չինաստանի իշխանությունները դիտարկում են Մոսկվային ռազմական տեխնիկայով անմիջական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին էլ ասել է, որ Ռուսաստանին Չինաստանի օգնությանն ի պատասխան կլինեն հետեւանքներ։
Նկատենք, որ վերջին տարիներին ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները հիմնականում հիշարժան են փոխադարձ տնտեսական սահմանափակումների ու պայքարի գործընթացներով, եւ այդ պայմաններում ուկրաինական ճգնաժամը լավ հնարավորություն է այդ ճնշումներին դիմակայելու նպատակով գլոբալ մեխանիզմների ձեւավորման համար: Չնայած Չինաստանը գործնականում չի կարող չմիանալ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներին եւ, օրինակ, դադարեցրել է ՌԴ-ին ավիաշինության համար սարքավորումների վաճառքը, սակայն կան ոլորտներ, որոնց չի կարող միանալ, ինչպես չեն միացել ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը՝ էներգակիրների առեւտրի ոլորտում:
Միջազգային վճարային որեւէ համակարգի միանալը չի նշանակել եւ ապագայում էլ չի ենթադրում լիարժեք մեկուսացում այլ միջազգային տնտեսական համակարգերից: ԵԱՏՄ-ում գտնվող Հայաստանն այսօր կարիք ունի դիտարկելու տարբեր տնտեսական համակարգերի հետ ունեցած կապերի արդյունավետ համադրումը: Այն առաջնային նշանակություն է ստանում նաեւ առաջիկայում Թուրքիայի հետ տնտեսական ուղիղ կապերի հնարավոր վերականգնման դեպքում: Հայաստանը պետք է իր տնտեսության համար հնարավոր առավելագույնը քաղի այդ, ինչպես նաեւ ԵԱՏՄ-Չինաստան եւ ԵԱՏՄ-Իրան տնտեսական համագործակցությունից: