Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ Սուսաննա Մկրտչյանի դեկորատիվ գեղանկարների ցուցահանդեսը: Լոռեցի արվեստասերներին ներկայացվեցին 86 ստեղծագործություններ՝ «Իմ հոգու տուն, Գյումրի» խորագրով: Աշխատակիցները, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Սիրանույշ Ղուկասյանը հանգամանորեն խոսեցին, ծանոթացրեցին նկարչուհուն՝ ներկայացնելով ստեղծագործական ուղին ու հաջողությունները:
Նշվեց անսահման սերը հարազատ Գյումրու ու նրա մարդկանց նկատմամբ, որ զգացվում է, առանց բացառության, բոլոր աշխատանքներում: Դրական ու լուսավոր աշխարհընկալումը ջերմ զգացումներ է առաջացնում, անկեղծությունն ու պարզությունը հիացնում են: Կարեւորվեց եւ այն, որ նկարչուհին ապրում եւ ապրեցնում է ոչ միայն իր արվեստով, այլեւ իր բազմաբեղուն գործունեությամբ: Նա ղեկավարն է գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի: Տպավորիչ էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեւադայի խոսքը. «Մենք արվեստում քույր ու եղբայր ենք: Մտեք գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղ ու զարմացեք»:
Օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
86 աշխատանք: Դրանք եւ նկարներ են, եւ քանդակներ: Երեւի ավելի ճիշտ կլինի ասել՝ կտավների վրա գունագեղ քանդակներ են: Անհնար է չնկատել՝ նկարչուհին ունի իր ուրույն, զարմանահրաշ ձեռագիրը: Տեսնում ես՝ հատկապես աղետալի երկրաշարժից հետո նա կարողացել է հին ու այսօրվա Գյումրու հոգեւոր կամուրջն ստեղծել, մեզ փոխանցել հանրապետության երկրորդ «մայր» քաղաքի կոլորիտը, համուհոտը, մթնոլորտն ու, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանի խոսքով ասած, գյումրեցոնց «լոպազությունը»: Ս. Մկրտչյանը խոստովանեց. «Երբ մի տեղ ցուցահանդես եմ բացում, չեմ կարող մոռանալ իմ հարազատ Վանաձորը, որ հիշեցնում է իմ մանկությունը»: Այո, մայրաքաղաք Երեւանում կազմակերպած ցուցահանդեսից հետո նա շտապել է իր արվեստը, իր հոգու տուն Գյումրին ներկայացնել նաեւ արվեստասեր լոռեցիներին: Լոռեցիները այն հնարավորություն ունեն վայելելու մինչեւ մայիսի 15-ը:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի