Որքան կարեւոր էր նախաքրիստոնեական շրջանի հայոց գրերից անցում կատարել դեպի քրիստոնեական շրջան եւ նոր գրերի արարումով իրականացնել քրիստոնեական քարոզչություն ու գրականություն ստեղծել, նույնքան կարեւոր էր ձեռագիր գրքերից անցում կատարել տպագրությանը` բազմապատկելու ձեռագրերով ստեղծված սակավաքանակ օրինակները եւ հեշտացնելու ընթերցանությունը։ Մաշտոցյան շրջանից մինչեւ Հակոբ Մեղապարտ առնվազն 10-11 դար պահանջվեց, որպեսզի հիմնվեր առաջին հայկական տպարանը։
Ինչպես գիտենք, Հակոբ Մեղապարտի հիմնած առաջին հայկական տպարանը սկսեց գործել 1512-13 թթ.` Վենետիկում։ Տպագրված գրքերից առաջինը «Ուրբաթագիրքն» էր, այնուհետեւ` «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար», «Տաղարան»… Տպագրական գործը կատարելագործելու համար անհրաժեշտ են տարբեր տառատեսակներ, որոնք օգնում են նաեւ ընթերցողական պրոցեսի հարմարությանը։ Հայկական նոր տպատառատեսակ ստեղծեց եւ Ճանիկ Արամյանը, որն այնուհետեւ կոչվեց ի պատիվ նրա` Արամյան։
Ճանիկ Արամյանը ծնվել է 1820 թ. ապրիլի 20-ին Իզմիթում` Մարմարա ծովի հյուսիսային ափին, քաղաք, որն ի սկզբանե պատկանում էր Հռոմեական կայսրությանը, այնուհետեւ` Բյուզանդական կայսրությանը, իսկ 1337-ին այն գրավեցին թուրքերը` ավերելով քաղաքի պարիսպներն ու կոտորելով ողջ հունական բնակչությանը, այնպես որ Իզմիթն արդեն թուրքական էր, երբ ծնվեց Արամյանը… Արամյաններն ունեւոր չէին, սակայն կրթության հարցը երբեւէ երկրորդական չի եղել հայկական ընտանիքում։ Փոքր հասակից Ճանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, սովորում արհեստներ, դերձակություն, գրաշարություն, զբաղվում ինքնակրթությամբ, ծանոթանում ֆրանսիացի դերձակների հետ, սովորում ֆրանսերեն եւ առավել կատարելագործվելու նպատակով 1846 թ. տեղափոխվում Փարիզ։ Որոշ ժամանակ դերձակությամբ զբաղվելուց հետո սկսում է լրջորեն հետաքրքրվել փորագրությամբ, վիմագրությամբ, աշակերտում հայտնի տպագրիչ Վալտերին։ Լինելով բանասեր ու բազմակողմանի հետաքրքրությունների տեր, զբաղվելով տարատեսակ արհեստներով, միտք ունենալով նաեւ հայերեն գրքեր հրատարակել` նրան զբաղեցնում է եւ տպարանի հարցը։ Հիմնելով տառաձուլարան, նրա խնդիրը դառնում է հայկական տպատառերի պարզեցումն ու բարելավումը, հնաշխարհիկ ձեւերի ընդօրինակումը եւ առավել եվրոպականին, մասնավորապես` լատինականին մոտեցնելը։ Անհրաժեշտ էր գրանշանների կանոնավոր ձեւը ուղղաձիգ դարձնել, հրաժարվել տառերի ծոցավորումներից, ինչը ոչ միայն կհեշտացներ շարվածքը, այլեւ տառերն առավել ընթեռնելի կդառնային։ Թեեւ որոշ տառերի` տ-s, ք-f, ր-r անընդունելի փոփոխությանը, ընդհանուր առմամբ` Արամյան տպատառատեսակը ծառայեց նպատակին եւ նոր հղացումների առիթ տվեց` հասնելով մինչեւ թվանշային դարաշրջան. դրա սկզբունքները կիրառվեցին նաեւ թվանշային այլ տառատեսակների մեջ։ Հարկ է նշել, որ ներկայիս թվանշային օրինակները մշակված են խորհրդային տարիներին տարածված Արամյան տառատեսակի հիման վրա։
1859 թ. Արամյանին հաջողվում է հիմնել սեփական տպարան, հրատարակել առնվազն 20 գիրք, այդ թվում՝ Ստեփան Ոսկանի «Արեւմուտքը», Գ. Այվազովսկու «Մասյաց աղավնին»։ Մինչեւ 1862 թ. տպագրական գործը հաջողությամբ էր ընթանում, սակայն ծառացած նյութական խնդիրների պատճառով Արամյանն ստիպված է լինում տեղափոխվել Մարսել. երկու տարվա ընթացքում այստեղ հրատարակում է ընդամենը մի քանի գիրք. այս անգամ էլ` 1864 թ., ստիպված վերադառնում է Կոստանդնուպոլիս։ Գործն սկսում է հաջողել, երբ 1865 թ. դառնում է «Արքունի տպարանի» տեսուչ։ Պոլսում եւս Արամյանը նոր տպարան է հիմնում։ Բազմաթիվ գրքերի շարքում հրատարակում է Եզնիկ Կողբացի, Գրիգոր Նարեկացի, Միքայել Նալբանդյան, զանազան պարբերականներ, դասագրքեր։ Եթե ամփոփելու լինենք, նոր տպատառատեսակով Արամյանը Փարիզում տպագրել է 36, Մարսելում` 4, Կ. Պոլսում` 283 գիրք։
Ճանիկ Արամյանը հայտնի է նաեւ իր հայագիտական գործունեությամբ, հեղինակել է մի շարք գրքեր, կազմել բազմալեզու բառարաններ, որպես գծանկարիչ` կատարել դասագրքերի նկարազարդումներ։ Նրա կազմած բառարաններից են` «Համառօտ բառգրքուկ հայերէն-տաճկերէն-գաղղիերէն» (1860), «Համառօտագոյն բառարան արդեան լեզուի» (1860) եռալեզվյան բառարանները, հեղինակել է ազգային խնդիրներին առնչվող գրքեր, ինչպես` «Վաւերագիրք-խնդիր ազգային եկամտի» (1864), «Ռուսիա եւ ընդհանուր ժողով հայոց ի Կոստանդնուպօլիս» (1866), «Զեյթունցիք ու լուսավորչական հայք» (1867) եւ այլն։ Նրա գրչին է պատկանում «Ընդունելութիւն ընծայի» (1856) երգիծական երկը։ Որպես հրապարակախոս Արամյանը 1864 թ. մասնակցել է «Պոլոժենիեի» շուրջ ծագած բանավեճին եւ պաշտպանել նրա կանոնադրությունը։
Բանասեր, տպագրիչ, վիմագիր, բառարանագիր, հրապարակախոս, արվեստագետ, տառաստեղծ, գրական ծածկանուններով` Կըռկըռիկյան, Թոռնակ, Հայասեր, Գաղղիացի, D. S. A. de N… մամուլում հայտնի Ճանիկ Արամյանը վախճանվել է Կոստանդնուպոլսում` 1879 թ. ապրիլի 16-ին։