Հայաստանը ցորենով ինքնաբավ երկիր չէ։ Տարիներ են եղել, երբ ինքնաբավության տոկոսն ավելացել է, բայց հիմա, պաշտոնական տվյալներով, այդ ցուցանիշը 30 տոկոսից էլ ցածր է՝ 26.4 տոկոս 2021 թ. տվյալներով (էկոնոմիկայի նախարարության օպերատիվ վերլուծության հիմամբ)։ Նախկինում՝ Արցախյան վերջին պատերազմից առաջ, մենք հիմնականում ցորեն էինք ներկրում Արցախից եւ Ռուսաստանից։ Հիմա, ցավալի պատճառներով, Արցախից ներկրել չենք կարող, իսկ ռուսական կողմից որոշակի սահմանափակումներ կան՝ հասկանալի պատճառներով։ Ռուս-ուկրաինական աճող լարվածությունը շատ երկրների, այդ թվում եւ մեզ, պարենային ապահովության ռիսկերի առաջ է կանգնեցրել։ Խնդրի լուծումը Հայաստանում հացահատիկի արտադրությունը զարգացնելն է։ Բայց ի՞նչ չափով եւ ինչպե ՞ս. այս հարցի շուրջ մասնագետների տեսակետները տարբեր են։
Ի՞նչ պետք է անի հիմա Հայաստանը այդ ռիսկերը՝ մասնավորապես հենց ցորենի մասով, հնարավորինս նվազեցնելու նպատակով։ Պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմեց ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանին, ով ասաց.
-Ընդհանրապես տնտեսական անվտանգությունը մեր ազգային անվտանգության բաղադրիչներից է, որն ունի ենթաբաղադրիչներ, այդ թվում՝ պարենային ապահովությունը։ Եթե հիմա հակիրճ խոսեմ թեմայից, ապա՝ տնտեսական առումով անմտություն է, որ ՀՀ-ն ինքնաբավ լինի ցորենի արտադրության առումով։ Հասկանալի է, Արցախից ցորեն ներմուծել հիմա չենք կարող։ Բայց ռուսական կողմից, ինչքան տեղյակ եմ, լրիվ արգելքի մասին չէ խոսքը։ Այնտեղ սահմանափակումը վերարտահանման կտրվածքով է, այսինքն՝ Հայաստանը կարող է իր պահանջարկը բավարարել, բայց վերարտահանում անել չի կարող։ Այսինքն՝ այս իմաստով մեզ վտանգ չի սպառնում։
-Այսինքն, ըստ Ձեզ, խուճապի կարիք չկա։
-Այո, խուճապ չպետք է լինի։
-Բայց եւ, այո, մենք չգիտենք, թե վա՞ղն ինչ կլինի, ի՞նչ զարգացում կստանա ռուս-ուկրաինական ճգնաժամը, կամ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ի՞նչ տեղաշարժեր կլինեն։ Հայաստանը պետք է, չէ՞, մի բան մտածի այդ տեղաշարժերից անընդհատ կախված չլինելու կամ գոնե այդ կախվածությունը հնարավորինս նվազեցնելու համար։
-Ձեր դիտարկումը ճիշտ է։
-Ասել կուզի՝ խնդրին պետք է նայենք ոչ միայն բիզնես արդյունավետության տեսանկյունից, այլեւ՝ հենց որպես ազգային անվտանգության բաղադրիչի։
-Անշուշտ, եւ հենց դրա համար էլ պետք է մտածենք ու հնարավորինս խելամիտ, կրկնում եմ, խելամիտ շրջանակներում բարձրացնենք մեր՝ ցորենի արտադրության ինքնաբավության մակարդակը։ Դա երկու ճանապարհ ունի։ Առաջինը` էապես բարձրացնել արտադրողականության մակարդակը։ Դրա համար հազար ու մի եղանակներ կան, ոռոգման ջրի խնդրի լուծում, ջրերն ամբարելու խնդրի լուծում. այսօր մեր ջրերը դուրս են հոսում։ Տարիներ շարունակ ջրամբարների մասին ենք խոսում, 5 տարի առաջ 4 ջրամբարների մասին խոսվեց, որ պետք է արդեն շահագործված լինեին, բայց… Երկրորդը՝ նաեւ՝ ընդհանրապես գյուղարտադրությունում տարբեր տեխնոլոգիաների կիրառման ու տեխնիկական ապահովվածության խնդիրը լուծվի։ Երկրներ կան, որ հեկտարից 60-70 ցենտներ ցորեն են ստանում (ընտրասերված սորտերից եւ արտադրողականության հաշվին)։ Իսկ մեր ցուցանիշը բավականին ցածր է։
Այստեղ մեր զրույցին միացավ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Մարկոսյանը՝ մեջբերելով Սինգապուրի օրինակը։ Եվ նշեց, թե Սինգապուրն աշխարհում համարվում է պարենային առումով ապահովված թիվ մեկ երկիրը, թեեւ ոչ մի ռեսուրս չունի։ «Նույնիսկ ոռոգման ջուրը 200 կմ հեռվից է բերվում։ Իմաստը գիտե՞ք որն է, փոխանակելու բան ունի։ Դրա համար մենք պետք է արդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնենք ու դա փոխանակենք։ Որովհետեւ մեր գյուղատնտեսական ռեսուրսները սահմանափակ են, անսահման չենք կարող ավելացնել։ Սա պետք է լինի զարգացման ուղին»։
-Հեռանկարի առումով սա ենք ուզում բացատրել,- եզրափակեց Հայկ Սարգսյանը,- իսկ իրավիճակի առումով՝ այո, պետք է բարձրացնենք ինքնաբավության մակարդակը։ Եվ այսօրվանից պետք է միջոցներ ձեռնարկենք։ Ընդ որում՝ դա պետք է անենք անմշակ հողերի հաշվին, ոչ թե, ասենք, խաղողը հանենք, ցորեն դնենք։ Խնդրի լուծումը անպայման պետք է տալ բացառապես մտածված քայլերով։ Ինչպես ասացիք, դեռ չգիտենք` աշխարհի գլխին ինչ կգա։ Մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր վատագույն սցենարներին։ Պետությունը պետք է ունենա իր պաշարները։