Շուշիի շրջանի Բերդաձոր ենթաշրջանն Արցախի հերոսական տարածքներից է եւ մայր հայրենիքին կապող ամենահարմար հատվածը։ Բերձոր-Շուշի մայրուղու վրա է, այժմ ունի 4 հայաբնակ գյուղական համայնք՝ Հին շեն, Մեծ շեն, Լիսագոր, Եղցահող՝ Տասի վերստ (Ծաղկաձոր) եւ Կանաչ Թալա գյուղերով հանդերձ։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ թշնամին հիմնականում Բերդաձորի հայաթափությամբ էր «տառապում»։ 1988-91 թթ. ենթաշրջանը պաշտպանվեց Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի ջոկատների շնորհիվ։ Սակայն 1 տարի՝ 1991 թ. մայիսի կեսերից մինչեւ 1992 թ. մայիսի 17-ը, մնաց գերության մեջ։ Ազատագրվեց Շուշիից հետո՝ Բերձոր-Լաչինից 1 օր առաջ։ Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով հայաթափ եղավ Քաշաթաղի շրջանը, որի բնակչության հիմնական մասը տեղափոխվել եւ բնակվում է ՀՀ տարբեր մարզերում, Երեւանում։ Սակայն շրջանի որոշ համայնքապետեր, բնակիչներ մնացին Արցախում եւ զբաղված են շինարարությամբ, գյուղատնտեսությամբ, ձեռներեցությամբ։ Արդեն անդրադարձել ենք Վուրգավան եւ Աղաձոր գյուղական համայնքների ղեկավարներ Միասնիկ Գրիգորյանի եւ Արա Անտոնյանի գործունեությանը Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում։ Իշխանաձոր գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցն ընտանիքով տեղափոխվել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղ եւ զբաղված է բնակարանաշինությամբ։ Արցախում են սկսել աշխատել ու արարել նաեւ քաշաթաղցի այլ երիտասարդներ։
Արցախ Աբրահամյանը բնակվում էր Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում, այնտեղ իր մանկության երեք ընկերների հետ հիմնել էր «ՀԱԳԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը: Տեղական, այդ թվում՝ սեփական այգիների խաղողից սկսեցին «Բերձոր» եւ «Վուրգավան» անուններով գինի պատրաստել ու վաճառքի հանել: Սակայն եղավ պատերազմը, թշնամու տիրապետության տակ անցավ նաեւ Վուրգավանը։ Արցախը մեծ ցավ ապրեց, բայց շարունակեց իր գործն արդեն ԱՀ Մարտունու շրջանում՝ Քարահունջ գյուղում, որտեղ հաստատվել է եւ իր ապագան Արցախում է տեսնում: Օրերս Երեւանում՝ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբում, հանդիպեցի Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքային համայնքի (դարձյալ մնացել է թշնամու տիրապետության տակ) ղեկավար Վրույր Ասրյանին։ Եկել էր համայնքից տեղահանված բնակիչների կորցրած գույքի ճշտման խնդիրներով։ Պարզվեց՝ Վրույրն այժմ Արցախի Բերդաձորի ենթաշրջանում զբաղված է բնակելի տների հիմնանորոգման աշխատանքներով։ Ծնվել է1974 թ. Գորիսում, ունի բարձրագույն կրթություն։ Կնոջ եւ 3 դուստրերի հետ բնակվում էր Որոտանում, որի քաղաքապետն է 2015 թ. սեպտեմբերից։ Մինչ այդ ծառայում էր ռազմական ոստիկանությունում։ Բերդաձորի Եղցահող գյուղը Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի հյուսիսարեւելյան բարձրադիր մասում է՝ Գորիս-Ստեփանակերտ «Կյանքի ճանապարհի», միջազգայնորեն՝ «Լաչինի միջանցքի» ձախ կողմում։ Դեռեւս խորհրդային տարիներին Եղցահողի կազմում էին Տասի Վերստը, որն ընկած է ճանապարհի վրա, եւ քիչ վերեւում գտնվող Կանաչ Թալան, որը 1970-ական թթ. հայաթափ էր եղել եւ վերաբնակեցվել թուրքերով։
Վ. Ասրյանը տեղեկացրեց, որ հիմնել է «Ասրյաններ» ընկերությունը, որի տնօրենն է, եւ 2021 թ. հուլիսից նշված 3 բնակավայրերում բնակելի տներ են հիմնանորոգում, հիմնականում Հադրութի, Քաշաթաղի, Քարվաճառի եւ թշնամու տիրապետության տակ անցած այլ բնակավայրերից տեղահանված ընտանիքների ու տեղաբնակների համար։ Այժմ Շուշիի շրջանի Քիրսավանից տեղահանված 2 ընտանիք վերաբնակվել է կանաչ Թալայում։ Կան նաեւ ընտանիքներ Հադրութի շրջանից, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից, որ արդեն տուն ունեն Եղցահողում։ Համագործակցելով ԱՀ քաղաքաշինության նախարարության հետ՝ իրականացնում են շատ կարեւոր այս աշխատանքը։ Վ. Ասրյանը տեղեկացրեց նաեւ, որ ընթացիկ ժամանակահատվածում հիմնովին նորոգել են 7 բնակելի տուն, 4-ի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ Աշխատուժը հիմնականում տեղի բնակիչներն են. այսինքն` որոշակիորեն լուծված է տեղացիների զբաղվածության խնդիրը։ Վարպետներ կան նաեւ Գորիսից։ Շինանյութի խնդիրը լուծված է։ Ներկրում են Գորիսից, Ստեփանակերտից։ Կարեւորեց, նաեւ, որ ավազ, խճաքար, բլոկներ եւ այլ կարեւոր շինանյութեր իրենց մատակարարում է Բերձորում գործող «Էր-ընդ-Արեգ» ընկերությունը։ Իհարկե, ընթացքում շինանյութի մատակարարման, ֆինանսավորման որոշակի խնդիրներ լինում են, բայց շուտ են լուծվում եւ չեն անդրադառնում իրենց աշխատանքի վրա։ Խոսելով ռուս խաղաղապահների հետ հարաբերությունների մասին, տեղեկացրեց, որ ոչ մի խնդիր չկա։
Ինչպես գիտենք՝ Եղցահողի խմելու ջրի խնդիրը բարդացել է, երբ թշնամին տեղակայվեց գյուղի հարեւանությամբ, որտեղ աղբյուրներն են։ Այժմ նոր ջրագիծ է կառուցվում։ Եղցահողի գյուղական համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը հեռախոսով տեղեկացրեց՝ եղանակային պայմաններից ելնելով, ջրագծի կառուցման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Իրենց համայնքում այս պահին Քաշաթաղի շրջանից աշխատում են 3 ընկերություն՝ «Ասրյաններ», «Արզանյաններ» (տնօրեն՝ Արտուշ Արզանյան, Իշխանաձորից) եւ «Սահման» (տնօրեն՝ Արթուր Սահակյան, Բերձորի նախկին քաղաքապետ), որոնք բնակելի տներ են հիմնանորոգում եւ կառուցում։ Ներկա դրությամբ Եղցահողն ունի 46 ընտանիք՝ 151 բնակչով։ 4 տեղահանված ընտանիք բնակություն է հաստատել Կանաչ Թալայում, 1-ը՝ Տասի վերստում, 2-ը՝ Եղցահողում։