Յակոբ Սամսոնովիչ Խաչատրյանցը Ավետիք Իսահակյանի մտերիմ ընկերներից էր։ Զարմանալի կոլորիտով, ինքնատիպ եւ իր տեսակի մեջ եզակի անձնավորություն։ Հրաշալի գիտակ էր հայ գրականության եւ ֆոլկլորի, նույնպես եւ լավ գիտեր ռուս գրականությունը եւ մանավանդ պոեզիան։ Ասում են՝ ջահել տարիներին ռուսերեն խոհական եւ սիրային բանաստեղծություններ է գրել։ Սիրային բանաստեղծությունները նա ձոնել է իր ապագա կնոջը, այդ շրջանում բոլորովին երիտասարդ եւ նույնպես բանաստեղծություններ գրող եւ նույնպես հին նախիջեւանցի Մարիետա Շահինյանին։
Յակոբ Սամսոնովիչը շատ գեղեցիկ տղամարդ էր, բոյով, թիկնեղ։ Նա եւս իր ընկերոջ՝ Իսահակյանի նման բեղ ու մորուք էր պահում եւ իր ընկերոջ նման էլ անտարբեր չէր գեղեցիկ սեռի նկատմամբ։ Լավ ձայն ուներ, ազատ երգում էր հին հայկական երգերից մինչեւ ռուսական սիրային ռոմանսներ։ Սիրում էր ընկերական քեֆեր, ուրախ հավաքներ։ Նրա բնակարանը Մոսկվայում՝ Գորկու փողոցի վրա, 1940-ական թթ. սկզբներից մոսկովահայ ինտելիգենցիայի՝ Կարո Հալաբյան, Սուրեն Քոչարյան, Պավել Լիսիցյան, Ռուբեն Սիմոնով, Մելիք-Փաշայան, Աշոտ Արզումանյան, յուրովի հավաքատեղի էր։
Յակոբ Սամսոնովիչը տաղանդավոր թարգմանիչ էր՝ հայերենից ռուսերեն։ Քանի որ երկու լեզուն էլ հիանալի գիտեր, այս գործում իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում։ Իսահակյանը միշտ նախընտրում էր, որ իր արձակ գործերը ռուսերեն թարգմանի Յակոբ Սամսոնովիչը։ Մտածում էր, որ երբ մի օր ինքը լրիվ ավարտի իր «կյանքի վեպը»՝ «Ուստա Կարոն», Խաչատրյանցն այն թարգմանի ռուսերեն. «Միայն դու կարող ես այդ գործն իրականացնել, քանզի գիտես, թե ես ի՜նչ եմ ուզեցել ասել իմ վեպով»։
Յակոբ Սամսոնովիչը եղել է Մարիետա Շահինյանի առաջին եւ վերջին ամուսինը։ Նա, բառիս բուն իմաստով, պաշտում էր կնոջը, բայց դա չէր խանգարում, որ նաեւ մի ինչ-որ իրոնիկ մոտեցում ունենար իր մեծանուն տիկնոջ հանդեպ։ Ի տարբերություն Մարիետա Սերգեեւնայի, որը նույնպես Հին Նախիջեւանից Ռուսաստան՝ Դոնի Ռոստով փոխադրվեց, հին եւ հայտնի հայկական տոհմի զավակ էր, եւ ի սկզբանե չէր ընդունում եւ չէր սիրում բոլշեւիկներին։ Խորհրդային կարգերը համարում էր Աստծո պատիժ Ռուսիոյի գլխին. «Դու միայն սրանց սփաթներին նայիր, Ավետիք, բոլորը ջհուդ են, մեկի հայրը վրացի, բայց իրականում հայի զավակ է, ու մեկն էլ նրա կողքին իբր հայ է»։ Եթե այս խոսքերը արտաբերելիս Մարիետա Սերգեեւնան լիներ սենյակում, նա վայրկենապես կչքանար տնից։ Յակոբ Սամսոնովիչի նման դիրքորոշումը Իսահակյանին խանդավառում էր. «Ախր, կարգին մարդն ինչպես կարող է սրանց սիրել»։ Այդ մասին նրանք խոսում էին մեծ մասամբ Երեւանում՝ Իսահակյանի առանձնատանը, ինչպես եւ Կիսլովոդսկում, ուր նրանք հաճախ էին հանգստանում 50-ական թթ. կեսերին՝ հուլիս-օգոստոս ամիսներին։ Պահպանվել է մի հրաշալի լուսանկար՝ Կիսլովոդսկի նշանավոր պարկում բարձր չինարիների տակ իրար կողքի նստած են Ավետիք Իսահակյանն ու Յակոբ Սամսոնովիչը։ Անգամ որոշակի նմանություն կա նրանց միջեւ՝ փոքրիկ, սուր մորուքը, բեղերը, երկուսի ձեռքին էլ անբաժան ձեռնափայտերը։ Պարկը հանգստացողների սիրելի հավաքատեղին էր, ուր ամեն երեկո նրանք հանդիպում էին, երկար զրուցում եւ զբոսնում ճոխ բուսականությամբ աչքի զարնող զբոսուղիներով։
Պապիկս ինձ հաճախ էր հետը վերցնում, եւ ես մի քանի քայլ առաջ կամ ետ էի ընկնում հին ընկերներից, նույնպես իմ գիտեցած ձեւով մասնակցում էի այդ զբոսանքներին, հետո, ավելի ուշ, մոտենում էինք Լերմոնտովի հիշատակին կանգնեցրած հուշաղբյուրին, որտեղ մեզ միանում էր Սոֆյա տատիկս իր Փառանձեմ քրոջ եւ մայրիկիս հետ։ Դա 1951-1954 թթ. էին։ Պետք է նաեւ ասել, որ Վարպետը շատ էր հավանում Յակոբ Սամսոնովիչի՝ իր գործերի, մանավանդ «Լիլիթի» եւ «Ուստա Կարո» վեպի մի շարք հատվածների թարգմանությունները։ Բացի դրանից, նա Յակոբ Խաչատրյանցին համարում էր «Հայկական ժողովրդական հեքիաթների» անմրցելի թարգմանիչ, գրաբարից գրականի փոխադրող եւ ժողովածուների կազմող։ Մոսկվայի նշանավոր «Academia» հրատարակչությունը երկու անգամ հրատարակել է այդ ժողովածուն Յակոբ Խաչատրյանցի թարգմանություններով եւ Մարտիրոս Սարյանի փառահեղ նկարազարդումներով։ Իսահակյանը հիացած էր Յակոբ Սամսոնովիչի արածով. «Դա քո մեծ հայրենասիրական ավանդն է, ժողովուրդները ճանաչվում են մյուս ժողովուրդների կողմից առաջին հերթին հեքիաթների, լեգենդների, ավանդությունների միջոցով։ Դու նաեւ հիանալի ընտրություն ես կատարել մեր հարյուրավոր հեքիաթների գանձարանից»։
Իսահակյանը եւ Յակոբ Խաչատրյանցը անձամբ ծանոթացել են Երեւանում, 1937 թվի ամռանը։ Յակոբ Սամսոնովիչը սովորություն ուներ ամեն աշուն գալ Երեւան։ Նա Երեւանում երկու քույր ուներ եւ սովորաբար կանգ էր առնում նրանց տանը։ Վարպետին Յակոբ Սամսոնովիչի հետ ծանոթացրել էր Մարտիրոս Սարյանը, որը երիտասարդ տարիներից Նախիջեւան քաղաքից մտերիմ էր եւ՛ Յակոբ Սամսոնովիչին, եւ՛ Մարիետա Շահինյանին։ Իսահակյանը շատ շուտ է ընկերանում Յակոբ Սամսոնովիչի հետ, նրանք շատ ընդհանուր գծեր ունեին՝ կյանքի սիրահար, վառ անհատականություններ, եւ կարծես իրար նման էին եւ հագուկապով՝ կոստյում, փողկապ, դուրս գալիս մշտապես շլյապայով եւ փայտե գավազանով։ Նրանց մտերմացնում էր նաեւ սերը հանդեպ հայրենի բանահյուսությունը եւ պոեզիան։
Այն, որ Իսահակյանը, ինչպես եւ ընդունված է ասել, դեռ մայրական կաթի հետ յուրացրել էր հայերենը, հայերենի իմացողության ֆենոմեն էր, բայց ահա որտեղից հայերեն այդպես լավ գիտեր ռուսական հողի վրա, ռուսական միջավայրում ծնված, մեծացած Յակոբ Սամսոնովիչը։ Դա եւս ֆենոմենալ երեւույթ էր։ Երանի մեծանուն գրող Մարիետա Շահինյանը հայերեն իմանար Յակոբ Սամսոնովիչի իմացածի կեսի չափով։ Յակոբ Սամսոնովիչը նաեւ դարդիման՝ անկեղծ ու նվիրված ընկեր էր։ Այսպիսով Իսահակյանին՝ Սարյանի, Դեմիրճյանի, Գարեգին Լեւոնյանի, Գեւորգ Զ. Չորեքչյանի կողքին մի մոտիկ ընկեր էլ կյանքը պարգեւեց։
Խորհրդային Հայաստանում հաստատվելուց հետո գրեթե ամեն տարի Վարպետն ու Յակոբ Սամսոնովիչը հանդիպում էին։ Միասին էին Երեւանում նաեւ «Սասունցի Դավիթ» էպոսի տոնակատարության օրերին։ Եթե նրա անվանի կինը շատ հմտորեն լեզու էր գտել սովետական վարչակարգի հետ, ապա Յակոբ Խաչատրյանցն այդպես էլ մնաց անսասան, երբեք քաղաքականությանը չխառնվեց։ Նա մեկընդմիշտ ուներ իր կարծիքը բոլշեւիկների հանդեպ՝ «բարբարոսներ», ինչը Իսահակյանի սրտով էր։ Բացի այդ նա հայ մարդ էր ուղն ու ծուծով՝ կնասեր, համարձակ, մեծ հումորի տեր։
Իսահակյանը 1939-1948 թթ. նամակագրություն է ունեցել Յակոբ Սամսոնովիչի հետ։ Նրան գրած առաջին նամակից (1939 թ. փետրվարի 3) իմանում ենք. «Ուրախ եմ նույնպես, որ «Гослитиздат»-ը նրան (Մարիետա Շահինյանին) է հանձնել թարգմանելու «Մհերս»։ Կարծում եմ, որ Մարիետան, իբրեւ մեծ էրուդիցիայի տեր, խելոք, նուրբ եւ խորունկ՝ պիտի հասկանա իմ կոնցեպցիան եւ կարողանա հնարավոր չափով ադեկվատ հասցնել ռուս հասարակությանը։ Հավատացած եմ դրան, եւ խնդրում եմ, որ գործին սրտով կպչի։ Ուղարկում եմ ահա «Մհերը» եւ այս բառացուցակը»։ Զուր էր Վարպետն ուրախացել, համենայնդեպս, Մարիետան գործին ոչ «սրտով կպավ», ոչ էլ գրչով։ Եվ հայ գրականությանն ու իր ժողովրդին օգտակար լինելու ռեալ հնարավորությունը ձեռքից բաց թողեց։ Արդյունքում «Սասմա Մհեր» պոեմը թարգմանեց ռուս բանաստեղծ Կոնստանտին Լիպսկերովը, որն առանձին գրքով հրատարակվեց Մոսկվայում, 1939 թ.։ Հիշյալ նամակում Վարպետը գրում էր. «Ես էլ քեզ շա՜տ կարոտել եմ, եւ ինչպես կուզեի մի երկու շաբաթ միասին անցկացնեինք, քեֆ անեինք… Գուցե դու քեզ ձգես Երեւան, որին շատ կարոտցած կլինես, գիտեմ։ Գարնանը՝ «Սասունցի Դավթի» հանդեսներին արի» (Հ. 14 334)։
Հենց այս նամակներից էլ երեւում է, որ Յակոբ Սամսոնովիչը դարդիման ընկեր էր Իսահակյանին, բարձր տրամադրություն բերող։ Բանաստեղծը գրում էր. «Քույրդ ինձ ասաց, որ մարտին-ապրիլին ուզում ես գալ Երեւան, չեմ հավատում, բայց քաղցր է հուսալ եւ սպասել։ Ուրիշ ի՜նչ գրեմ, կանք, էլի՜, որ գաս՝ մի փոքր աշխուժություն կբերես մեր թմրած կյանքին. մի երկու լավ քեֆ անենք (1940, մարտի 7)»։ Ամեն մարդու նման ջերմ տողեր չէր ուղղի Իսահակյանը։ Յակոբը, իսկապես, տեղ ուներ նրա սրտում։ Հաջորդ նամակը գրված է արդեն Մեծ հայրենականի օրերին (1942 թ., դեկտեմբերի 10):
Հարկ է ասել, որ եթե Ա. Բլոկը, Վ. Բրյուսովը, Ա. Ախմատովան, Բ. Պաստեռնակը, Վ. Զվյագինցեւան եղել են Իսահակյանի կենդանության օրոք նրա պոեզիայի գերազանց թարգմանիչները, ապա Վարպետի արձակը բոլորից հաջող ռուսերեն թարգմանել է Յակոբ Խաչատրյանցը։ Եվ հենց պատերազմի թեժ օրերին (1942 թ.) Մոսկվայում հրատարակվող «Октябрь» ամսագրում տպագրվում են Իսահակյանի ստեղծագործությունները Յ. Ս. Խաչատրյանցի թարգմանությամբ։ Այդ մասին Վարպետը գրում է. «Սրտագին շնորհակալություն, որ ուզում եմ հայտնել քեզ «Октябрь» ամսագրի մեջ քո թարգմանությամբ լույս տեսած իմ երեք պատմվածքների համար… Քո հաջող, որակավոր թարգմանությանց համար»։ Այնուհետեւ Վարպետը կրկին կարոտով հիշում է միասին անցկացրած օրերը. «Ե՞րբ պիտի նորից հանդիպենք իրար, ե՞րբ պիտի վերադառնան խաղաղության այն չքնաղ օրերը, նորից գանք սիրելի Մոսկվա, ուրախանանք, ուտենք-խմենք, գրքեր գնենք, – ափսո՜ս, ափսո՜ս ժամանակներ» (Հ. 14, 360)։ Պատերազմի ծանր օրերին գրած այս նամակը կարծես բացում է Իսահակյանի հոգին, ոչինչ մարդկային նրան օտար չէ։ Վարպետը 67 տարեկան է, Յակոբ Սամսոնովիչը՝ 58, հիանալի հասակ՝ կյանքը վայելելու եւ քեֆ անելու, հիշելու նախապատերազմական Մոսկվան իր բոլոր գեղեցկություններով, ինչի մեծ գնահատողներն էին եւ՛ Վարպետը, եւ՛ Յակոբ Սամսոնովիչը։
Հայտնի է, որ Իսահակյանը պատերազմի տարիներին մի քանի ամառ է անցկացրել Թալինի շրջանի սասունցիների հիմնած Իրինդ գյուղում։ Ահա Իսահակյանը պատմում է ընկերոջը այդ օրերի մասին. «Հիմա իմ այստեղ լինելուս մասին, այս շրջանն ունի 19 գյուղ սասունցիներով բնակված, մոտ 10-12000 մարդահամարով։ Ես նրանց հյուրն եմ, մի ամիս է այստեղ եմ, եւ նորից մի 15 օր էլ ապրելու եմ։ Նրանցից պատգամավոր եկան եւ հայտնեցին ժողովրդի ցանկությունը՝ հյուր լինել իրենց մոտ ընտանիքով. կինս չէր կարող գալ, ես եկա, հրաշալի պահում են, բառացի յուղ ու մեղրի մեջ եմ. ձիով շրջում եմ գյուղերը, Արագածի յայլաները, աղբյուրները… Ահա իսկական գնահատանք ժողովրդի կողմից։ Ես էլ պարապում եմ եւ թափառում։ 1943, օգոստոսի 16, Իրինդ, Թալինի շրջան» (Հ.14, 363-364)։
Իսկ 1947 թ. Երեւանում «Армгиз» հրատարակչությունում լույս է տեսնում «Ав. Исаакян, Избранная проза. Перевел с армянского Я. С.Хачатрянц» հատորը, որտեղ զետեղված էին ընտիր նմուշներ Վարպետի արձակ երկերից։ Ավելորդ է ասել, որ Յակոբ Սամսոնովիչի կատարածը թարգմանական արվեստի ընտիր նմուշներ են եւ ոչ մի ուրիշ թարգմանիչ այլեւս փորձ չարեց դրանք կրկին թարգմանել։ Հենց Յակոբ Սամսոնովիչի ջանքերով եւ թարգմանությամբ Մոսկվայում լույս տեսավ նաեւ «Армянские новеллы» երկհատոր ժողովածուն (հ. 1, 1945 թ., հ. 2, 1948 թ.), որտեղ զետեղված էին Ա. Իսահակյանի մի շարք արձակ ստեղծագործություններ։ Այս երկհատորյակն իր բնութի մեջ եւս եզակի էր։
Բանաստեղծը տեւական եւ բարի հարաբերություններ է ունեցել Յակոբ Սամսոնովիչի մեծանուն տիկնոջ՝ Մարիետա Շահինյանի հետ, որի անունը նա միշտ սիրով է տալիս Խաչատրյանցին ուղղված նամակներում։ 1946 թ. (15 նոյեմբերի) «Պրավդա» թերթում Մ. Շահինյանը տպագրում է «Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները» հոդվածը՝ նույն թվականին լույս տեսած նրա ռուսերեն ժողովածուի առնչությամբ։ Պատերազմից առաջ Յակոբ Սամսոնովիչը Մոսկվայում, Գորկու փողոցում, նշանավոր K 19 հեռագրատան դիմաց մեկսենյականոց առանձին բնակարան էր ստացել, որտեղ ինքը միայնակ ապրում էր։ Մեկ անգամ չէ, որ Մոսկվայում գտնվելու օրերին այնտեղ եղել է հայրս՝ Վիգեն Իսահակյանը։ Հայրս պատմում էր. «Մեկ անգամ Յակոբ Սամսոնովիչի ամուրիական բնակարանում հավաքված էր շատ խայտաբղետ եւ հետաքրքիր ընկերություն՝ բանաստեղծ Միխայիլ Սվետլովը կնոջ հետ, բանաստեղծ Ալեքսանդր Յաշինը, Լիդիա Սեյֆուլլինան, Սոֆյա Խիթարովան, Աշոտ Արզումանյանը, Յակոբ Սամսոնովիչի ընկերուհին՝ Անժելիկան։ Նախապատերազմական տարի էր, 1940 թիվ, եւ Յակոբ Սամսոնովիչը իր ժամանակի համար բավական ճոխ սեղան էր գցել։ Եվ քեֆը իր տարերքի մեջ էր, երբ հեռախոսի զանգ է գալիս։ Մարիետա Սերգեեւնան է, որ մտահոգված հարցնում է.
-Ինչպե՞ս ես, Յակոբ, հո սոված չե՞ս, բան ունե՞ս ուտելու։
-Հոգ մի քաշիր, Մարիետա, սիրելիս, «Շպրոտի» պահածո եմ բացել, սեւ հացով ուտում եմ, վրայից էլ թեյ խմելով,- պատասխանում է նա ընդհանուր ժպիտների ներքո։
Հետո դրեց հեռախոսը, ուղղվելով մեզ՝ «Ահա այսպիսին է լինում իսկական բարեկամությունը»…
Թեեւ նրանք՝ Մ. Շահինյանը եւ Յ. Խաչատրյանցը, մոտ քառասուն տարի ամուսնացած էին, բայց վաղուց ի վեր առանձին էին ապրում։ Մարիետայի տանը մեծանում էր նրանց միակ զավակը՝ Մերիէլը, ապագա նկարչուհի։ Այս յուրօրինակ ամուսնական զույգը ինչ-որ մի տեղ հանելուկ էր շատերի համար, բայց ոչ՝ Իսահակյանի։ Նա գիտեր, որ ո՛չ Յակոբը, ո՛չ Մարիետան չեն պատկերացնում իրենց կյանքը իրարից ջոկ-ջոկ, մի բան կար, որ իրենց անխզելիորեն կապում էր…
Լեգենդ չէ, այլ ճշմարտություն: 1955 թ. հոկտեմբերի 30-ին, Օպերայի դահլիճում Իսահակյանի 80-ամյակի հոբելյանական երեկոյին, Մարիետա Սերգեեւնան հենց բեմի վրա հարցնում է Իսահակյանին.
-Վարպե՛տ, ի՞նչն է ավելի ուժեղ՝ սե՞րը, թե՞բարեկամությունը։
Եվ Վարպետը պատասխանում է.
-Մարիետա ջա՛ն, դատելով քո եւ Յակոբի փոխհարաբերություններից, կարող եմ հաստատապես ասել՝ բարեկամությունն ավելի ուժեղ է…
2020 սեպտեմբեր
Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ