Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Երանի նրանց, որոնք մեռան միամտության մեջ՝ հավատալով, որ…»

Ապրել այնպես, որ հինը երբեք չկրկնվի

Ապրիլի 14, 2022
Մշակույթ
«Երանի նրանց, որոնք մեռան միամտության մեջ՝ հավատալով, որ…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
295
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Չորս հարյուր հիսուն տարի էր անցել այն ժամանակներից, երբ նույն այս Արարատյան նահանգի մի ուրիշ գավառում մարեց Արշակունյաց թագավորությունը: Չորս հարյուր հիսուն տարվա մեջ Հայաստանը շատ չար ու բարի տեսավ, հերոսներ եկան-գնացին, հայրենիքի բախտը ապահովելու համար շատ ազնիվ ձգտումներ եղան, շատ արյուն թափվեց, անհամար զոհեր գնացին: Բայց առեղծվածը մնաց անլուծելի, ոչ ոք չկարողացավ լուծել երկրի ճակատագիրը, ոչ ոք ուժ չունեցավ հաղթահարելու անողոք հանգամանքները: Զուր անցան անձնազոհությունը, հերոսական ջանքերը: Եվ ոչ ոք չկարողացավ անել այն, ինչ արավ Աշոտ Բագրատունին քաղաքագետի, կառավարչի եւ զորավարի փայլուն տաղանդով…»:

ԼԵՈ

Հայ պատմագրության մեծավաստակ դեմքերից է հայոց Շուշի շենշող քաղաքի ծնունդ Առաքել Բաբախանյանը, ով Լեո կեղծանունը յուրացրել է 18 տարեկանում եւ այդուհետ կոչվել գերմանացի գրող Ֆրիդրիխ Շպիլհագենի «Մեկը դաշտում զինվոր չէ» վեպի հերոսներից մեկի անունով: Պատանեկան տարիքից աշխատել է նոտարային գրագիր, հեռագրիչ, տպարանի կառավարիչ, այդ տարիքից էլ հանդես եկել պատմագիտական, գրական, հրապարակախոսական հրապարակումներով՝ թղթակցելով «Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Տարազ», «Հորիզոն» թերթերին ու այլ պարբերականների: Մինչեւ պատմագիտական իր աշխատությունները գրել է վեպեր, պատմվածքներ, վիպակներ, ընթերցողին ներկայացել նաեւ պիեսով՝ «Վարդանանք»: Արձագանքելով իր ժամանակի հայ հասարակությանը հուզող հարցերին՝ նա պատկերում է գավառահայության, հատկապես գյուղացիության ծանր վիճակը, մերկացնում իշխողների շահատակությունները, խոսում Հայկական հարցի եւ արեւմտահայության դաժան կացության մասին, քարոզում հայրենասիրական գաղափարներ, հանդես գալիս հայ պահպանողական-ռեակցիոն գործիչների դեմ: Այդ տարիներին Լեոն ներշնչված էր Րաֆֆու, Գրիգոր Արծրունու գաղափարախոսական հզոր ազդակներով: «Մարդու հետաքրքիր օրինակ է Լեոն,- ժամանակին նկատել է Ավետիք Իսահակյանը,- հազիվ թե այդպիսի երկրորդը գտնվի մեր մեջ, որի հետաքրքրությունների ոլորտը սահման չի ունեցել…»:

1906-1907 թթ. Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում դասավանդած, ապա Թիֆլիսում իրեն գիտական աշխատանքի նվիրած գրող-պատմաբանը 1924-ին հայրենի կառավարության հրավերով հաստատվում է Երեւանում՝ մայր բուհում վարելով հայոց պատմության դասընթացներ: Նրա դասախոսությունները տպագրվում են եւ Հակոբ Մանանդյանի դասախոսությունների հետ համատեղ դառնում հայոց պատմության համալսարանական առաջին դասագրքերը: Մեծ է Լեո գիտնականի երախտիքը (Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի, Հակոբ Մանանդյանի հետ միասին) ԵՊՀ-ում հայագիտական առարկաների դասավանդումը գիտական մակարդակի վրա դնելու գործում: Անուրանալի է նրա վաստակը հայ հասարակական մտքի, հայ գրականության եւ մշակույթի պատմության ուսումնասիրության բնագավառում: Նա առաջին պատմաբաններից էր, որ ձեռնամուխ եղավ հայ ժողովրդի նոր եւ նորագույն շրջանների պատմության ուսումնասիրությանը՝ հայ ազատագրական շարժումների, հայկական հարցի, առաջին աշխարհամարտի եւ մեր ազգային մեծ ողբերգության հարցերին: Նորովի է լուսաբանել հայոց պատմության հանգուցային բազմաթիվ խնդիրներ: Մեծարժեք գործեր են «Հայկական տպագրություն», «Հովսեփ կաթողիկոս Արղության», «Գրիգոր Արծրունի», «Մեսրոպ Մաշտոց», «Հայոց հարցը», «Վանի թագավորությունը», «Անի» աշխատությունները: Լեոյի գիտական ժառանգության մեջ բացառիկ է «Հայոց պատմություն» եռահատոր մենագրությունը, որում ներկայացնում է հայոց պատմությունը նախապատմական ժամանակներից մինչեւ 18-րդ դարի վերջը, բացի 12-15-րդ դարերից: Նրա հատորները պարունակում են հայ եւ օտար պատմիչների, ժամանակագիրների մեծարժեք վկայություններ, հնագիտական, վիմագրական, լեզվագիտական, բանահյուսական հարուստ նյութեր, ճանապարհորդական նոթեր ու հուշագրություններ, գիտական ուսումնասիրություններ, վավերագրեր:

Մինչեւ անցյալ դարի քսանական թվականները հրատարակած երկերում պատմաբանը հասարակության զարգացման համար առանձնացնում է հոգեւոր եւ աշխարհագրական գործոնները, մեծապես կարեւորում անհատի դերը: Հետագա աշխատություններում վերանայելու էր իր սկզբունքները՝ փորձելով մոտենալ պատմության նոր ըմբռնմանը՝ «Անցյալից», «Խոջայական կապիտալ», «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը», այլ հատորյակներ:

Ինչպես արդեն նշեցինք, խորագետ պատմաբանը գրել է նաեւ գեղարվեստական ու գրականագիտական երկեր: Հայ ժողովրդի պայքարի առանձին դրվագներ արտացոլել է «Վահան Մամիկոնյան», «Սպանված հայրը», «Վերջին վերքեր», «Թաթախման գիշերը» եւ այլ պատմական զրույցներում, «Մելիքի աղջիկը» ավանդավեպում, «Վարդանանք» դրամայում: Նմանատիպ գաղափարներ են արտահայտված նաեւ նրա հիշատակարաններում:

Լեոն անդրադարձել է նաեւ մեր մեծերից շատերին՝ Սայաթ-Նովա, Մկրտիչ Խրիմյան, Րաֆֆի, Ղազարոս Աղայան, Մատթեոս Մամուրյան, Սրբուհի Տյուսաբ, այլ դեմքեր: Ասել է, թե գրեթե չկա մի ոլորտ, որին անդրադարձած չլինի շռայլորեն օժտված այս անհատականությունը: Այս առումով խիստ բնութագրական է Վարպետի մի նոր նկատառումը. «Անսպառ եռանդի տեր եւ չափազանց աշխատունակ՝ նվիրվեց ինքնակրթության եւ իրենից շինեց-կերտեց գրական այն ուժը, որ երկար տարիներ եղավ տիրապետող դեմքերից մեկը կովկասահայ հասարակության մտավոր կյանքի մեջ… Որպես գեղարվեստական գրող՝ Լեոյին, անշուշտ, չի կարելի դասել ռուսահայ գրականության արձակագիրների շարքին՝ Րաֆֆիի, Պռոշյանի, Մուրացանի, Շիրվանզադեի, Նար-Դոսի… Սակայն իր պատվավոր տեղն ունի…»:

Նաեւ գրականության մեջ «իր պատվավոր տեղն ունեցող» վաստակաբեռն պատմաբանը, որ խաչաձեւել էր իր ժողովրդի անցյալն ու ներկան, նաեւ այսպիսի տողեր է թողել. «Երանի նրանց, որոնք մեռան միամտության մեջ՝ հավատալով, որ հայոց հարցը պիտի լուծվի հայ ժողովրդի երջանկության համար: Ես մի մխիթարանք ունեմ այժմ՝ ավերված եւ բզկտված Հայաստանից մնացել է մի փոքրիկ հողակտոր, որը շատ մեծ գնով է ձեռք բերվել: Բայց հայ ժողովուրդը պիտի նորից ապրի: Ապրի այնպես, որ հինը երբեք չկրկնվի: Ապրել ոչ միայն նորից, այլեւ նորովի, ու անեծքով խափանված ճանապարհների փոխարեն պիտի բացվեն նորերը…»:

Թեգեր: ԼԵՈմշակույթ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist