«Գրեթե երեք տասնամյակ Ժորժ Կառվարենցի` իմ փեսայի, համախոհի, ընկերոջ հետ մենք շատ երգեր ենք գրել, որոնք լսել եք դուք, եւ որոնք հաճախ հիթեր են դարձել։ Ժորժ Կառվարենցը հեռացավ մեզանից։ Երբ նա հիվանդանոցում էր, ես ստիպեցի նրան դաշնամուր տանել, որովհետեւ ես գիտեմ, որ կոմպոզիտորները նման են պոետների. նրանք սիրում են արտահայտվել մինչեւ վերջին շունչը։ Ես նրան նաեւ տեքստ թողեցի, որի համար նա երաժշտություն գրեց, ինչպես սովորաբար, իհարկե։ Դա վերջին երգն էր, որ գրեցինք Ժորժի հետ միասին։ Ես դա անվանեցի` «Քո սիրելի դեմքը»:
Շառլ Ազնավուր, 1994 թ.
Անուններ կան, որոնց հիշելիս ջերմանում է սիրտդ, եւ աշխարհը դառնում է լուսավոր` անկախ եղանակից ու տրամադրությունից. այդպիսիներից էր եւ Ժորժ-Տիրան Կառվարենցը, հայ, որ ապրեց Փարիզում եւ նրան տվեց հայկական շունչ ու հոգի` անկախ երաժշտական հնչողությունից ու լեզվից։ Հայրը` Գեւորգ Արաբաջյան-Կառվարենցը, Կոմիտասի սաներից էր, բանաստեղծ, Խորհրդային Հայաստանի զինվորական քայլերգի խոսքերի հեղինակը։
Գեւորգ Արաբաջյանը ծնվել է Թուրքիայի Բոլու կոչված քաղաքում, իսկ երբ կրթություն ստացել ու աշխատել է տարբեր քաղաքներում ու այնուհետեւ տեղափոխվել Հունաստան, Աթենքում էլ` 1932 թ., ծնվել է որդին` Ժորժ-Տիրան Կառվարենցը։ Միջնակարգ կրթությունն Աթենքում ստանալուց հետո Ժորժը ընտանիքի հետ տեղափոխվում է Փարիզ, որտեղ էլ շարունակում է կրթությունը, նախ` Սեւրի Սամուէլ Մուրատեան հայկական վարժարանում, այնուհետեւ ընտրում է Փարիզի կոնսերվատորիան, քանզի դեռ դպրոցական տարիներից տարված էր երգարվեստով ու արդեն գրել էր առաջին երգերը, իսկ արվեստը ամենեւին չի սիրում հանգիստ առնել ու շարունակ հիշեցնում է իր մասին։ Փարիզում Կառվարենցը հանդիպում է Շառլ Ազնավուրին. ճակատագիրը ժպտում է նրանց. սկսվում է համատեղ ստեղծագործական կյանքը, ավելին` նրանք բարեկամանում են. Ժորժն ամուսնանում է Շառլի քրոջ` Աիդայի հետ։ Կառվարենցի երաժշտությունը գրավում է ոչ միայն ֆրանսաբնակ հայազգի երգիչների, նրանով հրապուրվում են թե՛ ֆրանսիացիներ, թե՛ այլազգիներ։ Նրա երգերը կատարում են Ջոնի Հոլիդեյը, Միրեյ Մատյոն, Շառլ Ազնավուրը, կինը` Աիդան, Դալիդան, Սիլվի Վարդանը, Ժիլբեր Բեկոն եւ շատ շատերը, իսկ 1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի խոսքերով եւ Կառվարենցի երաժշտությամբ գրված` «Քեզ համար, Հայաստան» երգը կատարեց տարբեր երկրների, տարբեր ազգերի ու ռասայի տաղանդավոր երգիչների աստղաբույլը։ Սա բարեկամության ու խաղաղության հզոր ցույց էր, որ իրենց տաղանդով աշխարհի սիրտը նվաճել էին երկու հայորդիները` ի նպաստ հայրենիքի. երգից ստացված ողջ հասույթն էլ տրամադրվեց աղետյալների օգնության հիմնադրամին։
Աշխարհի սիրտը նվաճած Կառվարենցը երբեք չի մոռացել ո՛չ իր հայ լինելը, ո՛չ հայրենիքը, ո՛չ էլ նրա պատմությունը` լի ողբերգությամբ ու արհավիրքներով։ 1988 թ. երկրաշարժը ինչպես Շառլին, այնպես էլ նրան ու շատ հայորդիների բերեց Հայաստան. դա Տիրանի երկրորդ այցելությունն էր հայրենիք, առաջինը 1977-ին էր։ Երկրաշարժը միակ արհավիրքը չէր, որ ցնցել էր Կառվարենցին. Հայոց ցեղասպանությունը յուրաքանչյուր հայի հոգում բաց վերք է, որ անընդհատ հիշեցնում է իր մասին, որքան էլ կյանքը ջանա փակել այն։ Այդպես էլ Կառվարե՛նցը չէր մոռանում իր ժողովրդին պատուհասած ցավը, որ ասես թափառում էր Փարիզի փողոցներում` հիշեցնելով կորսված հայրենիքն ու միլիոնավոր անմեղ զոհերին։ 1974 թ. ապրիլի 24-ին Փարիզի «Փլէյել» համերգասրահում հնչած Կառվարենցի` «Անոնք ինկան» երգը բարոյական մարտահրավեր էր Հայոց ցեղասպանության ոճրագործների հանդեպ աշխարհի հանդուրժողականությանն ու լռությանը…
Ամենամեծ վրեժը, որ կարելի է հանել ոսոխից, ապրելն ու արարելն է, հաղթել նրան արարչագործությամբ ու մեծությամբ, ինչը լավագույնս են արել ու անում մեր ժողովրդի նշանավոր զավակները` հայի անունն ու հոգու ջերմությունը փոխանցելով աշխարհին, մարդկությանը։ Կառվարենցը հեղինակ է ավելի քան 500 երգի, որոնց ձայնասկավառակներն արագորեն սպառվում էին, դահլիճները լցվում նրա արվեստի երկրպագուներով։ Նրա «Դանիել» երգը Էդի Միշել եւ Ժոզե Նուար խմբի կատարմամբ 1960 թ. արժանացավ առաջին մրցանակի, իսկ «Հնաոճ վայելքներ» ձայնապնակը թողարկվեց 23 միլիոն տպաքանակով եւ 350 տարբերակով` 1964-ին արժանանալով «Շանսոնիե» ընկերության հատուկ մրցանակին։ Կառվարենցի տաղանդը փայլեց եւ կինոյի ասպարեզում. նա կինոերաժշտություն է գրել ավելի քան 150 ֆիլմերի համար, որոնց թվում` «Փարիզցիները», «Սատանան եւ տասը պատվիրանները» (1962), «Ամերիկյան առնետ» (1963), «Երկնային ամպրոպ» (1965), «Սիրելի Կարոլինա» (1968), «Սաֆո» (1971), «Թեհրան-43» (1981), «Ձի անունով մարդու հաղթանակները» (1983), «Բարոն ֆոն Լայզենբոգի ճակատագիրը» (1991) եւ այլն։
Ժորժ-Տիրան Կառվարենցը վախճանվեց 1993 թ. մարտի 19-ին, Փարիզում, շրջապատված հարազատներով եւ վերջին երգը` «Քո սիրելի դեմքը», շուրթերին…