Ինձ հյուր եկեք , երբ կամենաք,
Կյանքս էլ ուզեք, կտամ,
Բայց երգիս մեջ փնտրեք մենակ,
Ես ուրիշ տեղ չկամ…
Համարձակ էի շեմքից ներս դրել ոտքս՝ իսկապես բաց էր մեզ համար նրա հյուրասեր տան դուռը (այնպես, ինչպես բանաստեղծություններից մեկում էր խոստովանում, թե «Աշխարհում միշտ բաց են եղել դռներս կրնկի վրա…»)։ Անհամեմատ ավելի դժվար էր, այդուհանդերձ, հուզմունքը զսպել։ Գիտակցությունից, որ նստած ես ժամանակակից հայ պոեզիայի պատրիարքի դեմ դիմաց։ Նստած ես, սուրճ ես խմում նրա հետ եւ զրուցում՝ քեզ ու այնքան մարդկանց հետաքրքրող հարցերի շուրջ։ Հուզմունքը կրկնապատկվում է այն պահից, երբ հիշում ես, որ նա՝ սիրված բանաստեղծը, այնքան էլ հեշտ չի իր համաձայնությունը տալիս պոեզիայից դուրս՝ պոեզիայի մասին եւ այլ նյութերի շուրջ զրուցելուն, քանզի… «Այն ամենը, ինչ ուզում եք իմանալ ինձնից՝ քիչ թե շատ մանրամասն իմ գործերում կգտնեք»։
«Գուցե տոհմի՞ց սկսենք»…։ «Տոհմից,- արձագանքում է անմիջապես,- որքան հնարավոր է արտահայտվել դրա մասին՝ անդրադարձել եմ արդեն իմ գրքերում»։ Իսկ արձակ խոսքով անհրաժեշտ համարեց՝ օրինակներ բերելով, մեկ անգամ եւս շեշտել այն նրբությունները, որոնք իր կարծիքով՝ ինքնին ճշմարիտ արժեքներ են. հոգատարությունը բույսի, ծառի, քարի, կենդանիների, առհասարակ՝ բնության հանդեպ։ Մարդու վերաբերմունքն իր տեսակի, իր անմիջական միջավայրի, առհասարակ՝ հայրենիքի նկատմամբ։ «Տոհմայի՞ն է դա։ Ըստ իս՝ այո։ Իմ տեսած մարդու սիրտը կճաքեր, եթե նա գար ու տեսներ հանկարծ, որ իր հողը ճաք է տվել երաշտից։ Դա իր համար մեծ ողբերգություն է։ Կկարողանա՞նք պահպանել այդ տեսակը։ Եթե այո՝ ամեն ինչ, ուրեմն, լավ կլինի»։
Արժեքներ։ Դրանք շատ են։ Մեզ քարոզել են, սակայն, թե դրանք երկու հիմնական խմբի են բաժանված՝ համազգային եւ համամարդկային։ Մե՞ծ է այդ երկուսի տարբերությունը։ Եվ առհասարակ, ի՞նչ է նշանակում մեկը կամ մյուսը։ Զրուցակիցս չէր ուզում, որ մենք բարդացնենք այդքան։ «Ինձ համար ամեն ազգային համամարդկային է։ Եվ, հակառակը»։ Մեր առջեւ պատկերացնենք կանգուն մի կոթող։ Զարդաքանդակներով, ոճով եւ հազար ու մի այլ յուրահատկություններով այն ազգայինի դրոշմն է կրում։ «Մինչդեռ որպես ամբողջականություն՝ ինքնին համամարդկային երեւույթ եւ արժեք է»։
Իսկ պոեզիա՞ն։ Ինչպիսի՞ երեւույթ է պոեզիան։ «Համամարդկային»։ Զգացմունքները Երկրագնդի վրա բնակվող բոլոր ազգերի եւ ցեղերի պարագայում նույնն են՝ սեր, ատելություն եւ այլն։ «Բայց քանի որ ես հայ եմ՝ հայի պես եմ զգում աշխարհն ու ամենայն բան, ինչի մասին կիսվել եմ ուզում։ Հայի պես եմ զգում ու հայի պես իմ գրչով փոխանցում՝ այնպես, ինչպես ինձ շրջապատող միջավայրն է ներշնչել ու ընթացքում ձեւավորել»։
Պոեզիան՝ ասվում է, չափածո ստեղծագործությունների ընդհանրական անվանումն է։ «Պոեզիան,- հակադարձում է Վարպետը,- երգ է։ Քանի որ մարդը՝ մարդ է եւ ոչ այլ ոք՝ նա երգելու պահանջ ունի։ Այդպես չէ՞: Դե, իսկ պոեզիան էլ՝ Հոմերոսից մինչ Արմեն Շեկոյան, երգի ձեւերից մեկը լինելով, նույն առաքելությունն ունի»։ Նրա համոզմունքն էր, որ եղել են ու կլինեն դեռ փորձերը քնարերգությունը արձակի ու այլեւայլ ինչերի վերածելու, ինչ-ինչ անհասկանալի նպատակների համար այն ծառայացնելու եւ այլն։ Ապարդյուն փորձեր։ Արհեստական միջամտություններ այն չի ընդունում։
20-րդ դարի հայ գրականության էջերում սիրելի շատ անուններ կան, որոնց ստեղծագործություններն անգիր գիտի ընթերցասեր հասարակությունը։ Կարծում եմ, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ լայն լսարանի ուշադրության կենտրոնում ամենից շատ սահյանական ու սեւակյան ժողովածուներն են եղել։ Սեւակը շատ ավելի ուշ բարձրացավ գրական Պառնաս, քան Սահյանը, եւ նրանց միջեւ ջերմ բարեկամություն հաստատվեց։ Ցանկանում էի, որ նրա մասին իր հուշերով կիսվեր։ Խոստովանեց, թե այդքան էլ հեշտ չի դա։ Մանավանդ նրա կյանքի վերջին տարիներին հարեւան մուտքերում էին ապրում եւ գրեթե ամենօրյա շփումներ ուենեին։ Ո՞ր մեկը հիշեր հիմա, ի՞նչն անտեսեր, երբ… «Անհետաքրքիր բան Պարույրը չի ասել»,- նկատում է։ Բայց եւ… Ամենաշատը հենց նրա մասին խոսեց։ Ավելի ճիշտ, Սեւակի ամենանշանավոր՝ «Անռելի զանգակատուն» պոեմի տպագրության պատմությանն անդրադարձավ՝ այն, որ բազում դժվարությունների գնով իրականություն դարձավ։ Տասնյակ հրապարակումներ եղան դրա շուրջ։ «Սկսվեց, կարծեմ, Սերգեյ Սարինյանի ծավալուն հոդվածից՝ «Գարունի» 1987 թ. համարներից մեկում…»։ «Սխալ է», – ընդհատում է անմիջապես Վարպետը։ Կարող էր թույլ տալ իրեն նման կտրուկ ձայն։ Կարող էր, քանզի ինքն էր վերոհիշյալ գործի խմբագիրը եւ լավ գիտեր ամբողջ իրողությունը՝ պոեմի ստեղծումից մինչ տպագրման պահը։ «Անուններ են մեջբերում, որոնք իբր թե օգնում էին, այնինչ իրականության մեջ նրանք էին հենց առաջին խանգարողները»։ Բավականին երկար է այդ պատմությունը եւ մեկ այլ առիթով կանրադառնանք անպայման, ամբողջ ճշմարտությունը մեկընդմիշտ ներկայացնելու համար։
Իսկ մինչ այդ հիշեցում. մեր զրույցը տեղի էր ունենում, երբ մեկ տասնամյակից էլ պակաս էր 21-րդ դարից մեզ բաժանում, եւ տեղին էի համարում նրա կարծիքն իմանալ. իսկ ինչպիսի՞ն է տեսնում նա եկող հազարամյակի պոեզիան։ «Նախքան պատասխանելը, ես ինքս կցանկանայի հարցնել. իսկ ի՞նչ կտա մեզ 20-րդ դարն ինքը։ Անհավատալի բաներ են կատարվում աշխարհում, եւ ես չգիտեմ. այսօրվա հուդանե՞րն են ավելի դաժան, թե՞ Քրիստոսի հայտնի աշակերտը։ Ինչպես չգիտեմ նաեւ՝ այսօրվա բարի մա՞րդն է ավելի բարի, թե՞ ինքը՝ Քրիստոսը»։
Մեկ ուրիշ հարց էլ էր ինձ անձնապես տանջում. մայրս նոր էր վախճանվել, փորձում էի գրի առնել գոնե հուշերը կյանքում ամենաթանկ էակի մասին։ Ոչ մի կերպ չէր ստացվում։ Ավելի ճիշտ, ինչ գրում էի՝ շատ չանցած ջնջում էի նորից։ Չէի հավանում։ «Մոտիկ մարդկանց մասին,- ասաց Հ. Սահյանը,- էլ չասեմ՝ հարազատների, շատ դժվար է գրել։ Չարենցի հետ ես միայն մեկ անգամ եմ հանդիպել՝ դրա մասին կարող եմ պատմել։ Իսկ Իսահակյանից ո՞րը ասեմ, ո՞րը թողնեմ, երբ այդքան հաճախ էինք այցելության գնում նրան ու ամեն անգամ, երբ դուրս էինք գալիս նրա մոտից, այնպիսի տպավորություն էր, թե քոնն է աշխարհը ամբողջ։ Հիացած, լիացած, իմաստնացած էինք զգում մեզ։ Մայրերի մասին առավելեւս հեշտ չէ։ Շիրազի վրա զարմանում էի։ Նա մի ամբողջ ժողովածու էր նվիրել մորը։ Ինձ մոտ միայն մեկ թե երկու գործ կա մայրիկին նվիրված»։
Շատ հարցեր ունեինք դեռ։ Դժբախտաբար, նրա ժամանակն էր սուղ։ Ի դեպ, ինչո՞վ էր նախընտրում զբաղվել իր ազատ ժամերին։ Ասել էր, թե մեծամասամբ՝ հիվանդությամբ։ Զարմանքն իմ աչքերի մեջ կարդալով, հավելեց. «Մտածողներից մեկը, երբ նրան նույն հարցն էին տվել, այսպես էր պատասխանել. «Շուրջ քսան տարի է արդեն՝ ծերությանն եմ սովորում»։ Երեւի թե դա նաեւ ինձ է վերաբերվում։ Քայլել այլեւս դժվարանում եմ՝ չեմ կարող դրան ազատ ժամանակ տրամադրել։ Գրել-կարդալն էլ է որոշ չափով բարդացել…» ։ Չափազանցություն է։ Որքան էլ ջանք պահանջեր՝ դրանից հետո նա գրեց դեռ եւ իր պոեզիայի սիրահարներին ներկայացրեց վերջին՝ «Ինձ բացակա չդնեք» ժողովածուն, որը լույս տեսավ Վարպետի մահից հետո:
Մենք դուրս եկանք փողոց։ Հիացած էինք։ Լիացած էինք։ Իմաստնացած էինք։ Կյանքին ու միջավայրին այլ կերպ էինք նայում։ Ամբողջ աշխարհն ասես մերը լիներ։ Հետաքրքրությունը չթաքցնելով՝ բացեցինք ծոցատետրը եւ ժպիտը մեր դեմքերին, կարդացինք Վարպետի մեզ թողած կարճ գրությունը. «Ամեն նոր հանդիպում, նոր ծանոթություն աշխարհի մի նոր, անհայտ դուռ է բացում… Շնորհակալությամբ ասեմ, որ ինձ համար բացիք այդ դուռը»։
Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ