Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 13-ի ուշ երեկոյան կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաեւ, որ հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակարգերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:
Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան եւ հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադարձով: