Սովորաբար, գերդաստանների պատմությունն սկսվում է ծնողներից: Էլիբեկյանների պարագայում ամեն ինչ եղել է ճիշտ հակառակը՝ նախ նկարիչ են դարձել Վաղարշակ Էլիբեկյանի որդիները՝ Ռոբերտն ու Հենրին, այնուհետ՝ նրանց հայրը: Ի դեպ, կրտսերը Ռոբերտն է, նա, որպես նկարիչ, նախորդել է ոչ միայն հորը, այլեւ ավագ եղբորը: Իսկ տաղանդավոր զավակների հայրը նրանց էր միանալու կենսաթոշակի անցնելուց հետո միայն: Զարմանալի է, չէ՞…
Բայց ամենազարմանալին հենց իր՝ ժողովրդական նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի՝ 64 տարեկանում առաջին անգամ ձեռքը վրձին առնելն ու իր մեջ քնած տաղանդն արթնացնելն է: Իսկ մինչ այդ…
Վրաց մայրաքաղաքում ծնված ապագա արվեստագետը, որ իր ձեռագիրն էր թողնելու հայ գեղանկարչության պատմության մեջ, ավարտել է Թիֆլիսի «Հայարտուն» մշակութային կենտրոնի նկարչական ստուդիան: Թվում է, թե հենց երիտասարդական տարիքից պիտի սկսեր զբաղվել նախընտրած արվեստով: Սակայն ճակատագիրն այլ ճանապարհ էր նախանշել. 26 տարեկանում նշանակվում է Թիֆլիսի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն: Նրան թվում էր, որ այդ աշխատանքին զուգահեռ կզբաղվի նաեւ նկարչությամբ, բայց տնօրենի ծանրաբեռնված աշխատանքը դրա հնարավորությունը չի տալիս: Որոշ ժամանակ անց տեղափոխվում եւ նույն պաշտոնն է ստանձնում Ստեփան Շահումյանի անվան դրամատիկական թատրոնում՝ միաժամանակ լինելով թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահը եւ բեմադրող-նկարիչը: Այդ տարիներին Վաղարշակ Էլիբեկյանը ձեւավորում է երկու տասնյակից ավելի ներկայացումներ: Յուրաքանչյուր ներկայացման պրեմիերայից հետո քննադատները պնդում են, որ իր կոչումը նկարչությունն է. ներկայացումների բարձրակարգ ձեւավորումները դա էին հաստատում: Բայց հորդորներն անարդյունք էին մնալու այնքան ժամանակ, քանի դեռ չէր անցել կենսաթոշակի, եւ չէր արթնացել քնած մուսան: Իսկ դրան մղողը ոչ այլ ոք, քան… պարապությունն էր լինելու. ի՞նչ անել այդ ձանձրույթը թոթափելու համար: Եվ ձեռք է բերում նկարչական պարագաներ: Տղաներն արդեն Երեւանում էին եւ գտել էին իրենց կոչումը՝ նկարիչներ էին, մինչդեռ հայրը նոր էր սկսում: Ստեղծագործական թեման Թիֆլիսն էր: Եվ ծնվում են առաջին կտավները՝ «Թատերական Թբիլիսի», «Հավլաբարի հրապարակը», այլ գործեր: Թատրոններում մի ամբողջ կյանք անցկացրած գեղանկարիչը կտավներն օգտագործելու էր իբրեւ բեմադրավայր, թիֆլիսյան կյանքը ներկայացնելու էր ասես բեմականացված, հին քաղաքի մթնոլորտը արտահայտելու շարժուձեւերի, կեցվածքի, դիմախաղերի մեջ: Այդ բազմասյուժե «բեմականացման» գունայնության միջավայրում կերպավորվելու էր առօրյան՝ քաղաքի մարդկանց՝ կինտոների ու դուքանչիների, զուռնաչիների ու հարսանքավորների մասնակցությամբ: Վրձնելու եւ գալիք սերունդներին էր հանձնելու նաեւ Անդրկովկասի մշակութային կենտրոն համարվող հին Թիֆլիսի ճարտարապետական նկարագիրը՝ նեղ ու ծուռ փողոցների, կղմինդրե շենքերի զարդանախշ պատերի, ճաղաշար պատշգամբների, զիգզագաձեւ քիվերի ու աստիճանավանդակների պատկերներով: «Հին Թիֆլիսին նվիրված նկարների շարքը ես ստեղծել եմ մեծ բավականությամբ եւ սիրով, որոնք արտահայտում են հիացմունք եւ անսպառ սեր դեպի Թբիլիսին՝ իմ մանկության քաղաքը»,- գրելու էր իր Թիֆլիսն ստեղծած վաստակաշատ գեղանկարիչը, որ արարել է այդ քաղաքի մասին իր հիշողությունների բարի, աշխույժ մի ամբողջ աշխարհ:
Զարմանալի շռայլությամբ է ստեղծագործել Վաղարշակ Էլիբեկյանը՝ չորս տարում 150-ի հասնող կտավ: Եվ չնայած այն իրողությանը, որ քաղաքը վրացական է, բայց կտավներում միջավայրն ու կերպավորումներն այնքան են հայաշունչ ու հոգեհարազատ, որ ակամայից մտածում ես, թե վրաց ողջ մայրաքաղաքն է հայկական կերպարի մեջ:
Մեկ այլ ականավոր թիֆլիսահայ՝ Աղասի Այվազյանը, որ հիացած էր իր համաքաղաքացու արվեստով, չի թաքցրել իր սքանչացումը. «Հին Թիֆլիսը Էլիբեկյանի համար Լեոնարդոյի Ջոկոնդան էր, Վան Գոգի արեւն ու Այվազովսկու ծովը…»: Ռուբեն Զարյան արվեստաբանն էլ իր խոսքն էր ասելու. «Էլիբեկյանի նկարները հիշողություններ են: Դրանցում հաստատվում են քաղաքի կենսասիրությունն ու կենսուրախությունը, միայն իրեն բնորոշ տոնականությունը»:
Հայ կերպարվեստում իր անունն հաստատած նկարիչը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երեւանում, Թբիլիսիում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, այլ քաղաքներում, վաստակել Վրաստանի, Հայաստանի ժողովրդական նկարչի կոչումներ: Նրա ստեղծագործություններն իրենց պատվավոր տեղն են գտել Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, Հայաստանի, Վրաստանի ազգային պատկերասրահներում, Մոսկվայի, Բաքվի պատկերասրահներում, արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում:
…Էլիբեկյաններ՝ զարմանալի գերդաստան. նկարչի տաղանդավոր զավակները՝ Հենրին եւ Ռոբերտը, նաեւ նրանց շառավիղները գալու էին նոր երանգներով հարստացնելու մեր գեղանկարչական արվեստը, նոր հնչեղություն տալու հայրական իրենց ազգանվանը…