Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ամրոցը՝ Քաշունի գետի ափին

Մարտի 24, 2022
Մշակույթ
Ամրոցը՝ Քաշունի գետի ափին
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
501
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեծ Հայքի Սյունիք աշխարհում բազում ամրոցներից շատերի ավերակները պահպանվել են։ 1993 թ. ամռան եւ աշնան ընթացքում ազատագրվեցին Հակարի գետի ավազանի տարածքները, որոնք, սկսած 18-րդ դարակեսից մինչեւ 20-րդ դարի 70-ական թթ., հայաթափ էին եղել։ Տարածքը վերստին հայացավ 1994 թ. գարնանից։ Եղավ նաեւ հնարավորություն՝ լավ ճանաչելու մեր երկրի այս հատվածը, որը հատկապես խորհրդային տարիներին բռնակցվել էր Ադրբեջանին, իսկ այս հանրապետության իշխանություններն ամեն կերպ խանգարում էին հայ պատմաբաններին, հնագետներին, համապատասխան այլ մասնագետների՝ զբաղվելու տեղի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրությամբ։

1993 թ. դեկտեմբերին Հակարիի ողջ ավազանում ստեղծվեց Քաշաթաղի շրջանը՝ Արցախի կազմում, որի հարավային թեւում պատմական հուշարձանները հիմնականում սփռված են Որոտան, Ողջի եւ Ծավ գետերի ավազաններում` Քաշունիք ու Կովսական գավառներում: Ըստ 7-րդ դարի «Աշխարհացոյց»-ի՝ Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկը Բաղքն էր: Միջնադարում գավառը բաժանվում է արեւելյան ու արեւմտյան մասերի եւ հանդես գալիս նոր անուններով: Արեւելյանը կոչվում է Քաշունիք, իսկ արեւմտյանը՝ Աճեն կամ Աճան: 13-րդ դարից Քաշունիքը կոչվել է նաեւ Բարկուշատ: Նույն անունով տարածքում նաեւ բերդ է եղել, որի տեղը հնարավոր եղավ ճշտել վերջին տարիներին։ Այն Որոտան գետի աջափնյա ժայռակերտ բլրի վրա է՝ Լալազարի հայտնի կամրջից մոտ 1 կմ վերեւ: Խորհրդային տարիներին փոխվեցին տարածքի տեղանունները, 1933 թ. այս հատվածում ստեղծվեց Կուբաթլուի շրջանը՝ համանուն վարչական կենտրոնով, որը հետագայում կոչվեց Որոտան եւ Քաշաթաղի շրջանի 4-րդ քաղաքային համայնքն էր։

Տարիներ առաջ Արցախի Հանրապետության ԿԱ զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրության բաժնի վարիչ Սլավա Սարգսյանի եւ ԱրՊՀ դասախոս, ազգագրագետ, Արցախի հանրային հեռուստատեսության «Մեր երկիրը» հաղորդաշարի հեղինակ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ այցելեցինք Որոտանի աջափնյա Երկաթավորք (Դամրչիլար) գյուղ, որը պատմական անցյալ ունի, Որոտանի Քաշունի վտակի 2 ափերին է։ 2 թաղամասերն իրար են միացվել 17-18-րդ դարերի միաթռիչք քարակերտ կամարակապ կամրջով, որն ունի 9 մետրից ավելի երկարություն, իսկ լայնությունը 3.10 մետր է: Ունի արաբատառ արձանագրություն: Կամրջից քիչ հեռու պահպանվել է 2 մահմեդական դամբարան։ Ղեւոնդ Ալիշանի տեղեկությամբ՝ դրանք 14-15-րդ դարերի թվագրությամբ են։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում (Երեւան, 1999 թ.) անդրադարձ կա Երկաթավորքի ու Սյունիքի տարածքում հայտնի Պահու բերդի մասին (էջ՝ 192-194): Մեր նպատակն էր՝ գտնել Պահու բերդը եւ կատարել չափագրումներ, ուսումնասիրել։

Երկաթավորք գյուղից արեւմուտք բարձր բլուրներ են, որոնցից մեկի վրա լավ երեւում էին ամրոցի պարիսպները։ Կարծեցինք՝ հենց Պահու բերդն է։ Որոտանի վտակ Քաշունի (Չայ Զամի) գետի ձախ ափով շարժվեցինք առաջ։ Բավականին դժվար ճանապարհ էինք ընտրել։ Վերջապես հասնում ենք բերդը պահող բարձունքի ստորոտ: Բարձրանում ենք վեր ու կանգնում բերդի պարիսպների տակ: Պարզվում է, որ սա ուրիշ բերդ է. Պահու բերդն աշտարակներ ունի, իսկ այստեղ դրանք բացակայում են, եղածներն էլ ցածր են՝ ի տարբերություն Պահու բերդի: Պարիսպները, որ արեւելյան կողմում են, ունեն 2.5 մետր հաստություն, բարձրությունը տարբեր է, որոշ հատվածներում՝ մինչեւ 4 մետր։ Կառուցված են մշակված քարով, պահպանվել է մոտ 250 մետր երկարությամբ։ Իհարկե, որոշ հատվածներ քանդվել են։ Հյուսիսարեւմտյան կողմում ժամանակին խանդակներ են փորել, արեւմտյան մասում բարձրաբերձ ժայռեր են, իսկ հարավային մասում բլուրը թեքությամբ իջնում է ցած ու հասնում Քաշունի գետին: Ընդհանուր առմամբ բուն բերդն ունի 250 մետրից ավելի երկարություն, իսկ միջին լայնությունը մոտ 30 մետր է: Մուտքը հարավ-արեւելքից է, ունի 2.5 մետր լայնություն: Մի կողմում պահպանվել են աշտարակի քանդված պատերը, իսկ մյուս կողմում մի շինության պատեր՝ մոտ 80 քմ մակերեսով. երեւի պահապանների զորանոցն է եղել:

Նման 10-ից ավելի շինություններ են տարածքում պահպանվել՝ տարբեր չափերով, կիսաքանդ: Բերդը պահող բլուրը պատված է սալաքարերով, ինչպես Վանքասարը, որի վրա է Տիգրանակերտի ամրոցը: Այս բլուրն էլ է նման Վանքասարին: Նմանություն կա նաեւ, որ այստեղ էլ, ինչպես Տիգրանակերտում, տեղի սալաքարերն են կտրել ու օգտագործել որպես շինաքար: Պահպանվել են միջնադարի վարպետների գործիքների հետքերը. տեղ-տեղ կտրված քարերը մնացել են, որոշ քարեր էլ, որոնք ունեն 1 մետրից ավելի երկարություն ու լայնություն, չեն տեղափոխվել: Ամրոցը պահող բլրի արեւմտյան լանջը ժայռակերտ է. որոշ մասերում քարանձավներ կան։ Սրանցից մեկը ժամանակին ծառայել է որպես թաքստարան, մոտով անցել է գաղտնուղի։ Տարիների ընթացքում ուսումնասիրած մի շարք ամրոցներում նկատել եմ նման գաղտնուղիներ։ Դրանք հիմնականում ամրոցի բնական  ժայռ-պարիսպների մեջ են բացված եղել եւ մեծամասամբ իջել են ջրի ակունքի վրա։ Չափագրումներ կատարելուց հետո բերդի հարավային մասով իջնում ենք ցած ու հասնում Քաշունի գետին։ Գետի աջափնյա հարթության վրա մոտ 2 հա տարածքով դամբարանադաշտ կա: Կարելի է ենթադրել, որ շատ վաղուց են այստեղ բնակվել մեր նախնիները, որ տարածքում մեծ բնակավայրեր են եղել, եւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար բերդեր են կառուցել։

Ստեփանոս Օրբելյանի հիշատակած ամրոցներից որն էր մեր գտածը եւ ուսումնասիրածը, հաստատ չեմ կարող ասել։ Ըստ Ս. Սարգսյանի՝ հենց սա է Պահու բերդը։ Սակայն երջանկահիշատակ Ս. Կարապետյանը Պահու բերդը համարում է մեր ուսումնասիրածից ուղիղ գծով 800 մ արեւմուտք գտնվող մեկ այլ բլրի վրա գույություն ունեցողը, որը Քաշունի գետի ձախակողմում է։

Թեգեր: գետԿովսականՔաշաթաղՔաշունի
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ազնվություն եւ ճշմարտություն

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist