«Հայֆիլմն» էր ստեղծել մի կինոնկար, որ եթե նկարահանված չլիներ Երեւանում՝ Տերյան փողոցի վրա գտնվող հին կինոստուդիայում, հանգիստ կարելի է ասել, որ այն ստեղծվել է հետպատերազմյան Հռոմի «Կինոքաղաքում» (Չինեչիտտայում) «իտալական նեոռեալիզմի» ֆիլմերի շարքում։
Այս ֆիլմը կոչվում է «Առաջին սիրո երգը», բեմադրիչ՝ Յուրի Երզնկյան (կինոարվեստի համար ծնված արտակարգ տաղանդի տեր մի մարդ, որ ստիպված էր աշխատել սոցռեալիզմի արվեստի շրջանակներում), կինոօպերատոր՝ Արտաշես Ջալալյան (օպերատոր ըստ կոչումի, բարձր պրոֆեսիոնալ), կոմպոզիտոր (երգերի)՝ Առնո Բաբաջանյան (այս անունն արդեն ամեն ինչ ասում է, սակայն Առնոն ինքն իրեն այստեղ գերազանցեց, եւ սկսվեց նրա մեծ փառքի ճամփան), երաժշտության սիմֆոնիկ հատվածների հեղինակ՝ Ղազարոս Սարյան (լավագույնս Առնոյի հիթ երգերի հարեւանությամբ կարողացավ ստեղծել իր երեւանյան մոտիվները, օրիգինալ գործիքավորմամբ, այնքան բնորոշ կառուցվող քաղաքի ռիթմին, տեմպին)։ Կինոնկարի բեմադրության համահեղինակն էր Լաերտ Վաղարշյանը (գիտակ կինոբեմադրիչ, ով հայթայթել էր այս սցենարը եւ լծվել գործի, սակայն սայլը տեղից շարժեց Երզնկյանը)։ Սցենարի հեղինակներ՝ Յակով Վոլչեկ եւ Ժիրայր Հակոբյան, որոնք հիմնականում թե թարմ կինոնյութ էին էկրանին առաջարկել, թե ունեին սրամիտ երկխոսություններ։
Սակայն մենք եթե միայն այսքանով փորձենք ներկայացնել այս չհնացող ֆիլմի ստեղծողներին, մեղանչած կլինենք ճշմարտության դեմ։ Եվ եթե ճշմարտությունն ունի չհերքված օրենք, կինոն դա բեմադրիչն է, ապա դրա կողքին եւս մի աքսիոմա կա՝ բեմադրիչի միտքը հանդիսատեսին է հասցնում դերասանը։ Այս կինոնկարի դերակատարների շարքը իսկապես փայլուն էր։ Հիշենք այն ճշմարտությունը, որ եթե կինոնկարում խաղար Հրաչյա Ներսիսյանը, նա մշտապես ստեղծում է մի կերպար, որ ինքնին անմոռանալի է՝ «Պեպո», «Զանգեզուր», «Ամպրոպի արահետով», «Սիրտն է երգում», «Պատվի համար», «Ինչո՞ւ է աղմկում գետը», եւ այն ռեժիսորները, որոնք նկարահանել են Հրաչին, ինքնին երջանիկ էին։ Ափսոս, որ Հրաչին չհասցրեցին նկարահանել մեր լավագույն ռեժիսորներից Ֆրունզե Դովլաթյանը, Հենրիկ Մալյանը, Էդմոնդ Քյոսայանը, Բագրատ Հովհաննիսյանը, Ներսիկ Հովհաննիսյանը։
Հրաչյայի կողքին նույն այս կինոնկարում խաղում էին մեր թատերական բեմի մեծ մաեստրոն՝ Վաղարշ Վաղարշյանը, հրաշալի Օլգա Գուլազյանը։ Հրաչի արժանավոր խաղընկերն էր Խորեն Աբրահամյանը, ֆիլմի գլխավոր հերոսի՝ Արսեն Վարունցի դերակատարը։ Նրանք երկուսով ասես մի կատարյալ դուետ էին, Հրաչի կողքին նորովի փայլում է Խորենի (հայ տղամարդու այս հավաքական կերպարի) խաղը։ Ինչո՞ւ, ես ունեմ իմ բացատրությունը. Հրաչը սիրում էր Խորենին որպես իր հարազատ որդու (Հրաչը մշտապես հայրական զգացմունք է ունեցել դեպի Խորենը եւ հակառակը)։ Գիշերային ռեստորանից դուրս են գալիս հայրն ու որդին՝ ուշ աշնանային մեր քաղաքով մի որոշ ճամփա միասին գնում, ձմեռնամուտ է, տերեւաթափ, եւ ցուրտը պատել էր։ Եվ բնավ Հրաչի սրտով չէր, որ որդուն մենակ թողներ, եւ փորձում էր համոզել նրան, որ հետը գար, բայց ապարդյուն… Երբ Խորենը շրջվում էր, որ գնար, Հրաչը ոտքը կախ է գցում, հանում իր աշնանային վերարկուն ու, ինչպես մի փոքր մխիթարանք, գցում այն որդու ուսերին, եւ այն պահին, երբ որդին վերարկուն ուսերին մի երկու քայլ է անում՝ լսվում է հոր ձայնը. «Նեղը ընգնիս, արի՛…»։
Այս խոսքերը գոնե հայ մարդու ականջին շա՜տ բան են ասում. «Նեղը ընգնիս, արի՛…»։
Գիշերային նկարահանումն ավարտված է, ոչինչ, որ նկարահանված էր հայ կինոյի պատմության մեջ «Հերոսների անցումի» (Проход героев)-ի լավագույն հատվածը, վայրկյաններ տեւող, բայց մնայուն։ Նկարահանումն ավարտված է, Խորենը մոտենում է Հրաչյային, առնում նրա վաստակաշատ աջը եւ իրեն բնորոշ մղումով համբուրում այն եւ ասում. «Շնորհակալ եմ»։
Համաձայն սցենարի` այս հրաժեշտի հատվածում Հրաչը պարզապես պիտի տխուր նայեր Խորենի ետեւից։ Սակայն նրա համար Խորենը սովորական խաղընկեր չէր, ուստի եւ ասաց, ինչպես հայրը կասեր որդուն՝ «Նեղը ընգնիս, արի՛…»։
Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ