Նախնական մաքսային հայտարարագրի համակարգն առավել գրավիչ դարձնելու ու զարգացնելու ուղղությամբ մեկնարկել են բարեփոխումները: Այս մասին «ՀՀ»-ն տեղեկացել է Պետական եկամուտների կոմիտեից։ Այն է՝ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները, մինչեւ ապրանքների ներմուծումը, կարող են էլեկտրոնային եղանակով ներկայացնել նախնական մաքսային հայտարարագիր եւ անմիջապես սահմանային անցակետում իրականացնել հայտարարագրված ապրանքների բացթողնման հետ կապված բոլոր գործառնությունները:
ՊԵԿ-ը մանրամասնել է, որ տնտեսավարողներն իրենց գրասենյակից մաքսային կետ-բաժիններին նախնական մաքսային հայտարարագիրը կարող են ներկայացնել «trade.gov.am»-ի «ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով:
Ի՞նչ է փոխում նախնական մաքսային հայտարարագրի համակարգը։ Դարձյալ ըստ կոմիտեի՝ դրանով էապես հեշտացել է ներմուծման գործընթացը. «Եթե նախկինում ապրանքի բացթողնման գործառույթն օրեր է տեւել, ապա այսօր, նախնական մաքսային հայտարարագրից օգտվելու պարագայում, ապրանքը ժամանելուց հետո՝ առավելագույնը մինչեւ 2 ժամ: Տնտեսավարողը միաժամանակ մի շարք առավելություններից օգտվելու հնարավորություն է ստանում»:
Մասնավորապես՝ նրանք կարող են նախնական մաքսային հայտարարագրերի մաքսային ձեւակերպումներն իրականացնել ցանկացած օր, 24-ժամյա աշխատանքային ռեժիմով, առանց որեւէ լրացուցիչ վճարների: Բացի այդ, նախնական մաքսային հայտարարագրերով հայտարարագրված ապրանքները ներմուծող տրանսպորտային միջոցների՝ ՀՀ սահմանը հատելու հետ կապված մաքսային գործառնությունները եւ մաքսային մարմինների կողմից իրականացվող այլ գործառնությունները կիրականացվեն հենց սահմանային մաքսային կետերում, ընդ որում՝ արտահերթ: Նախնական մաքսային հայտարարագրերով ձեւակերպված ապրանքների զգալի մասի բացթողումն իրականացվելու է անմիջապես սահմանային կետից:
Այս դեպքում տնտեսավարողը կարող է շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքն ու անմիջապես տնօրինել այն: Սահմանային կետից ապրանքների բացթողնման դեպքում այլեւս կարիք չի լինի դրանք տեղակայել երկրի ներսում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստներում։ Սրա շնորհիվ տնտեսավարողը եւ իր ֆինանսական միջոցները կխնայի, եւ ժամանակը: Այսպիսով՝ նախնական մաքսային հայտարարագրով ներմուծված ապրանքների բացթողնման գործընթացը կիրականացվի ավելի արագ:
Ովքե՞ր կարող են օգտվել այս նորամուծությունից։ ՊԵԿ-ը պարզաբանում է՝ ՊԵԿ նախագահի 2022 թ. հունվարի 27-ի թիվ 89-Լ հրամանով սահմանված չափանիշները բավարարող ընկերությունները։ Օրինակ՝ «հայտարարատուն պետք է հանդիսանա ավելացված արժեքի հարկ վճարող: Մաքսային հայտարարագրի գրանցման տարվան նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում հայտարարատուի կողմից ներմուծվել են ապրանքներ, որոնց մաքսային արժեքը կազմում է առնվազն 300 մլն ՀՀ դրամ, ինչպես նաեւ նույն ժամանակահատվածում ներկայացված ապրանքների հայտարարագրերի 80 եւ ավելի տոկոսը ձեւակերպված լինի ապրանքների մաքսային արժեքի որոշման առաջին մեթոդով: Հայտարարատուն պետք է ունենա նաեւ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր: Նախնական մաքսային հայտարարագիր հարկավոր է ներկայացնել ապրանքների ներմուծումից առնվազն 12 ժամ առաջ»: