Պատահում է այնպես, որ հեղինակն ու ստեղծագործությունն ապրում են իրարից անկախ, այսինքն` հասարակությունը ճանաչում է հեղինակին, բայց տեղյակ չէ նրա ստեղծագործություններից կամ ճանաչում է ստեղծագործությունը, բայց չգիտե` ով է հեղինակը, հաճախ հասարակությանը չի էլ զբաղեցնում հեղինակին ու ստեղծագործությանը միմյանց հետ կապելու միտքը. սա արդեն կրթվածության խնդիր է…
Այդպես պատահեց եւ Արա Սարգսյան քանդակագործի հետ. նա Եվրոպայից եկել էր Հայաստան` այստեղ ապրելու եւ աշխատելու վճռականությամբ. անհրաժեշտ էր փակել կենսագրական մի էջ, որը խրախուսելի չէր խորհրդային կարգերի համար, իսկ Հայաստանում շատ գործ կար անելու այնպիսի հայրենասերի ու տաղանդավոր անձնավորության համար, ինչպիսին Արա Սարգսյանն էր։ Ծնված լինելով (1902 թ., ապրիլի 7) Օսմանյան կայսրությունում՝ նրա զգայուն հոգին տակնուվրա էր եղել Առաջին համաշխարհայինի ու Հայոց եղեռնի սահմռկեցուցիչ պատկերներից, որոնք այդ շրջանի ստեղծագործությունների հիմնական թեման էին, սակայն միայն ստեղծագործելով անհնար էր ներաշխարհից հանել մարդկայինը խաթարող նեգատիվը. պայքարի ոգին հանգիստ չէր տալիս սկսնակ արվեստագետին, պետք էր գործել, ինչ-որ կոնկրետ բան անել…
Թեեւ Մուդրոսի զինադադարից հետո 1919 թ. Թուրքիայի զինվորական դատարանը` արտաքին ճնշումների ներքո, հեռակա կարգով մահվան դատապարտեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին, իսկ Մեծ Բրիտանիան էլ` իր հերթին, կալանք սահմանեց Մալթա աքսորված մի քանի հանցագործների նկատմամբ, նրանք, այնուամենայնիվ, կարողացան խուսափել սահմանված պատիժներից եւ այլ անուններով թաքստոցներ գտնել Եվրոպայի զանազան վայրերում, հատկապես` Գերմանիայում։ Սա էր պատճառը, որ հենց նույն` 1919 թ., Հայ հեղափոխական դաշնակցությունը նիստ գումարեց Երեւանում եւ որոշում ընդունեց ի կատար ածել երիտթուրք պարագլուխների նկատմամբ դատավճիռը. ինչպես գիտենք, գործողությունն իրականացնելու ծրագիրը կոչվեց հունական վրեժխնդրության աստվածուհու անունով` «Նեմեսիս»։ Ծրագիրը բարդ էր, գաղտնի եւ նուրբ գործողություններ էր պահանջում։ Պետք էր հայտնաբերել այլ անունների տակ ծպտված հանցագործներին, պարզել նրանց ուղեւորության սխեման եւ մահապատիժն ի կատար ածել առանց կողմնակի ու անմեղ զոհերի, հասցնել ժամանակին թաքնվել։ Ծրագրին զինվորագրվեցին ոչ միայն զուտ կուսակցական գործիչներ, այլեւ տարատեսակ մասնագիտությունների հայորդիներ, ովքեր վրեժխնդրությունը ազգային պարտք էին համարում: Արնախում հրեշը չպետք է գլուխը հանգիստ դներ բարձին. միլիոնավոր էին անմեղ զոհերը, սակայն կային քչեր, որ պիտի արյան վրեժ հանեին ոճրագործներից եւ աշխարհին ցույց տային նրա անտարբեր, գազանային բնույթը։
«Նեմեսիս» ծրագրի իրագործման ակտիվ մասնակիցներից էր եւ Արա Սարգսյանը. լեզուների` հատկապես թուրքերենի լավ իմացությունը նրան օգնում էր տեղեկություններ հավաքել անմիջապես թուրքերից, ովքեր իրենց մասնավոր խոսակցություններով գլխի էլ չէին ընկնում, թե ինչպես են մատնում իրենք իրենց։ Այսպես էլ Գրիգոր Մերժանովն Արայի օգնությամբ եւ նրա հետ միասին սրճարանային մի խոսակցությունից պարզում է Թուրքիայի նախկին վարչապետ, հայերի աքսորի ու ոչնչացման որոշումը ստորագրած Սայիդ Հալիմի գտնվելու վայրը, իսկ Արշավիր Շիրակյանն էլ 1921 թ. իրագործում է ոճրագործի պատիժը։ Բացի լեզուների իմացությունից, հանցագործներին ճանաչելու հարցում Արային օգնում են եւ արվեստագետի աչքն ու հիշողությունը։ Նա որոշում է ուսումը շարունակել Վիեննայում, որտեղից ավելի հեշտ ու մոտ էր Բեռլին գնալ-գալը։ Այդպես էլ` 1922 թ. Արա Սարգսյանը Գերմանիայում մասնակցում է Ջեմալին ու Բեհաեդդին Շաքիրին ոչնչացնելու գործողությանը։ Ու թեեւ «Նեմեսիսի» գործողության մասնակիցները սփյուռքում հպարտությամբ էին ներկայացնում իրենց կյանքի այդ էջը` բացահայտ պատմելով ու հուշեր գրելով, Արա Սարգսյանը, սակայն, նախընտրելով գալ Հայաստան, շատ լավ գիտակցում էր, որ այդ էջը պետք է փակ լինի բոլորի համար, այլապես չի կարողանա ոչ միայն անխռով ապրել, այլեւ իրագործել այն ծրագրերը, որ կապված էին հայրենիքի հետ. նրա մասին հիշատակելիս էլ գաղափարակիցները զուտ անվանատառերն էին նշում` Ա. Ս.՝ ընկերոջը հարվածի տակ չդնելու համար։
Զուր չէ, որ Արա Սարգսյանը 1924 թ. Վիեննայում ընդունեց խորհրդային քաղաքացիություն եւ 1925 թ. ապրիլի 26-ին ժամանեց Երեւան։ Այստեղ նա դրեց հայկական պրոֆեսիոնալ քանդակագործության հիմքը. 1925-30 թթ. Երեւանի գեղարվեստական տեխնիկումում բացեց քանդակագործության բաժին ու սկսեց դասավանդել, իսկ 1932 թ. Գաբրիել Գյուրջյանի, Միքայել Արուտչյանի հետ միասին հիմնադրեց Հայաստանի նկարիչների միությունը եւ միաձայն ընտրվեց առաջին քարտուղար` գլխավորելով այն մինչեւ 1937 թ., սակայն արվեստագետի մասնագիտական հետաքրքրությունների ու նպատակների շրջանակը լայն էր, եւ նա չսահմանափակվեց ստեղծածով. 1945 թ. նրա գլխավորությամբ հիմնադրվեց Երեւանի գեղարվեստական ինստիտուտը։ Արա Սարգսյանը դարձավ ինստիտուտի առաջին ռեկտորը եւ այդ պաշտոնն զբաղեցրեց մինչեւ 1959 թ., իսկ քանդակի ամբիոնն ու արվեստանոցը ղեկավարեց մինչեւ կյանքի վերջը. 1947-ից նա ուներ պրոֆեսորի կոչում։ Բացի մանկավարժական, վարչական, ազգային-հասարակական աշխատանքներից, Արա Սարգսյանը լրջորեն զբաղված էր ստեղծագործությամբ` իր տաղանդը դրսեւորելով քանդակագործության բոլոր ժանրերում՝ մոնումենտալ, հաստոցային քանդակ, հարթաքանդակ, թեմատիկ-կոմպոզիցիոն. օգտագործում էր մարմար, փայտ, շամոտ, բրոնզ, բազալտ։ Նրա աշխատանքների վրա չէր գրվում քանդակագործի անունը. անգամ մեզ շատ հայտնի ու սիրելի Երեւանի օպերայի ու բալետի թատրոնի առջեւ տեղադրված ու թատրոնի շենքին այնպես ներդաշնակ Հովհաննես Թումանյանի ու Ալեքսանդր Սպենդիարյանի արձանների հեղինակը շատերի համար մնում էր անհայտ։ Նրա մոնումենտալ կոթողներից հիշատակելի է ԵՊՀ առջեւ դրված` Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի խմբաքանդակը. հայոց երկու մեծ այրերին միավորում է գիտության լույսը` բաց գիրքը, որ բռնել են երկուսով։ Ուշադրություն է գրավում Գյումրիի «Մայր Հայաստան» հուշարձանը, որ պատկերանում է սերն ու հոգատարությունը խորհրդանշող` կուրծքը բաց կնոջ տեսքով, ում մի ձեռքին արմավենու ճյուղն է, որպես սուրբ ծննդի ու կյանքի խորհրդանիշ, մյուսին` Զվարթնոցից խոյաքանդակ` որպես մտքի ու ազգային ստեղծագործության խորհրդանիշ։ Արա Սարգսյանի ձեռքի տակ մեր երկրի քարերը մարմնավորեցին մեր մեծերին ու կենդանացան նրանցով` մեր հիշողության մեջ հավերժացնելով նրանց կերպարը։
Ցավոք, արդեն Խորհրդային Հայաստանում ԽՄԿԿ անդամ դարձած Արա Սարգսյանին չհաջողվեց մինչեւ վերջ գաղտնի պահել նախկինում դաշնակցությանը հարելը եւ «Նեմեսիս» ծրագրի իրագործմանը մասնակցելը. պատճառը դարձավ 1959 թ. Բրյուսել այցելությունը եւ դաշնակ եղբոր հետ պատահական հանդիպումը: Այնուհետեւ նա անվտանգության կոմիտեի ուշադրության կենտրոնում էր. նրա ճակատագիրը կտրուկ փոխվեց, նա դարձավ կասկածելի ու անցանկալի անձնավորություն… Ոտքի կոտրվածքի պատճառով հիվանդանոցում հայտնված քանդակագործը ոչ միայն հուշեր է գրում այնտեղ, այլեւ կտակ, որում պահանջում է իր մահվանից հետո անպայման դիահերձում կատարել, ու թեեւ ոտքի կոտրվածքն ապաքինվում է, եւ նա դուրս է գրվում հիվանդանոցից, սակայն նույն օրն իսկ բարձր ջերմություն է ունենում եւ վախճանում երկու օր անց` 1969 թ. հունիսի 13-ին։