«Գիտության եւ մշակույթի պատմության մեջ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գործունեությունը, որպես Էրմիտաժի տնօրեն, կմնա հավերժ»:
Ա. Վ. Կոլցով
Ծաղկաձորում է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը՝ մի սրբազան վայր, որը հայերին պետք է հիշեցնի, թե ինչ արժանավոր զավակներ է ունեցել: Այդ թանգարանը սրբորեն ու հատուկ խանդաղատանքով երկար տարիներ պահապան հրեշտակների նման հսկում են Մարինե Բունիաթյանը եւ Գերասիմ Մկրտչյանը, որոնք մեծ ավանդ ունեն թանգարանը հարստացնելու եւ նրա շուրջ գիտական մթնոլորտ ստեղծելու գործում:
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը եւ հայ հին ու միջնադարյան գրականության ամբիոնը մի քանի միջոցառումներ են կազմակերպել Օրբելի եղբայրների թանգարանի հետ: Վերջինը 2019-ին էր եւ նվիրված էր «Սասունցի Դավիթ» վիպերգի համահավաք բնագրի հրատարակման 80-ամյա հոբելյանին: Տուն-թանգարանում կազմակերպված հանրապետական գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ոչ միայն բանասիրական ֆակուլտետի դասախոսները, ուսանողները, այլեւ մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը եւ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր Անուշավան Զաքարյանը: Այս միջոցառումը որպես ֆիլմ ցուցադրվեց հեռուստատեսությամբ՝ «Հաջողության բանաձեւ» ֆիլմաշարի ձեւաչափով:
Մ. Բունիաթյանի եւ Գ. Մկրտչյանի ջանքերով մի քանի տասնամյակ հրատարակվել են Օրբելիների կյանքն ու գործը ներկայացնող բազում գրքեր: Եվ ահա բոլորովին վերջերս լույս է տեսել մի հրաշալի գիրք՝ «Էրմիտաժի սխրանքը» խորագրով: Գրքի հեղինակներն են Ս. Պ. Վարշավսկին, Յու. Ի. Ռեստը: Գիրքը վերահրատարակություն է, սակայն նորությունն այն է, որ ռուսերեն բնագրի հետ դրված է հայերեն թարգմանությունը (թարգմանիչ՝ Էդվարդ Մանուկյան):
Գիրքը երկլեզու է եւ շքեղորեն հարստացված է Էրմիտաժի գանձերն ու շրջափակման օրերը ներկայացնող նկարներով: Նախատեսված է հայերեն թարգմանությամբ նորացված գրքի շնորհանդեսը կատարել 2022-ի հունիսի կեսերին՝ Մոսկվայի նշանավոր Պուշկինյան թանգարանում, որին մասնակցելու են գրքի հայերեն թարգմանության մտահղացողներ ու իրականացնողներ Մարինե Բունիաթյանն ու Գերասիմ Մկրտչյանը:
«Էրմիտաժի սխրանքը» վավերագրական գրքի կենտրոնական դեմքը ակադեմիկոս Օրբելին է՝ մեծ հնագետը, պատմաբանը, բանասերը, գիտական գործի կազմակերպիչը, Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահը:
Հիմա, երբ մեր երկիրը դժվար ժամանակներ է ապրում, «Էրմիտաժի սխրանքը» գիրքը խիստ արդիական է, հայրենիքին ու նրա արժեքներին անմնացորդ նվիրված իրական հերոսների կերպարներով, որոնց կենտրոնական դեմքերից են Հովսեփ Օրբելին՝ Էրմիտաժի երկարամյա տնօրենը, եւ նշանավոր ուրարտագետ, Կարմիր բլուրը հմուտ պեղող եւ դրա գանձերը աշխարհին ներկայացնող, հայ ժողովրդի մեծ բարեկամ Բորիս Պիոտրովսկին:
Հուզիչ է կարդալ, թե ինչպես Էրմիտաժի բոլոր աշխատողները՝ տնօրենից մինչեւ պահակներ, բանվորներ, հսկիչներ, թանգարանին նվիրված են եղել այնպես անմնացորդ, ինչպես զգայուն ծնողները նվիրվում են իրենց զավակներին: Հովսեփ Օրբելին, զգալով, որ կարող է Համաշխարհային երկրորդ պատերազմը մտնել նաեւ Խորհրդային Միություն, նախապես հսկայական աշխատանք է կատարել, որպեսզի վտանգի դեպքում արագորեն կազմակերպի Էրմիտաժի գանձերի տարհանումը:
Երկար էջերով նկարագրվում է, թե ինչ հերոսական ջանքերով Էրմիտաժի աշխատակիցները արվեստի գլուխգործոցները փաթեթավորում են, դնում հսկա արկղերի մեջ, տեղափոխում բեռնատար գնացքների վագոններ եւ հենց պատերազմի առաջին շաբաթը տեղափոխում Սվերդլովսկ: Իհարկե ուղարկվում են առաջին հերթին համաշխարհային արվեստի գերգերազանց գլուխգործոցները: Վերածննդի մեծ վարպետների կտավները հանվում են շրջանակներից, փաթաթվում հատուկ գլանների վրա, այնքան ուշադիր, ինչպես փաթաթում են նորածին երեխային: Այդ տագնապներով լի աշխատանքն այնքան տպավորիչ է նկարագրված գրքում, որ ընթերցողը համակվում է նույն տագնապներով, միաժամանակ հիանում Էրմիտաժի աշխատակիցների 24-ժամյա աշխատանքային օրերի նկարագրությանը ծանոթանալով:
Տարհանվող նկարների մեջ էր Ռեմբրանտի «Անառակ որդու վերադարձը» կտավը, որը հսկայական չափեր ուներ (262 սմ բարձրություն եւ 205 սմ լայնություն): Այն Սվերդլովսկ է ուղարկվում շրջանակով: Պարզվում է, որ Էրմիտաժի գանձերը տարհանվել են նաեւ 1812 թ. Հայրենական պատերազմի ժամանակ, սակայն այն ժամանակ թանգարանի գանձերը չունեին այնքան հսկա քանակ, որքան կար 1941 թ. հունիսի 22-ին: Այդ ժամանակ միայն դրամագիտական բաժնի հարստությունը, առանց կրկնօրինակների, հաշվվում էր երեք հարյուր հազար մետաղադրամ: Հետաքրքիր է, որ Պետրոս Առաջինի մոմե արձանը մերկացրել են, ապա մոմե մարմինը բաժանել մասերի ու այդպես տեղադրել արկղերում:
Երբ Էրմիտաժի գանձերի առաջին խմբաքանակով բեռնված գնացքը ճանապարհում են, բոլորը տեսնում են հետեւյալ հուզիչ տեսարանը. «Վերջինը, ում տեսան մեկնող էրմիտաժցիները, իրենց տնօրենն էր: Բաց գլխով նա կանգնած էր հարթակի վերջում՝ լուսավորության սյան մոտ ու լաց էր լինում»: Օրբելին գիտեր, որ Հիտլերը հատուկ հրաման էր տվել ոչնչացնել ողջ Լենինգրադը: Նա իր գերմարդկային ուժերով, փաստորեն, հաղթում էր թշնամուն, հաղթում էին նաեւ Էրմիտաժի բոլոր աշխատակիցները: Չնայած Լենինգրադի շրջափակումը տեւեց 900 օր, սակայն առաջին երկու շաբաթում երկու խմբաքանակի գլուխգործոցներ արդեն ուղարկվել էին Սվերդլովսկ: Տարհանված գանձերն ուղեկցող գիտաշխատողները չգիտեին, թե ուր են գնում. ամեն ինչ խիստ գաղտնի էր:
Գրքում ճնշող նկարագրեր կան Լենինգրադի շրջափակման ժամանակ բազմահազար կանանց, տղամարդկանց, երեխաների կրած տառապանքների մասին: Մարդկանց թաղում էին առանց դագաղների, ընդհանուր գերեզմաններում: Սովի, մթության, ցրտի պայմաններում Օրբելին կազմակերպում է երկու հոբելյաններ՝ պարսիկ բանաստեղծ Նիզամու եւ ուզբեկ բանաստեղծ Նավոյու: Շրջափակման տարիներին մահը տանում է Էրմիտաժի շատ աշխատողների, որոնք մեռնում էին հենց թանգարանում՝ սովից ու ցրտից, հաճախ գրիչը ձեռքին, մոմի լույսի տակ գրելիս: 1942 թ. մարտին Օրբելին Էրմիտաժի տնօրինությունը ժամանակավորապես հանձնում է հեղինակավոր արվեստագետ Դոբրոկլոնսկուն, ով թանգարանի գլխավոր ֆոնդապահն էր, եւ Պիոտրովսկու հետ մեկնում է Երեւան:
Շրջափակման ավարտից հետո Օրբելին շատ արագ վերադառնում է Լենինգրադ: Գերմարդկային ջանքերով, պետական հզոր աջակցությամբ շատ կարճ ժամանակում վերանորոգվում են Էրմիտաժի շենքերը, եւ գանձերը վերստին դրվում են թանգարանի իրենց տեղերում. «1945 թ. նոյեմբերի 4-ին՝ կիրակի առավոտյան, Էրմիտաժի վաթսունինը դահլիճներն այնպիսի տեսք ունեին, ինչպես որ եղել էին 1941 թ. հունիսի 22-ին՝ կիրակի առավոտյան»:
1945-ի նոյեմբերին Գերմանիայի Նյուրենբերգ քաղաքում սկսվեց դատավարություն, որը տեւեց մոտ մեկ տարի: Օրբելին այդ դատավարության ժամանակ հանդես եկավ որպես մեղադրող կողմի վկա. «Օրբելին հայացքը թեքեց մեղադրյալների կողմը, մի պահ կանգ առավ Գերինգի վրա. այդ Գերինգն է ստորագրել Լենինգրադի լիակատար ոչնչացման պլանը»:
Փայլուն տրամաբանությամբ ու անառարկելի փաստերով Օրբելին ապացուցեց, որ մարդկային բանականության մթագնելու դեպքում արթնանում է հրեշը: Ահա նրա խոսքից մի հատված. «Ես երբեք հրետանավոր չեմ եղել: Բայց ելնելով այն բանից, որ Էրմիտաժի վրա ընկել է 30 արկ, իսկ նրա կողքին գտնվող կամրջին՝ ընդամենը մեկը, ես կարող եմ համոզված դատել, թե ուր էին նշան բռնում ֆաշիստները: Այդ սահմաններում ես հրետանավոր եմ»:
Այս գիրքը մշտական զգուշացում է մարդկությանը՝ չոչնչացնել դարերի ընթացքում ստեղծված համամարդկային արժեք դարձած հոգեւոր արժեքները՝ անկախ այն փաստից, թե որ ազգն է այն ստեղծել: Այս գրքից բխող զգուշացումը վերժամանակյա է, իսկ Հովսեփ Օրբելու կերպարը ուղեցույց պետք է լինի ամեն նոր եկող սերնդի եւ հատկապես հայերի համար:
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ